Выбрать главу

–Գնամ փայտ ավելացնեմ կրակին:

–Լավ:

Տեղիցս ելա ու դեպի խարույկը քայլեցի: Վերադառնալով`տեսա, որ նա մեկնվել է ավազներին ու փակել աչքերը:

–Քնած եք?

–Չէ, արի ինձ մոտ, չմրսես:

Ես պառկեցի նրա վրա ու սկսեցի մարմնի բույրը կլանել: Պարոնը հենց այն կազմվածքն ունի, որը ես ցանկալի եմ համարում, բայց նրան իրական ֆիզիկական գրավչություն տվողը կարողությունն է կնոջ մեջ հիացմունքի, պաշտամունքի ու երկրպագության զգացում արթնացնել: Մնացած տղամարդկանց ես նայում եմ որպես հավասարի, իսկ նա ինձ այնքան բարձր է թվում, այնքան անհասանելի: Ինձ հաճույք է պատճառում զգալը, որ նա իմ ոտքերի տակ չէ: Իմ սիրտը շատ արագ է բաբախում.նա առաջին տղամարդն է, ում թույլ եմ տվել ինձ մոտ լինել:

–Դուք, իրոք, այսքան անուշ բույր ունեք, թե ես եմ Ձեզ այսքան շատ սիրում?

–Երկրորդը,-ժպտաց նա`գլուխս շոյելով:

Պարոնի ափերը սահում են մեջքիս վրայով ու արձակում ներքնազգեստիս թելերը: Ես կյանքում առաջին անգամ սիրված եմ զգում նրա կողմից, առաջին անգամ նա ինձ ոչ թե որպես երեխայի, այլ գեղեցիկ կնոջ է նայում: Առաջ, երբ գրկում էր ինձ, ամբողջ մարմնով մխրճվում էի տաք ձեռքերի մեջ ու քիթս անուշահոտ բլուզի մեջ սուզում: Հետո աստիճանաբար վերև էի բարձրանում ու շուրթերով ներծծում վզի ու այտերի տաքությունը: Ես սիրում էի մարմնիս բոլոր կետերով նրա մարմնին սեղմվել ու զգալ երակներումս մի տարօրինակ ցնցում, որի անունը մարդիկ կիրք են դրել: Իսկ այժմ ես ոչ թե գրկել, այլ գրկվել եմ, ու շուրթերս ոչ թե որոնում են, այլ կյանքում առաջին անգամ սկսել են որոնվել…

–Գիտեք, ես դեռ երազում եմ առաջին համբույրս Ձեզ նվիրել…ճիշտ է`Դուք ինձ առավոտյան արհեստական շնչառություն տվեցիք, բայց դա հաշվի մեջ չի: Ես համբույր եմ կոչում միայն շուրթերի այն հպումը, որի մեջ սեր կա, իսկ առավոտվա պատահածն անհրաժեշտություն էր ընդամենը…

Իմ հագին արդեն ոչինչ չկա, լրիվ մերկ եմ, իսկ Պարոնը միայն սպիտակ շալվարով է: Նա ինձ այնքան հմայիչ է երևում: Ես համբուրեցի նրան ու փակեցի աչքերս`ասես փորձելով թաքցնել անկրկնելի պահը կոպերիս ներսում: Հոգիս թիթեռնիկներով է լցված, որոնք հաճույք են արտադրում երակներումս: Չեմ ուզում հեքիաթը, որում փոխադարձ սեր եմ զգում, ավարտվի: Եթե անգամ Պարոնն ինձ ամուսնության առաջարկ աներ, ես այն չէի ընդունի, բայց միթե դա նշանակում է, որ բավարար չեմ սիրում? Ոչ մի տղամարդ երբեք իմ մեջ ցանկություն չի առաջացրել իր հետ ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, ու ավելի քան համոզված եմ, որ պատճառն ամենևին էլ երիտասարդ տարիքս չի: Ամուսնությունը կյանքի պարտադիր փուլ չի, որով բոլորը պիտի անցնեն, ինչպես որ ամեն մեկը չի, որ պետք է բուսաբան կամ երկրաբան դառնա: Մարդը պիտի ի սկզբանե սեր ունենա դեպի դա, հակառակ դեպքում անպատճառ դժբախտ կլինի: Միակ բանը, ինչին հարկավոր է ձգտել ու ինչից ելնելով անհրաժեշտ է որոշումներ կայացնել, երջանկությունն է: Եթե պիտի չցանկանալով ընտանիք կազմեմ, միայն նրա համար, որ հասարակությունն է այդպես պահանջում, ուրեմն ավելի լավ է միայնակ մնամ: Կյանքում երաշխիքներ չկան. երբեք չես կարող վստահ լինել, որ մարդը, ում կընտրես, քեզ չի լքի, կամ երեխաներդ ծերության ժամանակ մի բաժակ ջուր կտան, պարզապես եթե կարիերայում ձախողեմ, ավելի քիչ ցավ կզգամ, քան երբ ամուսինս ինձ ծեծի, դավաճանի, ստորացնի: Ես չեմ հավատում, որ նման մարդու չեմ ընտրի, որովհետև բնազդներումս որպես տղամարդու իդեալ հորս կերպարն է: Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է: Ես երբեք ոչ մեկին չեմ պարտադրում իմ մտածելակերպը, հետևաբար ամենքը ինքնուրույն պիտի փորձի հասկանալ, թե ինչն է կյանքում իր համար կարևոր ու դրան հասնելով`երջանիկ լինի: Եթե կինն այնպիսի բնավորություն, խառնվածք ունի, որ հաճույք է զգում հանգիստ, խաղաղ ընտանեկան կյանքից, ուրեմն թող ամուսնանա, երեխաներ ունենա: Ես այդպիսին չեմ, ու ունեմ իրավունք, որ հասարակությունն ինձ ընդունի ու չնայի որպես անլիարժեք, չկայացած, միայնակ արարածի, ով միայն խղճահարության է արժանի: Վախը, որ հորս նման տղամարդու կընտրեմ, ով ինձ ցավ կպատճառի, անշուշտ, առկա է, բայց եթե անգամ հոգեկանս բուժվի, միևնույն է`վստահ չեմ, որ կուզեմ ամուսնանալ: Ես գտնում եմ, որ մարդը առաջնահերթ պիտի ձգտի ինչ-որ արժեք ստեղծել, որով իրեն հազարավոր տարիներ հետո կհիշեն, իսկ նման ձգտումներ ունեցող անհատը պիտի պատրաստ լինի իր ամբողջ ժամանակը նպատակի իրագործման մեջ ներդնել: Երեխային սեր, ջերմություն, հոգատարություն է պետք տալ, հակառակ դեպքում նա կմեծանա անլիարժեքության զգացմամբ, ցածր ինքնագնահատականով ու ներքին համոզմունքով, որ արժանի չի սիրո, հետևաբար ինձ կտանջի մեղքի զգացումը, եթե գիտակցեմ, որ երեխայիս բավարար ժամանակ չեմ կարողանում տրամադրել: Բացի դա ինչքան էլ գրքեր կարդամ, ֆիլմեր դիտեմ, սովորեմ, թե ինչպես է պետք հոգեպես առողջ ու երջանիկ երեխա դաստիարակել, միևնույն է`ես երբեք մաշկիս վրա դա չեմ զգացել, նշանակում է` բոլոր դեպքերում սխալներ թույլ կտամ ու իմ պատճառով նա կտուժի: Նման պատասխանատվության պատրաստ չեմ: