Կրակի լույսն ընկնում է մեզ վրա, իսկ ալիքների ձայնը քնքշություն է տարածում: Իմ շուրթերը ագահորեն կլանում են նրա մարմնի ջերմությունը, իսկ քիթս սովորականի պես վզի վրայով է սահում: Ես պաշտում եմ նրա հոտը: Պարոնը միակն է, ում հանդեպ երբևէ կիրք եմ զգացել: Այդքանով հանդերձ իմ զգացմունքները հեռու են հասարակ ֆիզիկական ցանկությունից: Իմ սերը սիրահարվածության, ռոմանտիզմի, կրքի ու քնքշության խառնուրդ է: Եթե նրան չսիրեի, ինչքան էլ գեղեցիկ ու գրավիչ լիներ, ինձ ցանկալի չէր երևա: Աշխարհում միլիոնավոր հմայիչ տղամարդիկ կան, բայց ես նրանց վրա ուշադրություն չեմ դարձնում: Պարոնի մեջ մանկությունիցս մի բան կա, որը ռեզոնանս է առաջացնում ներսիս հիշողությունների, զգացմունքների, ապրումների, ցավերի հետ, դրա համար ինձ այդքան ձգում է: Բանականությունս սկսում է արգումենտներ որոնել`ընտրությունս արդարացնելու համար: Երբ ինքս ինձ հարցնում եմ, թե, այնուամենայնիվ, ինչու եմ նրան սիրում, ուղեղս բացատրում է, որովհետև նա խելացի է, զարգացած, հասուն, հետաքրքիր, խարիզմատիկ, հումորով, գեղեցիկ, հմայիչ, բայց, գրողը տանի, աշխարհում միթե քիչ են նման տղամարդիկ, ինչու ես նրանց չեմ սիրահարվում?Միգուցե որովհետև բանականությունս պարզապես փորձում է Պարոնի մեջ լավ հատկանիշներ որոնել ու ինձ համոզել, որ ճիշտ մարդու եմ ընտրել, այնինչ նա ընդամենը թույլ է տալիս ինձ տանջվել, ցավել, խանդել, չսիրված, չընտրված զգալ, ինչպես մանկությունում? Միգուցե որովհետև նա նման է հորս ու լրիվ համապատասխանում է ենթագիտակցությունումս եղած իդեալական տղամարդու կերպարին?
Դրել եմ գլուխս նրա կրծքին ու աստղերին եմ նայում: Քունս տանում է: Ես գիտակցում եմ, որ Պարոնն այն մարդը չէր, ով պիտի իմ առաջին տղամարդը լիներ, հասկանում եմ, որ պետք էր առաջին համբույրն ու գիշերը նվիրել մեկին, ով միայն հարբած ժամանակ չի, որ կսիրեր ինձ, ում հետ մինչև աշխարհի ծայրը կգնայի և չէի վախենա կյանքս վստահել: Պարզապես հարցն այն է`արդյոք նույնը կզգայի, ինչ հիմա? Մարդիկ համբուրվում կամ սիրով են զբաղվում ոչ թե բանականությամբ, այլ սրտով, ոչ թե նրա համար, որ դիմացինն արժանավոր է, այլ որովհետև սրտանց ուզում են դա: Իմ խնդիրը նրանում է, որ սիրտս հակասում է ուղեղիս ու չի ընտրում ճիշտ տղամարդկանց, այսինքն նրանց, ում սերը նվաճելու կարիք չի լինի, և ովքեր կնայեն ինձ այնպես, ինչպես ես` Պարոնին…նա էլ է ճիշտ տղամարդ, բայց, ցավոք, միայն այն կնոջ համար, ում իսկապես կսիրի…
–Լաց ես լինում? Ես էլ մտածեցի` անձրև է կաթում,-մարմնից արցունքներս թափ տալով`կատակեց նա:
–Խնջույքի այդպես էլ չգնացինք,-հառաչեցի ես:
–Կրակը հանգելու վրա է: Գնամ փայտ գցեմ մեջը, շուտով երևի կլուսանա:
–Հետաքրքիր է`քանիսն է ժամը?
–Ժամացույցս չի աշխատում,-հոգոց հանեց Պարոնը,-մեջը ջուր է լցվել:
Հայացքս նորից կանգ առավ նրա վերքերի վրա:
–Կնայեմ կրակին, Դուք պառկեք:
Ոսկորներիս մեջ սառնություն եմ զգում: Միայն խելագարն այս եղանակին մերկ ման կգա: Մի քանի րոպեից կրակի ջերմությունը տաքացրեց օդը: Զգեստս գցեցի վրաս ու սկսեցի ուսապարկս որոնել: Կատարյալ երջանկության համար ինձ միայն սուրճն է պակասում:
–Ինչ ես եփում?-ձայն տվեց Պարոնը:
–Սուրճ:
Նստեցի խարույկի մոտ`հայացքս վրայի փոքրիկ ամանին: Ես այնքան երջանիկ եմ զգում, երբ թույլ եմ տալիս ինձ վայելել պահը, բայց հարկավոր է մտածել հետագա անելիքների մասին: Իմ ու Պարոնի միջև ոչինչ չի կարող լինել, անգամ եթե նա ինձ սիրի ու իդեալական տղամարդ լինի, ում բանականությունս հավանություն տա: Մենք պիտի բաժանվենք…
Սուրճի մոլեկուլներն աճող արագությամբ վազում են դեպի ամանի ծայրերը: Բռնիչով վերցրի կրակի վրայից ու լցրի ունեցածս միակ բաժակի մեջ: Աչքերս փակվում են հաճույքից. ինչ անուշ բույր է շուրջս տարածվել: Ես մի մեծ կում արեցի ու մոտենալով Պարոնին`հյուրասիրեցի:
–Հո շատ քաղցր չի?
–Չէ, հիանալի է, շնորհակալ եմ:
Մենք մի շնչով խմեցինք ամբողջը, քանի դեռ տաք էր, հետո պառկեցինք հանգստանալու: Հաճույքի, խմիչքի ու բնության ազդեցությունն այնքան էր թուլացրել մարմինս, որ միանգամից քնեցի…
*
Լուսացել է: Կոպերս անտանելի ցավում են: Ճակատս ու շուրթերս Պարոնի կրծքին են սեղմված, իսկ նա մի կողմ է քաշել զգեստիս կտորն ու համբուրում է ուսս: Նրա շուրթերը բարձրանում են դեպի պարանոցս ու այտերս: Ստամոքսս դանդաղ թիթեռնիկներով է լցվում: Երբ շրջվեցի, մեր հայացքները հանդիպեցին:
–Ես երեկ սթափ էի…
–Ես էլ…
*
Մենք ճամբար ենք վերադառնում:
2016 թվական, հունիսի 4
Ժամացույցի սլաքը մոտենում է վեցին: Պարոնը ժպտում է քնի մեջ, իսկ իմ սիրտը ցավից ճմլվում է: Աթոռի թիկունքից վերցրի նրա կարմիր բլուզը, հրավիրատոմսը թողեցի սեղանին ու զգուշորեն սենյակից դուրս եկա: Աստիճաններով իջա ներքև ու մոտեցա մեքենային, որի մեջ երեկոյան տեղավորել էի փոքրիկ ճամպրուկս: Ընկերներս եկել են ինձ ճանապարհ դնելու: