Մի անգամ նրա հերթական չարաճճիությունների մասին ինչ-որ մեկը գրեց դպրոցական պատի թերթում։ Առավոտյան, գնալով դպրոց, նա տեսավ, թե ինչպես մի խումբ աշակերտներ, միջանցքում խմբված, կարդում են հենց նոր կախած պատի թերթը։ Բոթբոթելով հավաքվածներին, նա մոտեցավ պատին և ուշադիր կարդաց թղթակցությունը՝ սկզբից մինչև վերջ, հետո հանգիստ հանեց թերթը և, կտոր-կտոր անելով այն, նստեց հատակին։ Այդ օրը ես դպրոց չէի գնացել, և չգիտեի, թե ինչ էր գրված այդ թղթակցության մեջ և ամենից գլխավորը, հատկապես ինչը դրդեց նրան՝ դիմելու այդ հանդուգն արարքին։
Դիրեկտորի հրամանով նրան հեռացրին դպրոցից։ Այդ օրվանից Վահեին ոչ ոք չտեսավ, նա գնացել էր քրոջ մոտ՝ Սումգայիթ։
…Վեներան մթության միջից ելնում, թեթևասահ ընդառաջ է գալիս։
–Շատ սպասել տվեցի, չէ՞, քեզ,– արտասանում է նա, ժպտուն ու շեղակի նայելով ինձ։
–Ոչ,-պատասխանում եմ,-մտածում էի և չիմացա ինչպես անցավ ժամանակը։
Այն նույն արահետով վերադառնում ենք ետ, դեպի բանավանի կենտրոն։
–Եվ ինչի՞ մասին էիր մտածում։ Դու, կարծես, հիմա էլ ինչ-որ բանի մասին մտածում ես, ճի՞շտ է։-Եվ մի երկվայրկյան անց, չսպասելով իմ պատասխանին, ավելացնում է։-Ուզու՞մ ես ասեմ, թե ինչի մասին էիր մտածում։
–Ինչի՞ մասին։
–Մեր անցած կյանքի՝ դպրոցական տարիների մասին։
–Համարյա գուշակեցիր։ Ես մտածում էի Վահեի մասին։-Միաժամանակ մենք քայլում էինք լուռ, ունկնդրելով ծղրիդների զրնգուն ձայներին։ Հանկարծ Վեներան կամացուկ, հազիվ լսելի ասում է.
–Դու հիշու՞մ ես նրան ինչպես հեռացրին դպրոցից։
–Հիշում եմ։
–Նրան իմ պատճառով հեռացրին։
–Ինչպե՞ս թե…-Ես դեմքս կտրուկ դարձնում եմ նրա կողմը։– Ինչպե՞ս թե քո պատճառով հեռացրին։ Նրան պատի թերթի համար հեռացրին։
–Այո,-դառը քմծիծաղում է Վեներան։– Բայց նա այդ պատի թերթն իմ պատճառով պատռեց։
–Ինչու՞։
Վեներան մեղավորի պես կախում է գլուխը։
–Ես այն ժամանակ կանգնած էի աշակերտների հետ, երբ նա մտավ միջանցք և, մոտենալով պատի թերթին, սկսեց կարդալ թղթակցությունը։ Նա հանգիստ կարդում էր, և, երևի, այդպես էլ թողներ ու գնար, եթե… եթե ես այդ պահին չծիծաղեի… Բայց ես ծիծաղեցի, և դա նրա սրտին, հավանաբար, ավելի կպավ, քան բութ թղթակցությունը… Ախր, նա սիրահարված էր ինձ… Դու չգիտեի՞ր այդ մասին։
–Ոչ,– սառը պատասխանում եմ ես։ Մի րոպեաչափ անխոս քայլում ենք։ Ոչ ես, և ոչ էլ Վեներան, չենք համարձակվում խախտել լռությունը։ Եվ ինձ համար ևս անսպասելի, հարցնում եմ.-Ասա ինձ, Վեներա, ինչու՞ էիր դու միշտ ծիծաղում մեզ վրա։ Միթե՞ մենք այդքան ծիծաղելի էինք։
Իմ հաշտարար տոնը՝ թեև առերևույթ հաշտարար, ինչպես երևում է, որոշակի կայտառություն է հաղորդում Վեներային, և նա անվստահ ասում է.
–Դա երկար պատմություն է… Բայց ինձ այն ժամանակ իսկապես թվում էր, թե ես հիմք ունեի ծիծաղելու… Դա այնքան էլ հեշտ չէ բացատրել, մի ուրիշ անգամ կհանդիպենք, գուցեև կբացատրեմ… Ինչքա՞ն է մնացել մինչև սեանսը։
–Ես, ճիշտն ասած կինո գնալ չեմ ուզում։
–Ինչու՞։
–Չգիտեմ, գնալու ինչ-որ ցանկություն չունեմ։ Վերջին անգամ դու ե՞րբ ես տեսել Վահեին։
–Մի կես ժամ առաջ, ճաշարանի մոտ։ Նրանք մեքենայի էին սպասում։
–Ճաշարանի մո՞տ։ Երկու միլիցիոնե՞ր էլ կային այնտեղ։
–Այո։
–Ուրեմն, ես նրանց կողքով անցել ու չե՞մ նկատել…Կարող է նրանք հիմա՞ էլ այնտեղ են։
–Չեմ կարծում։
–Շուտ արա գնանք։
Ճաշարանի մոտ դեռ կանգնած էր տղաների խումբը։ Այն երկու միլիցիոները նույնպես այնտեղ էին՝ խմբից որոշ հեռավորության վրա կանգնած՝ զրուցում էին։
–Նայիր, նրանք դեռ կանգնած են։ Երևի մեքենան չի եկել,-շշուկով ասում է Վեներան։-Վահեն էլ այնտեղ է, ձախից, լուսամուտի մոտ կանգնած է։
Փողոցային լապտերի աղոտ լույսի տակ ես զոռով եմ ճանաչում Վահեին։ Մեջքով պատին սեղմված, նա լուռ նայում է դեպի հեռավոր սարերը։ Մի կարճատև պահ նայելով զրույցով տարված միլիցիոներների կողմը, ես կամացուկ ձայնում եմ։
–Վահե…
Վահեն բարձրանում է գլուխը և, անմիջապես նկատելով ինձ, անջատվում է պատից ու մի երկու քայլ անում դեպի ինձ։
–Չես ճանաչու՞մ, Վահե, ես եմ, ճանաչեցի՞ր։
Նրա դեմքը մի ակնթարթում լուսավորում է բարեհոգի լայն ժպիտով։
–Ինչպես թե՝ ճանաչեցի, դա ին՞չ խոսք է, իհարկե։ Իսկ ես…
–Ինչպե՞ս ես, Վահե։
Նա չի հասցնում պատասխանել։ Միլիցիոներներից մեկը կտրուկ շրջվում է մեր կողմը։
–Հետ դարձ։ Զաքարյան, հետ դարձ ասում եմ։ Հետ՝ պատի մոտ։
Վահեն շփոթված տարածում է ձեռքերը՝ իբր, տեսնու՞մ ես, չեն թողնում, և վերադառնում է տեղը։ Միլիցիոները մոտենում է ինձ։
–Քաղաքացի , չի կարելի, գնացեք այստեղից։
–Ախր…Հասկանում եք, երկար տարիներ չենք տեսել իրար։
–Դա ինձ չի վերաբերում… Խնդրեմ, մի խանգարեք։
–Մենք միասին ենք սովորել, այդ օրվանից չենք տեսել իրար:
–Ոչինչ , շուտով կտեսնեք, մի տարի է մնացել,– ասում է երկրորդ միլիցիոները, մոտենալով մեզ։-Շուտով կտեսնեք, ազատության մեջ կզրուցեք ինչքան սրտներդ ուզում է։ Իսկ հիմա չի կարելի, հասկանու՞մ եք, արգելված է, գնացեք։