Выбрать главу

–Սպասիր։ Վահեն է՞լ է բանտարկյալ։

Վեներան դրականորեն շարժում է գլուխը.

–Այո։

–Իսկ չգիտե՞ս ինչի համար։

Վեներան ձեռքը տանում է դեմքի վրայով, ասես իրենից հեռու վանելով ինչ-որ հիմար մտքեր։

–Գիտեմ։ Խուլիգանության համար…Մարդ է ծեծել… Դա երկու տարի առաջ էր,– նա հապճեպորեն փոխում է խոսակցության նյութը։-Դու որևէ տե՞ղ ես շտապում։

–Ոչ։ Ուզում էի կինո գնալ։ Իսկ ի՞նչ է։

–Կինո՞։ Ինչ լավ է։ Դու դեմ չե՞ս, որ ես էլ գամ քեզ հետ։ Վաղուց կինո չեմ գնացել։

–Իհարկե, դեմ չեմ։ Դա ի՞նչ խոսք է։

–Ուրեմն շատ լավ։ Բայց մի տասը րոպե կարո՞ղ ես սպասել ինձ։ Ահա այս վագոնում ապրում է իմ ընկերուհիներից մեկը, նրա հետ մի թեթև գործ ունեմ, պետք է մտնեմ մոտը, սպասում է։ Տասը րոպեից հետո այստեղ կլինեմ, լա՞վ։

–Լավ, գնա։

Ամառային իրիկվա խլացուցիչ լռության մեջ ես մնում եմ մենակ։ Ինչ-որ տեղ, թփուտների մեջ, մեկ-մեկ ճռճռում են կնճիթավոր ճպուռները, և նրանց ձայներն ավելի են ընդգծում լռությունը։

Ես մտովի կրկին ու կրկին վերադառնում եմ Վահեի մոտ։ իմ մանկության ընկերոջ անհաջող դասավորված ճակատագիրը հանգիստ չի տալիս ինձ։ Ախր, ինչու՞։ Ինչի՞ համար։ Վահեն, ճշմարիտ է, բնավ էլ մեղմ տղա չէր և բնավորությունն էլ զիջող ու համակերպվող բնավորություն չէր, բայց հազիվ թե դա նրան հասցներ մեղադրական աթոռին, որովհետև, ինչքան գիտեմ, նա անարատ տղա էր՝ սրտով ու մտքով։ Էհ, այն ժամանակ մենք բոլորս էինք անաղարտ։

…Պարզորոշ տեսնում եմ Վահեին՝ թեպետ նիհարավուն, բայց ամրակուռ՝ ինչպես որձաքարը, խոժոռ հոնքերի տակից նայում են կապտալճավուն կռվասեր աչքերը։ Նա կանգնած է ինձանից մի քանի քայլ այն կողմ։

–Գնա՞նք մեզ մոտ,– ասում է Վահեն համառորեն ու միաժամանակ խնդրողական տոնով։

Եվ ինձ համար դժվար է մերժել, թեկուզ գնալ չեմ ուզում, նա հեռու թաղամասում է ապրում։

–Մեր տանը կքնես։ Քեզնից ի՞նչ է գնում։

–Լավ , գնանք,-ասում եմ ես։-Միայն վազեմ տուն և մերոնց ասեմ, որպեսզի ման չգան ինձ։

Վահեի հետ պառկել էինք մահճակալներին, բաց լուսամուտի առջև։ Լամպը չէինք վառել։ Հեռվում, կապտասևավուն երկնքում ավելի շուտ կռահվում, քան երևում էին լեռների բեկոտված ուրվագծերը, իսկ դրանց ստորոտում, ոնց որ կանչ՝ մենավոր մի կրակ էր առկայծում։ Մենք կիսաձայն, որպեսզի չարթնացնենք տնեցիներին, քչփչում էինք զանազան բաներից՝ դպրոցից, ուսուցիչներից, բայց ես զգում էի, որ նա դրա համար չէր այնպես համառամտորեն կանչում ինձ իր մոտ։ Վերջապես ասես մի տեսակ հանդգնելով, արտասանում է.

–Լսիր, ի՞նչ ես մտածում անել տասն ավարտելուց հետո։

–Չգիտեմ, եթե հաջողվի, կընդունվեմ բանասիրական։ Իսկ դու՞,– հարցրի ես իմ հերթին, ինքնաբերաբար զգալով, որ նա ուզում է լսել այդ հարցը, բայց միաժամանակ առանց գլխի ընկնելու այն մասին, որ իր համար դժվար կլինի պատասխանել դրան։

Վահեն երկար չէր պատասխանում։

–Դու քնա՞ծ ես, ինչ է,-չհամբերեցի ես։

–Ոչ, մտածում եմ։

–Ինչի՞ մասին։

–Հասկանու՞մ ես, ես ուրիշ ելք չեմ գտնում, բացի մեկից… միայն մի ծիծաղիր, թեպետ, դա, իհարկե, ծիծաղելի է։

–Ի՞նչն է ծիծաղելի։

–Այն, ինչ վճռել եմ… Հասկանու՞մ ես, ուր էլ որ նա գնա, ես կգնամ նրա ետևից։ Թեկուզ մինչև աշխարհի ծերը, թեկուզ ոտքով…

–Սպասիր, ես ոչինչ չեմ հասկանում։ Ու՞մ մասին է խոսքը։

–Վեներայի… Հիմա դու արդեն ամեն ինչ գիտես… Սիրում եմ ես նրան, հասկանու՞մ ես, սիրում եմ ու մինչև վերջին շունչս պիտի սիրեմ… Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ, այդպիսի բան երբեք չի եղել։

–Իսկ նա՞,– ճիգ թափելով ասացի ես, զգալով, թե ներսս ինչպես է սառչում։– Նա ի՞նչ է ասում։

–Լռում է։ Երեք նամակ եմ գրել, ինքս իմ ձեռքով հանձնել իրեն։ Ոչ մեկին չի պատասխանել։ Իսկ այսօր, վերջին դասամիջոցին, կանգնեցրի նրան…ասացի…Ոչինչ չի ասում, կանգնել է մեջքը միջանցքի դռանը հենած, նայում է ինձ ու ծիծաղում։ Իսկ նայվածքը, աստված իմ, կյանքում կկարողանա՞մ մոռանալ այդ նայվածքը՝ չեմ կարողանա։ Դա հնարավոր չէ նկարագրել։ Ասես աչքերով թափանցում է հոգուդ մեջ…Եթե գոնե մի խոսք ասեր, ինչ խոսք ուզում է լինի՝ միայն թե մի բան ասեր, գուցե այսպես ծանր չլիներ… Դու ինչու՞ ես ծիծաղում։

–Ես չեմ ծիծաղում, ինչից եզրակացրիր։

–Չէ, դու ծիծաղում ես, ձայնիցդ եմ տեսնում, որ ծիծաղում ես։ Գուցե որևէ բա՞ն գիտես։ Գուցե նա ուրիշի է սիրում, և դու չե՞ս ուզում ինձ ասել։

–Չգիտեմ, Վահե, ես ոչինչ չգիտեմ,– ասացի ես, գոհ այն բանից, որ սենայկում մութ է, և Վահեն չի կարող տեսնել իմ դեմքը, որ, հավանաբար, ողողված է անամոթ ուրախությամբ։

–Վաղը բացեիբաց կխոսեմ հետը… Դու ինչպես ես կարծում, մի անգա՞մ էլ խոսեմ հետը։։

Ես չպատասխանեցի, ես ձևացրի, թե քնած եմ, սակայն իրականում քնած չէի, նայում էի հեռավոր ու մենավոր կրակին, որ առկայծում էր մթության միջից…

Վահեն ընդունակ տղա էր, նրա համար ոչինչ չարժեր մի քանի րոպեում սովորել դասերը, թե ուզենար, կարող էր դասարանի ամենալավ սովորող աշակերտը լինել։ Խանգարում էր նրան, սակայն այն, որ նա տեղը հանգիստ նստել չէր կարողանում, հաճախակի տապալում էր դասերը, արժանանալով համադասարանցիների խանդավառությանն ու ուսուցիչների ատելությանը։ Վահեին պատժում էին, նա մի քանի օր իրեն կարգին էր պահում, բայց հետո կրկին շարունակում էր նախկին ձևով։ Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեր ամեն ինչ, եթե չլիներ մի դեպք, որը մի տեսակ ճակատագրական եղավ Վահեի համար։