Выбрать главу

Ձորահովիտը վիթխարի մրջնանոց էր հիշեցնում։ Այնտեղ, ուր առաջ գետի հունն էր, գործնականորեն այս ու այն կողմ էին շարժվում մեքենաները, ինքնաթափերը, քարշակները, էքսկավատորները, խուլ որոտում էին տոփանող ագրեգատները, մոտորների ոռնոցն ու դղրդյունը բռնել էին ամենուրեք, բանեցրած վառելանյութից գորշակապույտ մշուշ էր կանգնել ձորի վրա, զգացվում էր գերջեռուցած մետաղի հոտը։ Բարձրից Թարթառը կապույտ երկնքից ընկած մի շերտ էր հիշեցնում, որ սկիզբ առնելով լեռներից, ձյունաթաթախ ամպերի ու տաք մշուշների միջից, գալիս անցնում էր նեղ կապաններով, մթնամութ ծմակներով, աղմկում, հեծեծում էր կիրճերի մեջ, հետո դուրս էր ելնում ծմակներից և, դանդաղ սահանքով մոտենալով ամբարտակին, ծռվում, գաղտնածածուկ սողոսկում էր թունել։ Լեռնալանջի վրայից գետը թվում էր խաղալիքային, ասես ոչ իսկական, և մի տեսակ նույնիսկ անհավատալի էր թվում, որ ապագայում նրա ջրերով կլցվի այս վիթխարի, մի հայացքով անընդգրկելի ձորահովիտը։ ''Այո, այս ձորերը կլցվեն ջրով,-մտածեց Մարատը, շարունակելով հիացմուքով դիտել իր առջև բացված համայնապատկերը։– Ամբարտակի շինարարությունը նույնպես կավարտվի, իսկ ես այսպես էլ կմնամ ամուրի''։ Մտքի այսպիսի ակնհայտ, առանց տրամաբանական որևէ կապի անսպասելի բեկումը իրեն՝ Մարատին ևս շփոթացրեց։

Վերջին անգամ, երբ տուն էր գնացել, մայրը կշտամբեց նրան. ''Անկնիկ ու անզավակ մարդը, որդիս, կանաչ անտառում մեն-մենակ կանգնած չորացած ծառի է նման,-տխուր ասաց նա։– Մինչև քառասուն տարեկանը մարդու տունը անպայման պիտի լցվի երեխաների կանչ ու ծիծաղով, այլապես էդպիսի մարդու տունը տուն չի, էնտեղ անվերջանալի տխրություն կտիրի։ Բոլ ու հերիք է, խելքդ գլուխդ հավաքիր, ընտանիք կազմիր''։ Մարատը փորձ անգամ չարեց հակաճառել մորը։ Առհասարակ, վերջերս մայրը հաճախակի էր անդրադառնում այդ թեմային։ Մարատը միշտ էլ լուռ լսում էր, չկարողանալով որևէ կոնկրետ պատասխան տալ նրան։ Նա հիշեց նաև շինարարության պետի խոսքը այդ առթիվ։ Դա վերջերս էր, շրջանային խորհրդակցությունից էին գալիս, մեքենան ինքը՝ Մարատն էր վարում։ Նրանց խոսակցությունը պտտվում էր խորհրդակցությունում արծարծված հարցի շուրջը, հետո երկար ժամանակ լուռ էին, խավարի մեջ մեքենայի լուսարձակները բլրից-բլուր էին թռչում, և հանկարծ պետը՝ ծերուկ Յախշյանը, որ նստած էր ետնամասում, անսպասելի ասաց. ''Լսիր, դու ե՞րբ ես մտադիր մտածել ամուսնության մասին''։ Մարատը քմծիծաղեց մթան մեջ։

–Ես պատկանում եմ այն մարդկանց թվին,-ասաց նա,– ովքեր չեն ապրում այսօրվա կյանքով, այլ պատրաստվում են ապրել վաղը։

–Այդպիսի մարդիկ ապրում են չապրելով, նրանք միայն պատրաստվում են ապրել,– պատասխանեց պետը։– Մինչ նրանք խնայում են կյանքը՝ այն, ավա՜ղ, անցնում է։

–Ասում են ամուսնությունը շատ դառնություններ է բերում,-փորձեց խուսափել Մարատը։

–Բայց մի՞թե ամուրի մնալը որևէ ուրախություն է բերում,– իսկույն վրա բերեց պետը և ավելացրեց.– Գիտե՞ս, կան մարդիկ, ովքեր ձգտում են ամուսնանալ հարուստ ու գեղեցիկ աղջիկների հետ։ Ես այն կարծիքին եմ, որ հարուստ ու գեղեցիկ աղջկա հետ ամուսնանալու համար ինքդ պետք է լինես հարուստ ու գեղեցիկ։

Մեքենան իջավ ձորը և Թարթառի աջ ափով շարունակեց ճանապարհը։

–Եթե մարդ մինչև քառասուն տարեկանը չի սիրահարվում,– նորից խոսեց պետը,– ապա ավելի լավ է չսիրահարվի նաև դրանից հետո։

–Ինչու՞։

–Ասված խոսք է. հին տճկորները չեն դիմանում թարմ գինուն։

Մարատը ժպտաց, փորձեց ընդդիմանալ.

–Ամուսնանալ՝ նշանակում է կիսով չափ կրճատել քո իրավունքները և կրկնակի անգամ մեծացնել պարտականություններդ։

–Չէ, տղաս, ներիր, բայց քեզ հետ համաձայնել չեմ կարող,-ասաց պետը ետ ընկնելով։-Կյանքում չկա ավելի մեծ երջանկություն, քան ընտանեկան երջանկությունն է։ Դու, ինձ մի նայիր, իմ բանն ուրիշ էր։ Եվ ժամանակը նույնպես ուրիշ էր…

Մարատը լռեց, զգալով , որ ակամա դառնություն պատճառեց պետին. նա հայելու մեջ նայեց ետ. չէր սխալվել, պետը մտատանջ տեսք ուներ։ ''Անցյալը ապրում է մեզ հետ,-մտածեց նա,– ավելի ճիշտ՝ այն ապրում է մեր մեջ հավիտյանս հավիտենից''։

Մարատը ծանոթ էր պետի կյանքի պատմությանը, պետն ինքն էր պատմել մի անգամ, և այդ օրվանից Մարատը նրան վերաբերվում էր այնպես, ինչպես հասկացող որդին կվերաբերվեր կյանքի բոլոր դառնությունների միջով անցած հորը։ Այստեղ, այս լեռներում էր անցել պետի ջահելությունը, նա այստեղ մասնակցել էր նոր կարգերի հաստատմանը, այնուհետև կռվել հանուն այդ նոր կարգերի ամրապնդման։ Եվ զարմանալի է, որ նա կրկին այս ձորերն էր վերադարձել շուրջ քառասուն տարի հետո՝ արդեն ծերացած ու մենակ։

Այնտեղ, ուր այժմ կառուցվում էր ջրամբարը, ավազակների որջ էր։ Նրանք՝ այդ ավազակները, ահաբեկում էին կոլխոզ մտնող գյուղացիությանը, գազանաբար սպանում սովետական հիմնարկությունների աշխատողներին, կուսակցական ակտիվիստներին։

Պետն այն ժամանակ քսանյոթ տարեկան էր, բանդիտների դեմ մղվող պայքարի ակտիվ մասնակիցներից։ Նոր էր ամուսնացել Ասպրեի հետ, որին վաղուց էր պաշտում։ Մտածում էին՝ շուտով կվերջանա ամեն ինչ, խաղաղ կյանք կսկսեն, սակայն ավազակներից մեկը՝ Բախշին, օգտվելով նրա բացակայությունից, հարևանուհու մատնությամբ Ասպրեին փախցրեց ձորը և այնտեղ պատվազրկեց նրան։ Ասպրեն, չդիմանալով խայտառակությանը, իրեն քարափից նետեց ցած։ Հետո ոչնչացվեցին Բախշին էլ, ամբողջ ավազակախումբն էլ, բայց ուշ էր արդեն։ Այդպես էլ այլևս չամուսնացավ պետը և ճակատագրի բերումով հիմա կրկին եկել էր այնտեղ, ուր ընդմիշտ կորցրել էր Ասպրեին։