–Գոնե կինո-բան գնայիր,-ասում է Ամալյան։– Ջահելությունը հավաքվում է այնտեղ, ինչ ես ճգնավորի նման մենակ նստել։
–Դա էլ է ճիշտ,-գլխով եմ անում ես։– Մի տեսակ տրամադրություն չունեմ։
Արահետը հյուրերի տնից ելնում , մտամոլոր փախչում է լեռան զառիթափ լանջն ի վար։ Արահետի երկու կողմերին մատղաշ կաղնիներ են, մտքերի մեջ խորասույզ՝ ես իջնում եմ դեպի բանավան ու անսպասելի հիշում եմ, որ անցյալ անգամ՝ իմ առաջին գործուղման ժամանակ, այս արահետով իջնելիս աղջկական ծիծաղ լսեցի ծառերի ետևից։ Ակամայից կախ գցեցի ոտքս և աղջկական քնքույշ ձայնն ասաց. ''Դե, պետք չէ, Անդրյուշա, լսու՞մ ես, սիրելիս, պետք չէ''։ Ծիծաղը կրկին ղողանջեց մթան մեջ, անհարմար էր ականջ դնելը, ես արագացրի քայլերս։ Իսկ հաջորդ օրը, ամբարտակի վրա կրկին լսելով ծանոթ ծիծաղը, ես արագ ետ նայեցի։ Դա այն նույն հմայիչ աղջիկն էր՝ Սիման, որին տեսել էի Ներսեսի մոտ՝ բուժկետում։ Մի՞թե այդ նույն Սիմայի մասին էին ասում այսօր Ռոզան ու Մերուժանը։ Իսկ ու՞ր է մեկնել նա՝ հետեքրքիր է։
Ակումբը գտնվում է բանավանի կենտրոնում։ Օդն այստեղ ավելի տաք է, քան հյուրերի տան մոտ, բարձունքում։ Քամու թեթև շնչից շրջվում, թրթռում են երկնաթռիչ բարդիների տերևները։ Ակումբի առջև, բարդիներով եզրապատված փողոցով անշտապ զբոսնում են կառույցի բանվորները՝ մեկ-մեկ, զույգերով կամ խումբ-խումբ։ Անցնելով իմ կողքով, նրանք սիրալիր կերպով բարևում են, չնայած նրանցից շատերին այսօր մի անգամ չէ, որ հանդիպել եմ ամբարտակի վրա։ Ճաշարանի բակում կանգնած են մի խումբ տղաներ՝ մոտ տասնհինգ հոգի, և ծուլորեն խոսակցում են միմյանց հետ։ Հավանորեն մինչև կինոնկարի սկսվելը չգիտեն ինչով զբաղվեն։ Երկու միլիցիոներ, նրանցից քիչ հեռու կանգնած, ծխում են։ Ես ինքնաբերաբար նայում եմ ժամացույցիս՝ ութն անց է արդեն։
Մութն ընկել է, բանավանի նեղլիկ փողոցներում վառվում են աղոտ լապտերները, երկինքն այստեղից, ձորահովիտից թվում է մութ թանաքագույն։
Ես սկսեցի ափսոսալ այն բանի համար, որ լսեցի Ամալյային ու իջա բանավան. կինոնկարն այդ ես վաղուց էի նայել, կարող էի մնալ այնտեղ, իմ սենյակում ու կարգի բերել գրառումներս, կամ էլ , վատթարագույն դեպքում, կգնայի հյուրերի տան հարևանիս՝ Նիկոլայ Պանկրատովի մոտ ու մի երկու պարտիա շախմատ կխաղայինք. Նա արդեն մի քանի անգամ հրավիրել է։ Նիկոլայը մայրաքաղաքից է, մասնագիտությամբ ինժեներ-հիդրոմեխանիկ, նույնպես գործուղման է եկել այստեղ, և իրիկունները թախծում է մենության մեջ։ Ես արդեն ուզում էի վերադառնալ, երբ իմ թիկունքում հատու տկտկացին ինչ-որ մեկի կրունկները, և մի աղջիկ, հասնելով իմ ետևից, անցողիկ մի անտարբեր հայացք ձգեց իմ կողմը և անցավ առաջ՝ պարուրելով ինձ օծանելիքի բուրմունքով։ Ես չհասցրի մթության մեջ տեսնել նրա դեմքը, սակայն աղջկա թեթև քայլվածքում զարմանելիորեն ինչ-որ ծանոթ բան կար։
Անցնելով մի տասը քայլ, աղջիկը հանկարծ դանդաղեցնում է քայլերը, իսկ հետո բոլորովին կանգ է առնում և շրջվում ետ։
–Այս ում եմ տեսնում, -համարյա բացականչում է նա։
Ես անմիջապես ճանաչում եմ նրան։
–Բարև, Վենե՛րա։
–Հարստանալու ես, ես քեզ միանգամից չճանաչեցի, – ասում է նա , բայց նրա տոնը կատակային կոչել անհնարին է. այն չափից դուրս լուրջ է հնչում։
–Տա աստված,-ասում եմ ես ժպտալով։– Երբևէ պետք է, չէ՞, հարստանալ։
–Այս ինչպե՞ս ես ընկել այս կողմերը։
–Գործուղման եմ եկել, Վեներա։
–Եվ վացու՞ց ես այստեղ։
–Արդեն մի շաբաթ է։
–Դու բոլորովին խիղճ չունես։ Եվ նույնիսկ փորձ անգամ չես արել, չէ՞, ինձ տեսնել։
–Բայց իմ մտքով չի էլ անցել, որ դու կարող ես այստեղ լինել։
Վեներային ես գիտեմ վաղուց։ Տասերորդ դասարանում միասին ենք սովորել։ Մինչ այդ նա շրջկենտրոնում՝ Մարտակերտում էր սովորում։ Նրա ավագ քույրը՝ Վարդուշը, մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակում էր ստացել մեր գյուղ, քիմիա էր դասավանդում դպրոցում։ Վեներան եկել էր նրա մոտ, և նրանք երկուսով, վարձելով մեր պառավ հարևանուհու տան սենյակներից մեկը, միասին ապրում էին այնտեղ։
Վեներան գեղեցիկ աղջիկ էր, նա, սովորաբար, հակառակ գյուղական սովորույթներին, կարճ շրջազգեստ էր հագնում՝ ցուցադրելով բրոնզագույն արևայրուքով ծածկված գետաքարի պես ողորկ ծնկները։ Հաճախ էլ վառ ներկում էր շուրթերը՝ կարծես զվարճանալով գյուղական բամբասասեր կանանց՝ բարոյականության այդ ճերմակավարս պահապանների խեթ, պախարակող հայացքներից։ Իր հմայիչ տեսքով շարժելով ընկերուհիների նախանձը, Վեներան շարունակ շրջապատված էր լինում տղաներով, որոնցից յուրաքանչյուրը մինչև ականջները գաղտնածածուկ սիրահարված էր նրան, թեպետ չէր համարձակվում խոստովանել այդ՝ վախենալով ստանալ նրա ծաղրական մերժումը,-այդպիսի դեպքեր արդեն եղել էին։ Աղջիկները Վեներայից վրեժխնդիր էին լինում նրանով, որ անդադար չարախոսում էին նրան տղաների մոտ, բայց սրանք այդ բամբասանքներն ականջների հետևն էին գցում։ Վեներայի գեղեցկությունն ու համընդհանուր սիրահարվածությունը նրան՝ վեր էին դասում նրան ամեն տեսակի մանր բամբասանքներից։