Ես նույնպես գաղտնաբար սիրահարված էի Վեներային, սակայն շատերի նման ես նույնպես չէի համարձակվում խոստովանել դա ՝ վախենալով նրա ծաղրից, և ամեն անգամ, դեմ առ դեմ հանդիպելիս, ես շիկնում ու ցած էի գցում գլուխս։ ''Չէ, ոչինչ չեմ ասի, հիշում եմ, շարունակ կրկնում էի ինքս ինձ,-ոչ մի դեպքում, հետո ամբողջ դպրոցը պիտի ծիծաղի ինձ վրա, ես, ինչ է, հո իմ թշնամի՞ն չեմ''։ Այդ օրերին նրանց մոտ հաճախակի մի տղամարդ էր գալիս՝ մոտ երեսուն տարեկան, մաքուր հագնված, փողկապով ու եզրավոր գլխարկով։ Սեփական ''Վոլգա '' ուներ։ Ո՞վ էր նա և ի՞նչ կապ ուներ քույրերի հետ, -ոչ ոք չգիտեր։ Ոմանք ասում էին, թե իբր Վեներայի ավագ քրոջ՝ այսինքն մեր ուսուցչուհու, նշանածն է, մյուսներն էլ պնդում էին, թե նրանց մոտիկ բարեկամն է, մարզկենտրոնում է ապրում, ծնողների մոտ։ Մի երկու անգամ, դա նույնպես հիշում եմ, ես փորձեցի խոսք բացել, զրուցել նրա հետ, սակայն տեսնելով, որ նա ինձ վերաբերվում է մի տեսակ սառն ու մեծամտորեն, ձեռ քաշեցի իմ մտքից։
Ավարտական քննություններն արդեն վերջացել էին, մեր տնամերձ բոստանում ջրում էինք լոբու ածուները։ Ծառերի սաղարթների ու բակի հյուսածո ցանկապատի արանքով ես շարունակ նայում էի կապույտ ''Վոլգային'', որ դեռևս առավոտվանից կանգնած էր հարևանի տան առջև։ Հետո տնից դուրս եկավ Վեներան՝ ձեռքին ոչ մեծ մի ճամպրուկ։ Նստելով մեքենայում, ղեկի մոտ բազմած տղամարդու կողքին, նրանք մեկնեցին գյուղից։
Այդ օրվանից անցել են շատ տարիներ, ու ես այլևս ոչ մի անգամ չեմ տեսել Վեներային։
Մենք դանդաղ քայլում ենք փողոցով, և ես գաղտնաբար զննում եմ Վեներային։ Այդ տարիների ընթացքում նա սաստիկ փոխվել է, նրա մեջ չկա այլևս ծաղրական այն ինքնավստահությունը, որ իր ժամանակին թպրտացնում էր մեր մատաղ սրտերը։
–Ես շա՞տ եմ փոխվել, -անսպասելի հարցնում է Վեներան՝ ըստ երևույթին, բռնելով իմ հայացքը։
–Մի թեթև,-գլխով եմ անում։
–Դեպի վա՞տը։
–Չգիտեմ։ Ժամանակը տարբեր ձևով է ազդում մարդկանց վրա։ Ասենք դա սովորական ճշմարտություն է։ Ավելի լավ է, պատմիր տեսնեմ ինչպես ես ապրում։
Վեներան անորոշ թոթվում է ուսերը։
–Ապրում եմ ինչպես բոլորը։ Մանկավարժական ինստիտուտ եմ ավարտել։ Հեռակա։ Բայց դա երևի, անհետաքրքիր է քեզ համար։
Փողոցը գնալով նեղանում է, դառնում նեղլիկ մի ճանապարհ։ Քայլում ենք համարյա մթության միջով։
–Իսկ որտե՞ղ ես աշխատում,-հարցնում եմ ես։
–Այստեղ, կադրերի բաժնում։
–Ինչու՞։ Չէ՞ որ մանկավարժի դիպլոմ ունես։
–Չգիտեմ… Սպարտակն այդպես ուզեց։
Ես փորձում եմ հիշել՝ որտե՞ղ եմ լսել այդ անունը։ Կարծեմ կապտավուն ''Վոլգայի'' տիրոջն էին այդպես կոչում։
–Իմ ամուսինն է,– ասում է Վեներան, ասես կռահելով, թե ինչի մասին եմ մտածում։– Հիշու՞մ ես կապույտ ''Վոլգան''։
–Իսկ այն ժամանակ մենք կարծում էինք, թե նա մոտ բարեկամ է ձեզ, կամ էլ քրոջդ նշանածն է…Նա նույնպե՞ս այստեղ է։
–Այո…այսինքն ոչ, նա հիմա գործուղման մեջ է,-ասում է Վեներան, բայց ես նկատում եմ, թե նա մթան մեջ ինչպես է փախցնում հայացքը, իսկ այնուհետև հապճեպորեն ավելացնում է։-Այստեղ բանավանում, ֆիննական տնակ ունենք՝ երկու սենյակից բաղկացած։ Խնդրեմ, կարող ես հյուր գալ…
–Շնորհակալություն… Իսկ վաղու՞ց եք այստեղ ապրում,-ընդհատում եմ ես։ Վեներայի խոսքերում ինչ-որ բան մնում է չասված, և դա անբարեհաճության աղոտ զգացում է առաջացնում իմ հոգում։
–Ոչ, մի երկու տարի է։ Մեկ-մեկ գնում ենք մարզկենտրոն՝ մերոնց մոտ, չէ՞ որ մարզկենտրոնն այնքան էլ հեռու չէ այստեղից… մի յոթանասուն կիլոմետր։
Նրա հանկարծական երկարաբանությունը կրկին զգաստացնում է ինձ. ինչ է, ես չգիտե՞մ, որ մարզկենտրոնը ''այնքան էլ հեռու չէ այստեղից'', բացի այդ, իմ ինչ գործն է, թե նրանք մեկ-մեկ ամուսնու հետ գնում են յուրայինների մոտ։
–Սպարտակը կառույցու՞մ է աշխատում։
–Սպարտա՞կը…ոչ… այսինքն, այո։ Տեխնիկական մատակարարման գծով է մի խոսքով… Իսկ քո գործե՞րն ինչպես են։
Հասկանալի է, որ վերջին հարցը՝ դա սոսկ անճարակ փորձ է՝ իր համար անհաճո խոսակցությունից խուսափելու համար։
Մաշված լուսինը, ասես երկար ճանապարհից հոգնած, ծանր դուրս եկավ սարերի ետևից և, դեմ առնելով ծառերի բարձր կատարներին, մնաց կանգնած։ Անհրաժեշտ էր մի թեթև քամի, որ ծառերից պոկվեր ու կրկին շարունակեր ճանապարհը դեպի երկնքի խավար մասը։ Իսկ գուցե չէր էլ ուզում գնալ, գուցե նրա համար լա՞վ էր այդպես՝ հեռավոր ափերից տուն դարձած արագիլի պես նստել բարդու կատարին ու ննջել մինչև լույս։
–Մեր տղաներից ոչ ոք չկա՞ այստեղ,-հարցնում եմ ես լոկ այն բանի համար, որպեսզի խախտեմ երկարաձիգ լռությունը։
–Ոչ,-ասում է Վեներան և, որոշ հապաղումից հետո, ավելացնում է կամացուկ։ -Միայն Վահեն է… Դու հիշու՞մ ես նրան։ Դու և նա, ինչքան հիշում եմ, մոտ ընկերներ էիք։
–Ինչպե՞ս,– քիչ է մնում գոռամ։-Զաքարյան Վահե՞ն։ Նա որտե՞ղ է աշխատում։ Ես այստեղ դեմքով համարյա բոլորին գիտեմ արդեն, այդ ո՞նց է նրան չեմ հանդիպել։
–Նա բանտարկյալների մեջ է… Այստեղ բանտարկյալներ են աշխատում։ Պահակախմբի հսկողությամբ բերում են շինարարություն, պահակախմբի հսկողությամբ էլ տանում։