Մարատն ապրում էր բանավանի ծայրին, ուղղակի անտառի եզրին։ Մութ, անաստղ գիշերները անտառից լսվում էին շնագայլերի թախծաբեր ոռնոցներն ու բուերի աղիողորմ կանչերը։ Շինարարության առաջին ամիսներին, երբ բանավանում դեռևս էլեկտրականություն չկար, Մարատն արթնանում էր շնագայլերի ոռնոցներից ու այլևս չէր կարողանում քնել։ Նա ելնում էր անկողնուց և երկար ժամանակ հետաքրքրասիրությամբ նայում դուրսը, հետևելով, թե ինչպես են անթափանց խավարի մեջ ֆոսֆորային չարագուշակ լույսով փայլկտում շնագայլերի աչքերը՝ կրակոտ ու քաղցած։
Շինարարներն այն ժամանակ ապրում էին փայտաշեն վագոններում, որոնց վրա տղաներից ինչ-որ մեկը կավիճով գրություններ էր արել՝ ''Ուֆա-Մոսկվա'', ''Ռիբինսկ-Տաշքենդ'', ''Երևան-Բաքու'', ''Գորկի-Կիրով'' և նույնիսկ ''Ուգլիչ-Օրենբուրգ''։ Այսինքն մենք՝ շինարարներս, եկել ենք երկրի տարբեր վայրերից և այստեղ, աշխարհից կտրված այս ձորերում, ամբարտակ ենք կառուցում, որ լույս ու ջուր տա մարդկանց։ Եվ իրոք, այդ փայտաշեն տնակները գնացքի վագոններ էին հիշեցնում, բլրի վրայից նայելիս՝ թվում էր ոչ թե բանավան է, այլ հանգուցային կայարան։
Միայնակ ձանձրալի էր դատարկ վագոնում։ Ամբարտակի կառուցումը նոր էր սկսվել, կազմակերպական խառնաշփոթության պատճառով գործերն առաջ չէին գնում։ Բոլորը չէ, որ իրար գիտեին։ Բանվորները, հատկապես երիտասարդները, մի քանի օր աշխատելուց հետո, փախչում էին ամբարտակի շինարարությունից՝ չդիմանալով առաջին ամիսների դժվարություններին։
Այդ օրերին կառույցում երիտասարդ մի ինժեներ հայտնվեց՝ մասնագիտությամբ հիդրոտեխնիկ, գործունյա մի տղա։ Մի շաբաթ էլ չէր անցել, բայց շինարարությունում բոլորն արդեն նրան գիտեին։ Նա, ինչպես ասում են, հոգի տղա էր՝ կենսուրախ, զրուցասեր ու սրամիտ կատակների սիրահար։ Երեկոները, աշխատանքից հետո, տղաներին ու աղջիկներին հավաքած գլխին, նստում էր մոտակա բլրակին, որտեղից ինչպես ափի մեջ, երևում էր ամբողջ ձորը, ու մինչև ուշ գիշեր կիթառ էր նվագում և միաժամանակ կամացուկ երգում։ Մի խոսքով, նա պատկանում էր այն մարդկանց թվին, որոնց մասին սովորաբար ասում են. ''ադպիսիների հետ կյանքն ուրախ է անցնում''։ Այլ կերպ նույնիսկ անհնարին էր պատկերացնել, երիտասարդ նորեկ ինժեներն ասես մի տեսակ լրացնում էր կառույցի կազմակերպման քաոսի մթնոլորտն ու դրա հետ կապված դժվարություններն ու համընդհանուր վհատությունը։
Հաճախ գիշերները, իր վագոնում նստած աշխատելիս, Մարատը լսում էր նրա ձայնը. Տղան իրոք վատ չէր երգում։ Այդ օրերին էլ նրանք մոտիկից ծանոթացան։
–Անդրեյ,-ներկայացավ նա,-կարող եք պարզապես կոչել Անդրյուշա։ Դե, իսկ դուք Մարատ Աղաբեկովիչն եք, ձեր մասին ես արդեն լսել եմ։ Դուք էստեղ տեղամասի պետ եք աշխատում, ճի՞շտ է։
–Ճիշտ է, -ժպտաց Մարատը և հարցրեց իր հերթին։-Անդրեյ, իսկ դու որտե՞ղ ես ապրում։
–Չհասկացանք։ Ներկա էտապու՞մ։
–Ո՞ր վագոնում,-ուղղեց Մարատը ծիծաղելով։-Թե մենակ ես, կարող ես տեղափոխվել ինձ մոտ, կողքի սենյակն ազատ է, երկուսով ուրախ կանցնեն օրերը։
Հաղորդասեր բնավորությամբ՝ այդ տղան իսկույն դուր եկավ Մարատին։
Երեկոյան եկավ Անդրեյը՝ կիթառն ու ճամպրուկը ձեռքին։
–Դե որ ասում ես՝ ասում ես, -սկսեց նա, կիթառը կախելով պատից։– Եկա և այն էլ ընդմիշտ, -ավելացրեց նա և լեզվով չպացրեց։-Ահա այն ամենը, ինչ մնացել է կնոջիցս։ Եթե դատարանով բաժանվեի, երևի սա էլ չհասներ։ Քանի տարի աշխատում եմ, բայց դե , ոնց որ ասում են՝ կամ տունս, կամ կտուրս, ոչինչ չունեմ։ Ես այսպես եմ մտածում. մարդուն, բարեբախտաբար և դժբախտաբար՝ դա աստծուն է հայտնի, մի կյանք է տրված ընդհամենը, և այս կյանք ասածն էլ շատ կարճ է, ուրեմն պիտի ապրես էնպես, ինչպես սիրտդ ուզում է, այսինք՝ սրտիդ քեֆին չպիտի կփչես։ Կարճ՝ էնպես պիտի ապրես էդ կյանքդ, որ քեզ պատահած ամեն մի մանչուկ ասի. ''Պապա ջան, բարև''։– Անդրեյը ծիծաղեց, ավելացրեց.-Հը, ի՞նչ կարծիքի ես… Մարդիկ ինչ ասես, որ չեն առնում ու լցնում տները։ Մի հարցնող լինի՝ ու՞մ է պետք. Ալեքսանդր Մակեդոնացին աշխարհի տերն էր, բայց ձեռքերը տարածած մեռավ, ասելով՝տեսեք,ոչինչ չեմ տանում հետս: Ապրիր, քանի կաս, քանի չեն սպառվել քո էդ կարճատև կյանքիդ ամենապայծառ օրերը։
–Կյանքը կարճատև է, դա ճիշտ է,-ասաց Մարատը առանց Անդրեյին նայելու,-և պետք է այնպես անել, որ հետագայում չփոշմանես, այսինքն պետք է ձգտել անսխալ ապրել, թե չէ ամեն ինչ չէ, որ ժամանակը սքողում է…Սխալները ևս օգտակար են, քանի ջահել ենք, միայն թե այն հետներս չտանենք մինչև վերջ,– ավելացրեց նա անբռնազբոս ժպիտով։-Որովհետև մտածելով երեկվա սխալի մասին, դրանով իսկ սովորում ենք սխալներից խուսափել ինչպես այսօր, այնպես էլ վաղը։ Սա, իմիջիայլոց, իհերկե։
–Ես քեզ մի բան ասեմ. բնավորության մի անպետք գիծ ունեմ՝ոչ հարստության եմ ձգտում, ոչ փառքի, հենց էդ է, որ չեն հասկանում կանայք և դրա համար էլ, դեռ մի կարգին չծանոթացած՝ վզակոթիս տալիս, դուրս են անում փողոց։
Մարատը ժպտալով նայում էր նրան։
–Ուրեմն ամուսնացած ես եղել արդեն։
–Եվ այն էլ ոչ մեկ անգամ,-արագ վրա բերեց Անդրեյը։
–Բախտավոր աստղի տակ ես ծնվել, -այլևս չկարողանալով զսպել իրեն , Մարատը քմծիծաղեց։