–Իսկ քեզ ի՞նչն է խանգարում,-ժպիտով հարցրեց Մարատը։
–Ի՞նձ։ -Անդրեյը թեթևակի շփոթվեց այդչափ անակնկալ հարցից։– Ինձ, ախպերս, շատ բան է խանգարում։ Գիտե՞ս ինչ, բոլոր նրանց համար, ովքեր երբեք ամուսնացած չեն եղել, բանը մի քիչ այլ կերպ է. ամուսնություն, ընտանեկան կապեր,-նրանց այդ ամենը վարդագույն է երևում։ Իսկ ինձ համար… ես, հըմ… ես միանգամից երկու կնոջ ալիմենտ եմ վճարում։ Աղջիկները հենց որ իմանում են էդ մասին, ոնց որ ժանտախտից վարակվածից՝ խրտնած մի կողմ են նետվում։ Հիմարներ չկան հիմա…-Անդրեյը երազկոտ հառաչեց։-Եվ, այնուամենայնիվ, գրողը տանի, հրաշալի է, որ կա էդպիսի երազանք՝ անպայման հանդիպել նրան՝ ամենաքնքուշ, ամենաբարի ու ամենագեղեցիկ կնոջը… Բայց դու, Մարատ, համենայն դեպս, իզուր ես սպասում նրան, կյանքը, ախր, անցնում է, ջահելությունն անցնում է։– Նա միջնամատը տարավ լարերի վրայով, կամացուկ երգեց. ''Երբ տեսնում եմ ես փողոցում ծեր մարդկանց, սարսափ է պատում ինձ մի պահ, չէ՞ որ կգա, կգա մեր վերջին գարունը, և այնտեղ, ուր վառվում էր կրակը մեր ջահելության, մոխիր կգտնենք մենք միայն''։ – Նա միանգամից ընդհատեց երգը, դարձավ Մարատին.– գերազանց ավարտել ես ինստիտուտը, աշխատանքի ահագին փորձ ունես, մի ամբողջ կառույցի գլխավոր ինժեներ ես, հեղինակություն ու հարգանք ես վայելում մարդկանց շրջանում։ Էլ ի՞նչ է պետք քեզ։
Մարատը նայեց նրան, քմծիծաղեց։
–Մի երկու-երեք տարի հետո ամբարտակի շինարարությունն էլ կավարտվի,-շարունակեց Անդրեյը խանդավառությամբ,-միտինգում կծափահարեն քեզ, համապատասխան ճառեր կարտասանվեն, թերթերում մի երկու անգամ կհիշեն անունդ։ Եվ հետո՞։ Հետո՝ վերջ։ Ի՞նչ բավականություն այդ ամենից, եթե չկա մեկը քո սրտին մոտ, որի հետ կարողանայիր կիսել ուրախությունդ, որովհետև եթե վիշտը կարելի է տանել միայնակ, ապա ուրախության համար հարկավոր են երկուսը։ Եվ, ընդհանրապես, թեկուզ մի քիչ տափակ էլ է հնչում, բայց մարդ պարզապես պետք է ունենա մեկը, ով կդիմավորի նրան, երբ նա հոգնած կգա տուն, ով կժպտա նրան, կգրկի, կասի պարզագույն բառեր. ''Հարազատս, դու հոգնե՞լ ես''։ Բայց չէ՞ որ կա էդպիսի մեկը։
–Ո՞վ է։
–Միթե՞ չասացի քեզ՝ Ալվինա Օսիպովան։
–Վերջ տուր,– անչար ասաց Մարատը։-Ինչու՞ է քեզ թվում, թե նա սիրում է ինձ։
– Մի անգամ տեսել եմ քեզ նայելիս…Հավատա ինձ, նա սիրահարված է քեզ։
–Լավ մի հնարիր,-ժպտաց Մարատը։
–Դե եկ ու մարդկանց լավություն արա,– շինծու վիրավորվածությամբ ասաց Անդրեյը, ավելի ետ ընկնելով բարձին։-Ձեռքիս մեջ աղ չկա, զուր տեղը էսքան էլ խոսեցի։
–Գուցե պիտի վճարե՞լ դրա համար։
–Վատ չէր լինի։ Ի միջի այլոց, փո՞ղ կա մոտդ, մի տասը ռուբլի է պետք։ Հասկանու՞մ ես, մեկի ծննդյան օրն է, հրավիրել է, և, հակառակի պես, մի կոպեկ փող չունեմ…
Մարատը փող մեկնեց նրան։
–Շնորհակալ եմ:– Անդրեյը դրամը անփութորեն խոթեց գրպանը։-Դե, Մարատիկ, ես գնացի, իսկ դու, ոնց որ պետքն է, ծանրութեթև արա ասածներս, իմն արդեն անցել է, ես քո մասին եմ մտածում։
Եվ մի առ ժամանակ անց բանավանի մյուս ծայրին հնչեց նրա կիթառի նվագը, իսկ հետո լսվեց նրա ձայնը.
Անգամ կիսանինջ
Միշտ լսում եմ ես,
Ախ, լսում եմ ես,
Դու կանչում ես ինձ։
Տրա-տա-տա-տա,
Տրա-տա-տա-տա-տա…
Գիշերը վաղուց անցել էր, երբ Անդրեյը տուն եկավ։ Մարատը արդեն պառկած էր, սակայն չէր քնել դեռ։
–Լույսը կարող ես վառել , քնած չեմ,– ասաց նա։
Անդրեյը վառեց իր սենյակի լույսը, կիթառը կախեց պատից և սկսեց հանվել։
–Ինչու՞ չես քնում։ Երևի էլի նստել, աշխատել ես, հա՞։
–Հա, մի քիչ աշխատեցի,– ժպտաց Մարատը։-Հը, լա՞վ անցավ ծննդյան օրը։
–Ի՞նչ ծննդյան օր։
Մարատը ծիծաղեց։
–Դու չասեցի՞ր, որ ծննդյան օր է, և որ դու հրավիրված ես։
–Չէ, ոչ մի ծննդյան օր էլ չկար։ Ոտքով մինչև ամբարտակ գնացինք, եկանք։
–Այդ ու՞մ հետ։
–Էհ, ճաշարանում մի մատուցողուհի կա, Լարիսա է անունը։ Շատ ես, ասում է, դուր գալիս ինձ, եթե դուր չգայիր, ասում է, ես ինձ երբեք թույլ չէի տա ժամադրության գալ հետդ, ես քո իմացած աղջիկներից չեմ…– Եվ ոնց էր իրեն փշրում։ Ի միջի այլոց, քեզ բավականին չարախոսեց։
–Ի՞նձ։ Ինչի՞ համար։
–Այն բանի համար, որ դու անհոգի ես, չորսիրտ մարդ ես, և նմանատիպ այլ խոսքեր։ Խոստովանում եմ՝ էդ մի բանում ես համաձայն եմ նրա հետ։
–Անուշ լինի։ Իսկ մնացած բաներու՞մ։
–Մնացած բաներում ի՞նչ պիտի լինի։ Մնացած բաներում նա օրինակելի-ցուցադրական ապուշ է,-քրթմնջաց Անդրեյը և ձգվելով մարեց լույսը։ Մթան մեջ ճռնչած նրա մահճակալը։– Աստված իմ, ո՞նց են ծնվում էդպիսի տիպերը։Մտքիդ չդնես, ասում է, հետս ման գաս ու թողնես, ես քո իմացած աղջիկներից չեմ։
–Բարկանլու ինչ կա այստեղ,– ժպտաց Մարատը։-Նա երևի շատ լավ գիտի, որ կառույցի համարյա բոլոր աղջիկներին սիրո խոստումներ եմ տվել։
–Որ գիտի, էլ ինչի՞ է կանչում էս կեսգիշերին։
–Որպեսզի այդ մասին ասի քեզ։
Միառժամանակ նրանք լուռ էին։ Անդրեյը ծխեց։ Նրա սիգարետի կրակը սենյակի մթության մեջ համաչափ կիսաշրջաններ էր գծում դեպի մոխրամանն ու ետ։