Հանկարծ պարանոցիս վրա ծանրություն զգացի: Բացեցի աչքերս ու վախից այնպես ճչացի, որ քիչ մնաց ընկնեի:
–Ես եմ, խելագար,-լսվեց Պարոնի ծիծաղը:
Սիրտս խաղաղվեց ու նրան դեպի ինձ քաշելով`սկսեցի կրքոտ համբուրել շուրթերը: Մատներով հավաքեցի նրա վերնաշապիկի կտորն ու սեղմեցի բռիս մեջ:
–Ես Ձեզ գժի նման սիրում եմ:
–Սպասիր,-գրկիցս ազատվեց նա,-խանգարում ես ինձ արվեստ ստեղծել:
Իմ ապշած հայացքի ուղեկցությամբ` ցուցամատով կրեմ քսեց վզիս ու վրան ելակներ շարեց:
–Եվ ինչ տեսք ունի քաղցրավենիքը?-ժպտացի ես:
–Երիցուկի: Անունն էլ «խանդոտ Լիլի» է:
–Ինչու բոլոր թերթիկներին նույն միրգը շարեցիք? «սիրում եմ-չեմ սիրում» կխաղայինք: Մոշ էլ դրեք:
–Իմ երիցուկի վրա «չեմ սիրում» չկա…
Պարոնը խոնարհվեց դեպի ինձ, հերթով կերավ բոլոր ելակները, հետո կրեմը համտեսեց: Ես փակել եմ աչքերս ու շոյում եմ նրա գլուխը: Մեծ երջանկություն է հարազատ հոգի գտնելը, ով ոչ միայն կհասկանա, այլև կկիսի խելառությունդ:
Հանկարծ նրա մարմինը դուրս սողաց գրկիցս: Հետո ոտնաթաթերս սեղմվեցին, ու գլխի վրա շուռ եկա: Սառը օդը հարվածեց ճակատիս, որի վրա հասցրել էին քրտինքի կաթիլներ հայտնվել: Ափերով շփեցի դեմքս ու համարձակություն հավաքելով`աչքերս բացեցի: Վերև նայեցի, ու հայացքս հանդիպեց Պարոնի զվարճալի կերպարանքին: Ես կախված եմ ինքնաթիռի թևից, ու նա`ոտքերիցս բռնած, օրորում է ինձ: Իմ ու գետնի հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, բայց բոլոր դեպքերում զգում եմ բարձրությունը:
–Ծանր չեմ? Ձեր ձեռքերը կհոգնեն,-ժպտացի ես:
–Չէ, շատ թեթև ես, ոնց որ փետուր լինես:
Զգեստիս կտորն իջավ դեմքիս, ու մարմինս գոտկատեղից ներքև մերկացավ: Ափերս տարածեցի օդում ու թույլ տվեցի քամուն խառնել մազերս: Ես ինձ ազատ թռչուն եմ զգում: Իմ մեջ մեռել է նա, ով կանգնած էր կյանքի ու մահվան միջև: Ինձ էլ ոչինչ չի ստիպի մտածել ինքնասպանության մասին: Կյանքի ժամանակավոր դժվարություններն ու անհաջողությունները ես ավելի նախընտրելի եմ համարում, քան հողում փտելը: Անշուշտ, կա հավանականություն, որ ինքնասպանությունից հետո ավելի լավ պայմաններում կհայտնվես կամ պարզապես կդադարես գոյություն ունենալ բառիս բոլոր իմաստներով, հետևաբար կազատվես նաև ցավի ու տանջանքի զգացումից, բայց, գրողը տանի, միթե այդ հավանականությունն արժի այնքան, որ ռիսկի գնաս? Ես ապրել եմ ուզում, վայելել ու ճանաչել կյանքն իր բոլոր դրսևորումներով, իմանալ, թե ինչ տեսք ունի ուրախությունը, ցավը, հաճույքը, զայրույթը, անզորությունը, տխրությունը, սերը, դավաճանությունը, վախը: Ի վերջո ոչինչ նշանակություն չունի, քանի դեռ չես կորցրել զգալու կարողությունդ…
*
–Կգաք, չէ, գրքիս շնորհանդեսին?
Մենք նորից ինքնաթիռի թևի վրա ենք, ու ես, գլուխս Պարոնի ծնկներին դրած, հորիզոնին եմ նայում: Արևն արդեն դուրս է եկել, ու ներկել ամպերը տարբեր գույներով: Երկինքն ասես ծիածան լինի:
–Տեսել եմ հրավիրատոմսը, որ թողել էիր: Փաստորեն, աշնանը նորից Ֆրանսիայում ես լինելու…
–Հա, գալու եմ արձակուրդներին`երկու շաբաթով: Այսօր օրագրիս վերջին էջն եմ գրում: Ճամբարից վերադառնալուց հետո լուծեցի տպագրության հետ կապված բոլոր հարցերը: Հենց ԱՄՆ հասնեմ, կուղարկեմ ամբողջական տեքստը, ու գիրքը մինչև աշուն լույս կտեսնի: Գիտեք, ես միշտ երազել եմ, որ շնորհանդեսը մեր դպրոցում լինի…ավելի հարազատ բան չունեմ այս քաղաքում: Դեռ չեմ խոսել տնօրինության հետ, բայց վստահ եմ, որ չի մերժի:
–Ես էլ եմ այդպես կարծում:
–Հինգ րոպե է`մտածում եմ, թե ինչը շուրջս այն չէ: Պարզվում է`արդեն կես ժամ է`չեմ ասել, թե ինչքան եմ Ձեզ սիրում: Ինչից է, որ կարողանում եմ ապրել, երբ արևը մայր է մտնում, բայց խեղդվում եմ, օդը չի հերիքում, երբ հեռու եք լինում ինձնից?
–Որովհետև ռոմանտիկ ես:
Բարձրացրի գլուխս ու մի քանի վայրկյան նրա աչքերին նայեցի: Կյանքում առաջին անգամ զգացի, որ դեմ չէի լինի այդ տղամարդու հետ նույն բնակարանում ապրել, ամեն առավոտ նախաճաշ պատրաստել նրա համար, հնարավորություն ունենալ գրկել, համբուրել սրտիս ուզածի չափ, փիլիսոփայել ամբողջ գիշեր այնպիսի հարցերի շուրջ, որոնց պատասխանը հնարավոր չի գտնել, կիսել նրա հետ հացի վերջին պատառը դժվարության պահին, բայց չհուսահատվել երբեք, որովհետև կյանքում ժամանակավոր է ամեն բան: Գեղեցիկ է հնչում, բայց չարժի մեր սերը ամուսնությամբ փչացնել: Ես այնպիսի մարդ եմ, որ կարիք ունեմ անընդհատ միջավայրս փոխելու, իսկ ընտանիքը կկաշկանդի ինձ: Բացի այդ հարկավոր է կյանքին ավելի գլոբալ նայել: Ինչ եմ թողնելու մոլորակի վրա մահիցս հետո? Հազարամյակներ անց սերունդներն ինձ ոչ սիրածս տղամարդկանցով են ճանաչելու, ոչ զավակներով, ոչ էլ ծնողներով, այլ մեծ գործերով, որ արել եմ կյանքիս ընթացքում, ու արժեքներով, որ ստեղծել եմ աշխարհի համար: Ես սիրահարված եմ հիմա, զգացմունքներիս ազդեցության տակ, ու գիտակցությունս մառախուղով է պատվել, բայց պիտի գիտակցեմ, որ սերն իլուզիա է, որն ինքս եմ ինձ ներշնչել: Ինչպես կարող եմ երազել մեծ մարդ դառնալու մասին, եթե ունակ չեմ սթափ դատել, իսկ իրականությունն այն է, որ իմ ու Պարոնի մոլորակները չեն հատվում: Մենք ընդհանուր բաներ շատ ունենք, բայց դրանք բավարար չեն միասին լինելու համար: