Выбрать главу

–Տեսնու՞մ ես՝ ծիծաղում ես։ Ոչինչ, ծիծաղիր՝ ինչքան սիրտդ ուզում է։ Ինձ նման ախմախին դա դեռ քիչ է. գաղտնիք պահել չգիտեմ։ Բայց ասա տեսնեմ, ինչո՞վ եմ մեղավոր, որ մի գլուխ կպչում, պոկ չեն գալիս։ Իսկ ամուսնանում եմ թե չէ՝ սկսում են շրջանակների մեջ դնել։ Մեր մեջ ասած, վերջին կնոջիցս հենց այդ պատճառով էլ բաժանվեցի։ Խանդի տեսարաններ էր սարքում, օր չէր լինում, որ կռիվ չգցեր տանը։ Ես էլ վերցրի ու էնպիսի մի հեռավոր տեղ եկա, որ ամբողջ ազգ ու տակն էլ հավաքի, չկարողանա գտնի տեղս… Թե իմանաս ինչքան է դժվար էդ կանանց հետ, Մարատ… Դու նույնիսկ պատկերացնել անգամ չես կարող, թե ինչպիսի բաների են ընդունակ դրանք…Բայց դե, առանց դրանց էլ հնարավոր չէ։ Ինչ ասեմ, Մարատ, սիրում եմ գեղեցիկ կանանց, իմ թուլությունը դա է։ Օրվա մեջ կարող եմ մի քանի հոգու սիրահարվել և բոլորին էլ սրտանց, ամբողջ հոգով։ Գեղեցիկ կնոջ, աղջկա շորերի շրշյունից, բուրմունքից կամ, ասենք, մի նայվածքից կարող եմ գլուխս կորցնել։ Ազնիվ խոսք… Էհ, քանի ջահել ես, պիտի սիրես ու սիրես։ Նրանցից կշտանալ չի լինի, բայց գոնե մի կուշտ սիրես։ Լավ, գնամ անկողինս բերեմ։

Եվ այդ օրվանից սկսեցին միասին ապրել նրանք՝ Մարատն ու Անդրեյը։ Ամբողջ երկու տարի՝ միևնույն վագոնում՝ բանավանի ծայրին, ուղղակի անտառի զրին։

Բանավանը վաղուց քնած էր, նեղլիկ փողոցներում լռություն էր։ Միայն հատուկենտ ժողովականներ էին, որ կամացուկ զրուցելով գնում էին դեպի իրենց վագոնները։ Մարատը, քթի տակ ինչ-որ եղանակ սուլելով, դանդաղ քայլում էր էլեկտրական դեղնավուն աղոտ լույսով լուսավորված արահետով։ Հոկտեմբեր ամիսն էր, ոսկե աշնան երկրորդ ամիսը, տարվա եղանակներից՝ Մարատի ամենասիրած եղանակը։ Նրանից երկու տասնյակ քայլ այն կողմ, կապտասևավուն հորիզոնի վրա, մեղմորեն տարուբերվում էին ծառերի սլացիկ գագաթները, երկնքով անշտապ սահում էր ճերմակ լուսինը, ձորահովիտով, լուսնի պես ճերմակ, հոսում էր գետը և նրա խուլ վշշոցը մերթ ընդ մերթ հասնում էր Մարատի ականջին։ Առավոտվանից նա լավ տրամադրության մեջ էր և ոչնչով այլևս չէր հիշեցնում լուրջ, դեմքի խիստ արտահայտությամբ գլխավոր ինժեներին։ Այդպիսի բարձր, լավ տրամադրության համար ոնց որ մի առանձնահատուկ պատճառ էլ չկար, պարզապես առավոտյան արթնանալով, նա անմիջապես հիշեց, որ այսօր, թող թեկուզ հեռվից, բայց տեսնելու է Սիմային։ Եվ այդ զգացումը մի տեսակ լիցք տվեց նրան ամբողջ օրվա համար։

Վագոնում Անդրեյը նրան դիմավորեց զարմացական ժպիտով.

–Քեզ, ինչ է, շքանշա՞ն են տվել։

–Ի՞նչ շքանշան,-չհասկացավ Մարատը։

–Հոյակապ տրամադրություն ունես, ես էլ մտածեցի՝ հո շքանշանով, բանով չե՞ն պարգևատրել սրան։

Մարատը ծիծաղեց և, իր համար ևս անսպասելի, ասաց.

–Սիրահարվել եմ։

Անդրեյը ցուցադրաբար չռեց աչքերը, իր ամբողջ տեսքով հասկացնել տալով, որ նման դժբախտություն ում հետ ասես կարող է պատահել, միայն ոչ Մարատի հետ։

–Ի՞նչ ես աչքերդ չռել,-կրկին ծիծաղեց Մարատը։-Ես, ինչ է, նման չե՞մ սիրահարվածի։

–Եթե նույնիսկ նման էլ չլինեիր, ես , միևնույն է, չէի հավատա։

–Ինչու՞։

–Սերն, ախպերս, բոլոր տեսակ թեթևամիտ մարդկանց, ինչպիսին որ, օրինակ, ես եմ, ողորմելի ճակատագիրն է։ Նրանք դրանով հաստատում են սեփական կարևորությունը սեփական աչքում։ Իսկ դու, ավաղ, բարեմասնություններով օժտված դրական մարդ ես։

Մարատը վճռեց խաղակցելով առ ոչինչ դարձնել իր անսպասելի խոստովանությունը.

–Դու ճիշտ ես, Անդրեյ։ Ես սիրո համար այնքան էլ հարմար մարդ չեմ։

–Հենց բանն էլ էդ է…-ձգեց Անդրեյը, պատից հանելով կիթառը։-Բայց այնուամենայնիվ, ինձ թվում է, թե ինչ-որ բան է կատարվում քեզ հետ։

–Կուսակցական ժողովում գովել են, -փնթփնթաց Մարատը հանվելով։

Անդրեյը թերահավատությամբ նայեց նրան և սկսեց դանդաղորեն մատները հերթով դիպցնել կիթառի լարերին։

–Դրա համար էլ ու՞րախ ես այդպես։

–Իսկ մի՞թե դա քիչ է,– պատասխանեց Մարատը՝ խույս տալով Անդրեյի հայացքից։

–Լավ, համարենք, թե ինձ համոզեցիր։-Անդրեյը մեջքով հենվեց բարձին և սկսեց կիսագողական մի երգ նվագել, հետո հանկարծակի դադարեցրեց նվագը՝ ձեռափով սեղմելով կիթառի լարերը։-Ի միջի այլոց, Մարատ, կատակը մի կողմ, իսկապես, ինչու՞ չես ամուսնանում։ Ախր, նա, որին դու սպասում ես, երբեք չի գալու։ Սեփական փորձից գիտեմ։

–Իսկ ես ու՞մ եմ սպասում։

–Մի ձևացրու, Մարատ, դա քեզ չի սազում։ Մենք բոլորս էլ մեր հոգու խորքում ձգտում ենք ամենաչքնաղ, ամենաբարի ու ամենագեղեցիկ այն կնոջը, որն անկասկած կհասկանար մեզ կես խոսքից, մեր կիսահայացքից, կպաշտեր մեզ, կներեր մեր բոլոր հիմարությունները, որովհետև անհնարին է և սիրել, և լինել իմաստուն։ Բայց չէ՞ որ դա պատրանք է միայն, Գյոթեի ասած՝ «Դու փնտրում ես այն, որը երբեք չի գտնվում այս աշխարհում»։ Այո, մենք ինքներս ենք ստեղծել նրան չգոյությունից և անհուսորեն սպասում ենք, որ նա կգա, որ դեռ անպայման կգա նա, և մեր կյանքը կդառնա արեգակնագեղ լուսահրաշ։ Ոչ, սիրելիդ իմ, Մարատ Աղաբեկովիչ, հայտարարում եմ ամբողջ պատասխանատվությամբ՝ նա չի գա։ Որովհետև նա չկա։ Եվ դու զուր ես սպասում։ Գոհացիր նրանով, ինչ կա։ Ամուսնացիր Ալվինա Օսիպովայի հետ. նա գեղեցիկ, հոյակապ հայ աղջիկ է, ծնունդով էլ ղարաբաղցի, և դրա հետ մեկտեղ սիրում է քեզ։ Ասա, ի՞նչն է խանգարում քեզ ամուսնանալ։