–Ինչու՞։
–Որովհետև գիտեր հացի արժեքը։
Հաճելի էր Մարատի հետ զրուցել։ Թե մեր տրամադրությունն էր լավ՝ չգիտեմ։ Միմյանց ընդհատելով, մենք մի թեմայից ակամա անցնում էինք մյուսին։ Երկար զրուցում էինք, ու ես շարունակ մտածում էի նրան հարցնել Սիմայի մասին։ Սակայն կամ մոռանում էի, կամ էլ անհարմար էի զգում։ Եվ միանգամայն անսպասելի Մարատն ասաց.
–Դուք գիտե՞ք, որ սերը նման է կարմրուկի, որքան մարդ ուշ է վարակվում, այնքան ավելի վտանգավոր է նրա համար։
Ես հետաքրքրությամբ նայեցի Մարատին, կանխազգալով, որ ուր որ է կսկսի իր սիրո պատմությունը։
–Եվ մի՞թե դրա դեմ ոչ մի դեղ չկա,– ժպտալով ասացի ես, նայելով նրան։
–Ինչո՞ւ չկա ,-արձագանքեց Մարատը։-Կա, իհարկե։ Ավելի ճիշտ՝ կան, ուղղեց նա։-Զանազան դեղեր կան, բայց ոչ մեկն էլ հուսալի չէ։
–Անձամբ ես այն կարծիքին եմ, որ սերը տարիք չի ճանաչում, -ասացի ես,– հարկավոր է սիրել, քանի սիրտն ընդունակ է սիրելու։
–Որովհետև սերը վեհացնու՞մ է մեր հոգիները,-քմծիծաղեց Մարատը։
–Թեկուզև այդպես։
–Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ սերը նման է վայրի ծառի, այն աճում է ինքն իրեն, առանց որևէ մեկի կամքին ու ցանկությանը, միանգամայն անսպասելի ու բնազդորեն։-Մարատը մի փոքր լռեց, նայեց ինձ ու շարունակեց։– Այո, աճում է անսպասելի ու խոր արմատներ գցում մեր ամբողջ էության մեջ և, գիտե՞ք, հաճախ շարունակում է բողբոջել ու ծաղկել անգամ մեր սրտի ավերակների վրա…
Իսկ ինչպիսի՞ն էր իր՝ Մարատի սերը, և ինչպե՞ս պատահեց, որ նա՝ արդեն երեսունհինգն անց հասուն տղամարդ, առաջին անգամ տեսնելով Նրան՝ պատանյակի պես գերվեց, միանգամից կորցրեց իրեն՝ դեպի լույս թևող գիշերաթիթեռի նման շարունակ մղվելով դեպի նա…
Առաջին անգամ նա Սիմային տեսավ ամբարտակից ոչ հեռու, գետափին, այնտեղ, ուր գետը, լեռներից գահավիժելով, դեմ է առնում ամբարտակին, և անհնազանդ մռնչալով, ծունկ է տալիս աջ ու գնում դեպի առաջին թունել։
Աղջիկը նստած էր մամռածածկ մի քարի և ակնդետ նայում էր գետնին. ասես ինչ-որ բան է կորցրել, և հիմա, առանց տեղից շարժվելու, աչքերով երկար որոնում էր ու չէր կարողանում գտնել։
Մարատը թունելագործների մոտ էր գնում։ Արահետը, շրջանցելով հաստաբուն ծառերն ու ժայռաբեկորները, գետափով ոլոր-մոլոր ելնում էր լեռնալանջով։ Գետի աղմուկը խլացնում էր ամեն մի ձայն, և աղջիկը չզգաց, որ մեկն արահետն ի վեր մոտենում է իրեն։ Նրա մոտով անցնելիս, Մարատը նայեց աղջկա հայացքի ուղղությամբ և մնաց զարմացած. աղջկա առջև, տաք քարերի մեջ, նախշուն օձ էր մեկնվել՝ կապտականաչավուն գույնի, մեջքին ու կողքերին՝ մութ բծեր։ Գեղասքանչ, նազուկ գլխիկը մի փոքր բարձրացրած, օրորելով՝ օձը նայում էր աղջկան։ Աղջիկը, հավանորեն, լսել էր, որ օձերը, ահա այսպես օրորելով գլխիկները, անակնկալ , մի ցատկումով նետվում են իրենց զոհի վրա։ Դրա համար էլ, ամբողջովին կծկված, ասես վախենում էր որևէ շարժում անել, սպասելով ճակատագրական ցատկին։ Սակայն ցատկը տեղի չունեցավ, որովհետև ինչ-որ տղամարդ, ասես հրաշքով բուսնելով գետնի տակից, քիչ հեռվում մի փայտ գտավ և այդ փայտի ծայրով օձը շպրտեց մի կողմ։
–Վախեցա՞ք,-հարցրեց նա։
Աղջիկը ճանաչեց կառույցի գլխավոր ինժեներ Մարատ Աղաբեկովիչին և, սաստիկ այլայլվելով, փութով ելավ քարից, ձգեց, ուղղեց շրջազգեստը՝ ծածկելով արևառ ծնկները։
–Ինձ թվում էր ուր որ է կնետվի ինձ վրա։
–Պատահում է, որ նետվում էլ են,-ժպտաց Մարատը։
–Ես հաճախակի եմ ընդմիջումներին կամ էլ գործից հետո գալիս այստեղ,-շշնջաց աղջիկը մեղավոր տեսքով։-Հաճելի է նստել ծառերի տակ և լսել գետի անդադրում շառաչը։
Մարատը չէր կարողանում հայացքը կտրել նրանից։ Կատարյալ գեղեցկուհի կոչել նրան թերևս չէր կարելի՝ սովորական, քիչ այտոսկրոտ հաճելի դեմք՝ սև խոշոր աչքերով ու լուսապայծառ այդ դեմքի համար անսովոր թուխ հոնքերով, մինչև ուսերն հասնող գալարուն մազերով, որ թվում էին ներկված՝ այնքան թարմ էր ու մաքուր նրանց գույնը։ Հավանական է, այդ դեմքին ամենից շատ գրավչություն տվողը հենց աղջկա մազերն էին։ Իսկ գուցե կրքոտ շուրթերի, կամ նրա նուրբ, համարյա մանկական երեսի ձվաձևության մե՞ջ էր գրավչությունն ու հմայքը, կամ էլ այն բանում, որ նա հազիվ լիներ տասնյոթ տարեկան… ''Գրողը տանի, ես ուղղակի բացարձակ բավականությամբ եմ զննում նրան'',-մտովի ինքն իրեն կշտամբեց Մարատը՝ նկատելով, թե իր հայացքի ներքո ինչպես է աղջիկն անզսպելի շիկնում։ Հարկավոր էր կամ հեռանալ, կամ մի բան անել, որպեսզի այդպես բացեիբաց չդիտեր աղջկան։ Սակայն հեռանալ չէր ուզում։
–Դե, լավ, ես պետք է գնամ,-իր համար անսպասելի ասաց Մարատը։-Հարկավոր է թունելագործների մոտ լինել։ Ցտեսություն։
Նա շուռ եկավ և ուղիղ գծով՝ չորացած խոտերի մեջ հազիվ նշմարվող կածանով քայլեց լեռան լանջն ի վեր։ Մանրիկ քարերը, դուրս պրծնելով նրա ոտքերի տակից, աղմուկով գլորվում էին ցած։ Որպեսզի չսայթի՝ կածանի վրա խոնարհված թփերից բռնելով, նա դանդաղ բարձրանում էր՝ համարյա հավատացած, որ աղջիկը նայում է իր ետևից։ (''Ես նույնիսկ չգիտեմ նրա անունը'')։ Ինչ-որ աներևույթ ուժ ստիպում էր Մարատին անհապաղ շուռ գալ, նայել ետ, սակայն նա չէր համարձակվում։ Միայն ճանապարհի կեսը անցնելուց հետո ետ շրջվեց. աղջիկը չկար։