–Ես եմ…բան էի ուզում ասել քեզ։
–Ի՞նչ։
–Գուցե թու՞յլ կտաս ներս մտնել։
–Իհարկե, համեցեք։
Վեներան մտնում է ներս, ես նրան աթոռ եմ առաջարկում։ Ինձ ծանոթ ժեշտով նա ձեռքը տանում է դեմքի վրայով, ասես գլխացավից՝ մատներով ուժեղ շփում է ճակատը՝ միաժամանակ կնճռոտելով դեմքը։
–Ես քեզ ճիշտ չասեցի իմ ամուսնու մասին,-միանգամից սկսում է նա՝ աչքերը փախցնելով ինձնից։– Նա գործուղման չի մեկնել։
–Իսկ որտե՞ղ է։
–Բանտում է։ Այստեղից շատ հեռու՝ Կոմի երկրամասում։ Ասենք, դա դու, երևի գիտես։ Արդեն ասած կլինեն։ Դրա համար էլ եկա՝ վախենալով, որ կարող է ուրիշ կերպ մեկնաբանես իմ ինքնաբերական սուտը։
–Ես ոչինչ չգիտեի, Վեներա։
Անկեղծորեն ասած, ես մի կաթիլ խղճահարություն անգամ չեմ զգում նրա հանդեպ, թեպետ, հավանորեն, դա կլիներ մարդկային։ Բայց ինչ չկա՝ չկա։ Մոտ քաշելով մյուս աթոռը, ես նստում եմ Վեներայի դիմաց, հետաքրքրությամբ սպասելով, թե նա էլ ինչ կասի։ Իհարկե, Սպարտակը միանգամայն անտեղի է նստած, առանց որևէ բանի, դա ընդունված կարգ է, նա մաքուր է և մարդկանց առաջ, և օրենքի, իսկ, ահա, չար, նախանձ մարդիկ կազմակերպել, բանտ են նստացրել նրան։
Վեներան անակնկալ կերպով աչքերը հառում է ինձ և, ասես կարդալով իմ մտքերը, ժպտում է անուրախ ժպիտով։
–Դու, իհարկե, սպասում ես, որ ես հիմա կսկսեմ արդարացնել նրան, չէ՞։ Իբր անմեղ է, նրան զրպարտել են…Ոչ, նրան ոչ ոք չի զրպարտել։ Բռնվել է կաշառք վերցնելիս ու լրիվ խոստովանել իր մեղքը։ Համաձայն քրեական օրենսգրքի՝ հասնում է երեքից-տասը տարի, դատարանը տվեց ութ տարի՝ գույքի բռնագրավումով։ Սկզբում ինձ նույնպես թվում էր, թե կազմակերպված բան է, և կազմակերպել է կառույցի գլխավոր ինժեներ Մարատ Աղաբեկովիչը։ Այդ նա էր տեղամասային միլիցիոների ու մի երկու ակտիվիստի հետ, նախօրոք համարակալելով փողերը, Սպարտակին բռնել հանցանքի վայրում։ Գնացի մոտը՝ խնդրելու, ոպեսզի օգնի։ Եվ գիտե՞ս ինչ ասաց նա։ ''Մեղավոր չլինելու համար, ասաց, հարկավոր է անմեղ լինել։ Դժբախտության մեջ ընկնում են հանկարծակի, բայց հանցագործության գնում են աստիճանաբար։ Եվ ով հնարավորություն ուներ ժամանակին կանխելու հանցանքը, բայց դա չի արել, նշանակում է նա նպաստել է հանցագործությանը։ Գնացեք և լավ մտածեք, մեղավորի համար առաջին պատիժն այն է, որ նա չի կարողանում արդարանալ սեփական դատարանի առջև''։
–Եվ վաղո՞ւց է նա նստած։
–Մի քանի ամիս է արդեն։
Եվ դարձյալ, չգիտեմ ինչու, իմ մեջ խղճահարության նշույլ անգամ չկա Վեներայի նկատմամբ։ Ու այն բանից, որ խղճալ չեմ կարողանում, ես ինձ անհարմար եմ զգում։ Կարելի է, իհարկե, կեղծ տխրություն տալով դեմքիս, ձևացնել, թե ինձ համար անչափ ցավալի է այդ ամենը, սակայն դա էլ չեմ ուզում անել։ Տեղից ելնում, թղթապանակը սեղանի մի ծայրից քաշում եմ մյուս ծայրը։
–Վեներա, իսկ չէ՞ որ դու չես սիրում նրան։
Այս բառերն ինքնաբերաբար են դուրս թռչում, մի վայրկյան առաջ մտքովս անգամ չէր անցնում այդպիսի բան ասել նրան։ Վեներան այնպիսի զարմանքով է նայում ինձ, ասես անհեթեթ դատարկաբանություն դուրս տվի։ Իսկ գուցե այդպես էլ կա՞։
–Իսկ ինչի՞ համար սիրել։ Նրա համա՞ր, որ խորտակել է իմ կյանքը։
Լավ է ասված։ Իսկ մի քանի ամիս առաջ նա, անկասկած, ամուսնուն բոլորովին այլ բան է ասել… Անբարյացկամության աղոտ զգացումը մի պահ համակում է ինձ, և ես ասում եմ սառը.
–Այնքան էլ չի երևում, որ խորտակված է կյանքդ։
–Ի՞նչ ես այդ Մարատ Աղաբեկովիչի պես խրատ կարդում գլխիս։ Ի՞նչ է, այդպիսի բանը գրվա՞ծ է լինում մարդու ճակատին։
Այդպես էլ ինձ պետք է։ Իհարկե, այդպիսի բաները չեն գրվում ճակատին։ Ժամանակն է, որ վերջ տամ գրական պատրաստի շաբլոններով մտածելուն. լիքը դեմքը կուշտ, անհոգ կյանքի նշան է, այ, ուրիշ բան է, եթե վաղաժամ կնճիռներ լինեին…
–Ներիր։
–Թող աստված ների,-ժպտում է Վեներան։
–Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ։
Վեներան հոգնած նայում է ինձ ներքևից վերև։
–Ոչ, ոչ, շնորհակալություն, ես դրա համար չեմ եկել, օգնության կարիք չեմ զգում…
Վեներան ելնում, մոտենում է բաց լուսամուտին և երկար նայում է դուրս։
–Եթե կարելի է, հանգցրու լույսը,-ի վերջո խնդրում է նա, առանց շրջվելու իմ կողմը։
–Ինչու՞։
–Ուզում եմ մթության մեջ դիտել ձորահովիտը, իսկ լույսը խանգարում է։ Զարմանալի է, ինչքան ժամանակ է ապրում եմ այստեղ, բայց երբեք գիշերը չեմ նայել։
Ես մարում եմ լույսը և նույնպես կանգնում լուսամուտի առջև, Վեներայի մոտ։ Առաջին պահ ոչինչ չի երևում, այնուհետև, ինչպես երևակվող ժապավենը ջրում , մթության մեջ սկսում են նշմարվել լեռների աղոտ ուրվագծերը, հեռու լեռնալանջին, Հաթերք գյուղի մոտերքում, մեկ կորչում, մեկ կրկին առկայծում է ինչ-որ մենավոր կրակ…
Իմ դեմքին բոլորովին մոտիկ՝ ես հանկարծ Վեներայի այտն ի վար գլորվող արցունքի մի կաթիլ եմ նկատում։ Այս մթության մեջ, հավանաբար, անհնարին լիներ նկատել այդ կաթիլը, եթե չլիներ խավարի մեջ առկայծող այն մենավոր կրակը։ Այդ կրակն ադամանդի պես ցոլում, արտացոլվում էր արցունքի մեջ։