Выбрать главу

Առջևում, մթության մեջ, առկայծեցին բանավանի աղոտ լույսերը, լսվեց գետի խեղդված վշշոցը։ Մարատն ակամա նայեց աջ, դեպի կիրճերի ժայռեղեն, ասես մինչև երկինք հասնող գորշավուն պատերը, և սարսափով պատկերացրեց, թե ինչպես է այնտեղից գահավիժել դեռատի Ասպրեն։

–Երբեմն, սեփական աչքում արդարացվելու համար, մենք հավատացնում ենք մեզ, որ ի վիճակի չենք հասնելու մեր նպատակին,-երկարատև լռությունից հետո խոսեց պետը։– Բայց իմացիր, որ մարդն իսկական, երջանիկ կյանքով կարող է ապրել միայն սեփական օջախում։ Այնպես որ, ամուսնացիր, հետո ուշ կլինի։

Մարատն այս անգամ նույնիսկ չփորձեց առարկել. հո չի ասելու, թե ժամանակ չունի սիրելու և , պարզ է առանց իսկական սիրո ամուսնանալ չի կարող։ Առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է՝ սկզբում դպրոց, հետո ծառայություն՝ բանակում, հետո ինստիտուտ, հետո մի կառույցից մյուսը, թեկնածուական դիսերտացիան, որ անպայման հարկավոր է ավարտել… Բայց , դե, փաստը մնում է փաստ , որ նրանք երկուսն էլ՝ և մայրը, և շինարարության պետը, իրավացի են։ ''Ապրում եմ այնպես, ասես առջում հարյուր տարվա կյանք կա դեռ, -մտածեց Մարատը։-Այնինչ թռչում են տարիները, և մազերիս մեջ գնալով ավելանում է ճերմակը…''։

Սիման ընկերուհիների հետ ինչ-որ չափումներով էր զբաղված ամբարտակի վրա, երբ Մարատը վերադարձավ թունելագործների մոտից։ Նա հեռվից հեռու գողունի նայում էր աղջկա կողմը՝ թեպետ աշխատում էր չնայել։ Սակայն չնայել նրան՝ անհնարին էր, աչքերն իրենք իրենց շրջվում էին աղջկա կողմը, և Մարատին ամենից շատ դա էր բարկացնում՝ անհարմար էր։

Ընդամենը մի երկու օր առաջ էին նրան նշանակել կառույցի գլխավոր ինժեներ։ Եվ այդ օրը, որպես գլխավոր ինժեներ՝ նա առաջին անգամ էր բարձրացել ամբարտակ՝ ստուգելու տոփանման աշխատանքների որակը։ Նա գիտեր, որ տոփանորդները, եթե նրանց վրա հսկողություն չկա, կարող են անբարեխղճորեն կատարել հանձնարարված գործը։

Բազմատոննանոց ինքնաթափերը ծանր հռնդյունով ու ասես լարված, մագլցելով բարձրանում, ամբարտակի վրա դղրդյունով թափում էին մանրախիճն ու ավազը։ Եվ բուլդոզերները շտապ, գործնականորեն ետ ու առաջ էին շարժվում՝ ամբարտակով մեկ փռելով այդ մանրախիճն ու ավազը, գլանվակները տոփանում էին դա, այս ու այնտեղ, ինչպես նավթահանման պոմպերը, վարուվեր էին անում մետաղյա սալաքարերը։

Մարատը ուշադիր հետևում էր այն բանին, թե ինչպես էր չորս տոննանոց սալաքարը, հասնելով երկհարկանի շենքի բարձրության, վերևից ծանր թափով ընկնում ցած՝ դղրդալով ու ցնցելով ամբողջ ամբարտակը։ Անբավականությամբ օրորելով գլուխը, Մարատը ձեռքով մոտ կանչեց աղջիկներից մեկին՝ Ալվինա Օսիպովային։ Սա արագ, համարյա վազելով մոտեցավ նրան։

–Դուք ինձ կանչե՞լ եք, Մարատ Աղաբեկովիչ։

–Տվեք, խնդրեմ, վերջին չափումները։

–Այս րոպեին,– նա բաց արեց ձեռքի մեծ բլոկնոտը, աչք ածեց մատիտով արված գրառունմերը՝ որոնելով այն, ինչ պահանջում էր գլխավոր ինժեները և չգտնելով, շրջվեց աղջիկների կողմը։ -Սիմա,-կանչեց Ալվինան, նկատելի շփոթմունքով։ -Քեզ մո՞տ են վերջին չափումները։ Մի բեր այստեղ, շուտ։

«Ուրեմն նրա անունը Սիմա է… Թեկուզև հնացած, բայց գեղեցիկ անուն է։ Եվ մի տեսակ սազում էլ է նրան…»

Աղջիկը նույնպես աշխատում էր չնայել Մարատին։ Ամեն անգամ, երբ նրանց հայացքները մի տեսակ պատահաբար հանդիպում էին, աղջիկը հեռացնում էր աչքերը։ «Իսկ գուցե ամուսնացա՞ծ է, -անորոշ թախիծով մտածում էր Մարատը։-Չէ, չի կարող պատահել։ Իսկ գուցե որևէ սիրա՞ծ ունի…»։ Նա հանկարծակի խոժոռվեց սեփական մտքերից։ «Ես այս ինչե՞ր եմ մտածում։ Ես նրան հայր եմ սազում»։

–Ո՞ւր են չափումները,– հարցրեց անհանգիստ։ Նրա ձայնը հնչեց ավելի կտրուկ, քան ինքը կցանկանար։ «Այնուամենայնիվ, քեզ համար հաճելի չէ մտածել այն մասին, որ նա կարող է սիրած ունենալ… Խանդու՞մ ես»– հարցրեց նա՝ ինչպես նրա հետ սովորաբար լինում էր հոգեկան լարվածության րոպեներին՝ ինքն իրեն դիմելով երկրորդ դեմքով։

Սիման նրան մեկնեց վերջին չափումները։

–Ցուցանիշները ցածր են,-ասաց Ալվինան,– նույնպես նայելով գրառումներին։– Տոփանման ամրապնդությունը չի հասցվում նախագծայինին։ Քանի անգամ եմ նրանց ասել, որ այսպես աշխատել չի կարելի։

–Իսկ նրա՞նք ինչ են ասում,-հարցրեց Մարատը, առանց հայացքը թղթից կտրելու։

–Ի՞նչ պիտի ասեն։ Լռում են։ Իսկ մի քանի քայլ այն կողմ ես գնում թե չէ՝ դարձյալ իրենցն են անում։

–Սա ու՞մ ցուցանիշն է,-Մարատը մատիտով ցույց տվեց գրառումներից մեկը։

Ալվինան մի պահ նայեց թղթին, ասաց.

–Մարությանի։

–Իմ անունից հաղորդեք նրան… Ասենք, պետք չէ, ես ինքս կանեմ դա։-Մարատը նայեց ժամացույցին։-Շտապ բոլորին, ովքեր զբաղված են տոփանման գործով, կանչեք ինձ մոտ։

–Գուցե ավելի լավ է ճաշի ընդմիջմա՞նը,-զգույշ նկատեց Ալվինան։-Քիչ է մնացել։