Եվ հանկարծ նկատում եմ, որ Վահեն շրջվել, ձեռքերով դեմքը ծածկած, սեղմվել է պատին։
–Վահե,-բացականչում եմ ես հուսահատությամբ։-Կգաս ինձ մոտ։ Հենց որ ազատվես՝ մերոնցից վերցրու հասցես և արի ինձ մոտ, լսու՞մ ես, ես սպասելու եմ քեզ։
Ես շրջվում, որոշ ժամանակ լուռ քայլում եմ ու նոր միայն հիշում Վեներայի մասին, սակայն նա չկա, ոչ մի տեղ չի երևում։ ''Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Վեներան,-մտածում եմ ես, դանդաղ բարձրանալով հյուրերի տուն տանող ոլոր-մոլոր արահետով։-Մենք ամենքս ենք մեղավոր, բոլորս էլ ինչ-որ բանում մեղավոր ենք մյուս մարկանց առջև, և բոլորս էլ մեր կյանքի ընթացքում ինչ-որ բան պարտք ենք մնացել նրանց։ Ֆրեյդի մոտ դա, կարծեմ, ''մեղավորության կոմպլեքս'' է կոչվում։ Իսկ Վահեի հարցում մեզնից յուրաքանչյուրն իր բաժին մեղքն ունի։ Մեզ դուր էին գալիս նրա տղայական արարքները, մենք ուրախանում էինք, երբ խանգարվում էր պարապմունքը, բա ոնց, հանկարծ հարցնեն դասը, ու ես ''երկու'' ստանամ։ Իսկ ժողովում ոչ ոք մեզնից քաջություն չունեցավ, որպեսզի վեր կենա ու մի երկու խոսք ասի հօգուտ նրա։ Լռեցինք, որովհետև այդպես և հարմար էր, և անվտանգ…''
Արահետի աջ ու ձախ կողմերին, մթության մեջ, շարունակ երգում են ծղրիդները, քիչ հեռվում, անտառի խորքում, աղիողորմ կանչում է բուն, ներքևում, բանավանում, մարմրում են լույսերը… Ես քայլում եմ մի տեսակ հոգնած ու անտրամադիր, երբեմն կանգնում, նորալուսնի աղոտ լույսի տակ շողշողացող ջրերի վրայով նայում եմ ետ, դեպի գետի այն կողմը, ուր ամեն ինչ սուզվել է խորհրդավոր խավարի մեջ։ Վահեի հետ ունեցած հանդիպումը հանգիստ չի տալիս ինձ։ Եվ պատճառն, իհարկե, դա է, որ ես ինձ այսպես միանգամից հոգնած ու անտրամադիր եմ զգում։ Նիկոլայ Պանկրատովի սենյակի լույսը վառվում է։ Գնա՞լ նրա մոտ. միևնույն է, քնել չեմ կարողանա։ Չէ, գնալ չարժե, ավելի լավ է մենակ լինել։ Դռան տակ դրված բանալին հանում, բացում եմ դուռը։ Լույսը վառում եմ և, լուսամուտի զույգ փեղկերը կրնկի վրա բացելով, ուզում եմ նստել փոքրիկ սեղանի մոտ, երբ այդ պահին լսում եմ Պանկրատովի ձայնը.
–Էդ դուք ե՞ք, հարևան։
–Ես եմ-անբավականությամբ արձագանքում եմ ես։ Էլեկտրական վառ լույսից մութը սեղմվում, կուչ է գալիս լուսամուտից մի քանի մետր այն կողմ, ծառերի տակ։
–Հը, ո՞նց էր, լա՞վ նկար էր, -ձեռ չի քաշում Պանկրատովը։
–Չգիտեմ, կինո չեմ գնացել։
–Բա ո՞ւր էիք։ Հենց էնպես ման էիք գալիս, հա՞։ Իսկ Ամալյան ասում էր, թե կինո եք գնացել։
–Փոխեցի միտքս։
–Երեկոները շատ է ձանձրալի…Էս մոծակներն էլ մի կողմից են նեղում… Ուզում էի գիրք կարդալ, բան դուրս չեկավ, մոծակները մի գլուխ վրա են տալիս։ Ստիպված հանգցրի լույսը։
–Քիչ առաջ վառվում էր։
–Նոր վառեցի։ Լուցկին ինչ-որ տեղ էի դրել, չէի գտնում։ Հիմա կհանգցնեմ։
–Իզուր։ Մոծակնեը մթան մեջ կատաղած են լինում
–Ի՜նչ եք ասում… Իսկ ես չգիտեի,– զարմանում է Պանկրատովը։-Լսեք, գուցե վերջ ի վերջո համաձայնեիք գալ ինձ մոտ։ Ասում եմ, չէ՞, ազատ մահճակալ կա, երկուսով տխուր չէր լինի, շախմատ կխաղայինք։
–Շնորհակալ եմ, Նիկոլայ Գերասիմովիչ։ Իմ գործուղումն արդեն վերջացել է։
–Ինչ է, գնու՞մ եք։
–Այո, վաղը գնում եմ։
–Դե որ էդպես է, բարի ճանապարհ,-մի տեսակ նեղացած քրթմնջում է Պանկրատովը։
Երկինքը լրիվ՝ ծայրից ծայր, պարզվել, ներկվել է մուգ կապույտ գույնով, ամպի ոչ մի ծվեն։ Պայծառ աստղերից ու լուսնի շողերից արծաթազօծվել են լեռների կատարներն ու սարալանջերը. ասես եղյամ է նստել։
Աչքերիս քուն չի գալիս։ Բացելով ծոցատետրս, սկսում եմ մաքուր արտագրել հապճեպ գրած թվերը, առաջավորների անուններն ու շինարարների պատմածները կառույցի մասին։ Նախնական այդպիսի աշխատանքները, սովորաբար, օգնում են ինձ՝ մտովի ստեղծելու ապագա ակնարկաշարի ամբողջական պատկերը։ Սակայն ստեղծագործական բավարարության ոչ մի զգացում։ Վահեի հետ կապված հիշողությունները մթագնում են այն, ավելի ճիշտ՝ դա գալիս է իմ հին ու սիրելի ընկերոջ ողբերգականորեն դասավորված ճակատագրում սեփական մեղքի գիտակցությունից. ախր, ինչու՞, ինչու՞ այն ժամանակ մենք չհասկացանք, ոչ, ոչ, չկամեցանք հասկանալ, որ մարդ ստեղծված է հասարակության մեջ ապրելու համար, բաժանել նրան այդ հասարակությունից, նշանակում է հնարավորություն ստեղծել, որ նրա մտքերը պղտորվեն, բնավորությունը դաժանանա, որ բազում անհեթեթ կրքեր սաղմնավորվեն նրա մատաղ հոգում, այդ հոգուն անհարիր գաղափարներ ծլարձակեն նրա ուղեղում, ինչպես վայրի փուշն անապատում։ Իսկն ասած, ես ինձ հենց նրա համար ստիպեցի զբաղվել գրառումներով, որպեսզի խլացնեմ իմ մեջ այդ զգացումը։ Չէ, ըստ երևույթին, այնքան էլ հեշտ չէ ինքդ քեզ խաբելը։ Հավաքում եմ թղթերը, դնում թղթապանակում։ Այ թե Վահեն հիմա տեսներ ինձ։ Ես, հավանաբար, պատմություն կերտողի իր կարևորությունը լիովին գիտակցող մտահոգ մարդու տեսք ունեմ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ոնց որ բախում են դուռը։ Ականջ եմ դնում։ Այո, կամացուկ բախում են։ Ո՞վ կլինի այսպես ուշ։ Պանկրատովն է , երևի։ Եթե նա եղավ՝ մի երկու քաղցր խոսք եմ ասելու։ Ելնում, դուռը բացում եմ։ Փայտե սանդուղքի ստորին աստիճանին կանգնած է Վեներան՝ ողողված դռան արանքով ընկած լույսով, շուրթերին՝ սառած, անբնական ժպիտ։