–Ոչ, հիմա։
Երբ Ալվինան գնաց տոփանորդների ետևից, Մարատը ձևացրեց, թե իբր մտասուզված ուսումնասիրում է չափման արդյունքները, չնայած առանց այն էլ ամեն ինչ պարզ երևում էր թղթի վրա։ Սիման դեռևս կանգնած էր Մարատի մոտ՝ հավանորեն սպասելով նրա կարգադրությանը։ Սակայն նա աղջկան ասելու ոչինչ չուներ, և իր մոտից բաց թողնել նույնպես չէր ուզում։ «Գոնե մի բան ասեի… Իսկ ի՞նչ… Ի՞նչ ասել…''
–Սիմա, դուք վաղու՞ց եք մեզ մոտ աշխատում։
–Ոչ։-Աղջկա նրբագեղ այտերը շիկնել էին, և ամբողջ դեմքը մի տեսակ ասես այրվում էր անտեսանելի ինչ-որ կրակից։
–Ահա թե ինչու ձեզ առաջներում չեմ տեսել։ Իսկ մինչ այդ որտե՞ղ էիք աշխատում։
–Մայրաքաղաքում:«Հիդրոնախագիծ» ինստիտուտի լաբորատորիայում։
–Օհո, իսկ քանի՞ տարեկան եք, եթե գաղտնիք չէ։
Սիման նկատելով գլխավոր ինժեների շփոթմունքը, ժպտաց շուրթերով։
–Քսան,-ժպիտը դեռևս թրթռում էր նրա շուրթերին։
–Դուք , երևի, տեխնիկում եք ավարտել։
–Այո։
«Ինչի՞ համար եմ տալիս այս հարցերը։ Ինձ, ինչ է, պե՞տք են նրա հարցաթերթիկային տվյալները։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս է ընդունում նա իմ հարցուփորձ անելը. հավանաբար, հոգու խորքում ծիծաղում է՝ համարելով ինձ ծառայակատար ու չարասիրտ մարդ։ Դե ինչ, երևի այդպիսին էլ կամ… Դառն է խոստովանել, բայց դե,ուշ է երևի, որևէ բան անել՝ անհնարին է''։
Ամբարտակի վրայով նրանց էին մոտենում մի խումբ բանվորներ, առջևից գալիս էր Ալվինա Օսիպովան։
–Մարատ Աղաբեկովիչ, ես կարո՞ղ եմ գնալ,-կամաց հարցրեց Սիման։
–Ոչ, այս խոսակցությունը ձեզ էլ է վերաբերում։
Տոփանորդները վեց հոգի էին, նրանք լուռ կանգնել , մի ոտքից մյուսն էին փոխվում՝ սպասելով գլխավորի շշպռանքին. պարզ է, գլխավոր ինժեները աշխատանքները կանգնեցնել չի տվել, որպեսզի սրտագին զրույց բացի իրենց հետ։
–Ահա թե ինչ կասեմ ձեզ,-սկսեց Մարատը առանց կոնկրետ որևէ մեկին դիմելու։-Երկար-բարակ խոսակցությունների ժամանակ չկա։ Ես կուզենայի միայն նախազգուշացնել, որ տոփանման աշխատանքները մեզ մոտ շատ վատ են գնում։ Մարության, սա հատկապես քեզ է վերաբերում։
Հավաքվածներից մեկը՝ թուխ դեմքով մի տղա, առաջ եկավ։
–Ի՞նձ։ Ախր Մարատ Աղաբեկովիչ…
–Քո ցուցանիշները բոլորից ցածր են։
–Մարատ Աղաբեկովիչ, ես անում եմ ըստ հրահանգի՝ մի քառակուսի մետրի վրա սլաքարի տասնչորս հարված։
–Կարելի է հարվածների թիվը հասցնել և հարյուրի, եթե սլաքարը բարձրացնենք կես մետրից ոչ ավել, դա այնքան էլ դժվար գործ չէ։ Իսկ թե դրանից ինչ կստացվի՝ այստեղ պարզ երևում է,-նա ցույց տվեց ձեռքի մատյանը։
Տոփանորդները գաղտնածածուկ նայեցին իրար, և նրանց դեմքերին պարզ կարդացվում էր՝ «չէ, սրան խաբելը այնքան էլ հեշտ բան չի»։
Մարատը շարունակեց խոսքը, և նրա ձայնը հնչեց ծանրակշիռ ու հանգիստ.
–Մի փոքրիկ տեղեկանք նրանց համար, ովքեր դա չգիտեն, կամ մոռացել են արդեն։ Երբ այս ամբողջ հովիտը կծածկվի ջրով, ամբարտակի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա ջրի ճնշումը կկազմի շուրջ տասը տոննա։ Հետևությունը պարզ է, ուստի, այսօրվանից չափումները կկատարվեն յուրաքանչյուր կես ժամը մեկ։ Անորակ եղավ՝ չեմ ընդունելու, վարձատրում նույնպես չի լինելու։ Մարությանն այս ամիս զրկվում է պարգևատրումից։ Եվ վերջինը՝ եթե ձեզնից որևէ մեկին դուր չեն գալիս նախազգուշական այս միջոցառումները, ես կհեռացնեմ նրան աշխատանքից, և այն էլ ոչ թե համաձայն իր ցանկության, այլ ըստ իմ։
–Իսկ դա ի՞նչ է նշանակում՝ ըստ ձեր ցանկության,-մռայլ կերպով հարցրեց տոփանորդներից մեկը։
–Դա նշանակում է, որ նրա աշխատանքային գրքույկում կնշվի հեռացման պատճառը՝ անբարեխիղճ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։ Է՞լ ինչ հարցեր կան։
–Իսկ շատ չե՞ք խիստ վարվում, Մարատ Աղաբեկովիչ։ Այդպիսի բաների համար վերևում կարող են չխրախուսել ձեզ։
–Ոչինչ, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Վերջացրի, կարող եք գնալ։
Տղաները գլուխները կախ գցած քայլեցին դեպի իրենց մեքենաները։
Մարատը շրջվեց Օսիպովայի կողմը.
–Ալվինա, հաղորդեցեք ձեր աղջիկներին, որպեսզի չափումները կատարեն յուրաքանչյուր կես ժամը մեկ։ Տվյալները շտապ ներկայացնում եք ինձ։
–Լավ , Մարատ Աղաբեկովիչ։ Մենք կարո՞ղ ենք գնալ։
Մարատը ժպտաց մի աչքով, նրան մի տեսակ զվարճություն պատճառեց Ալվինայի ամենօրյա այդ պատրաստակամությունը՝ ծառայություն մատուցել իրեն։ Խոսում էին նույնիսկ, որ , իբր, նա մի քիչ սիրահարված է Մարատին։
–Այո, գնացեք։ Եթե հարկավոր եղա՝ բետոնագործների մոտ եմ։ Ուղարկեք որևէ մեկին, կամ ինքներդ եկեք։-Նա մի անգամ էլ նայեց ժամացույցին, և, երբ բարձրացրեց աչքերը, ապա բախվեց Սիմայի հայացքին։ Սա Մարատին նայում էր ոչ այն է վախով, ոչ այն է՝ անթաքույց զմայլանքով, և նրա կրակացայտ շուրթերին կրկին թրթռում էր հազիվ նկատելի քիչ առաջվա ժպիտը։ Մարատը հանկարծակի մթնդեց և լեռան լանջն ի վեր քայլեց դեպի վեր, ուշացումով ըմբռնելով, որ մի քանի րոպե առաջ, զրուցելով տոփանորդների հետ, նա, հավանական է, մի քիչ կոտրատվում էր իր հանդարտ տիրողականությամբ, և դա անում էր ոչ առանց գաղտնի հույսի՝ տպավորություն թողնել Սիմայի վրա։
«Շատ չէ՞ր մակերեսային, Մարատ Աղաբեկովիչ,-ինքն իրեն ասաց Մարատը։-Քեզ այդ ի՞նչ է եղել։ Առաջ դու կարծես թե այդպիսին չէիր։ Թե լրիվ թռցրե՞լ ես խելքդ»։