Выбрать главу

–Անդրյուշա, ճիշտն ասա, երևի կառույցում մարդ չլինի, չէ՞, որի հետ ծանոթ չլինես։

–Պարզ է, աղջիկներին նկատի ունես… Համարյա բոլորին գիտեմ։ Վերջերս մի երկուսը եկել են, մեջները մեկը կա, շատ լավիկն է՝ աներևակայելի գրավիչ, սիրուն տոտիկներով, բռնես ու միանգամից հոշոտես…

–Էդ ո՞րն է:

–Սիմա է անունը, երևի տեսած կլինես։ Չե՞ս տեսել։

–Գուցե տեսել եմ, չեմ հիշում, հո բոլորին անուններով չգիտեմ։

–Մայրաքաղաքից է եկել՝ կոմերիտական ուղեգրով։

–Լավ, քնենք,– խուլ արձագանքեց Մարատը։

–Քեզ ի՞նչ պատահեց,-զարմացած ասաց Անդրեյը։

–Ոչինչ, պարզապես զարմանալի է, թե այդ ոնց ես հասցնում իմանալ, և, որ ամենագլխավորն է՝ հիշել բոլոր այդ տեղեկությունները աղջիկների մասին,-ոչ առանց սրտնեղության ասաց Մարատը, շրջվելով դեպի պատը։– Դու հարևան գյուղում էլ երևի ծանոթ աղջիկներ ունես։

–Գրողը տանի նրանց բոլորին։ Մի անգամ, Մարատ, ուսանող ժամանակ, թատրոնում, մի աղջիկ տեսա… Էնքա՜ն սիրուն, էնքա՜ն լավը, էն աստիճան ինձ կորցրի, որ հանդերձարանում խնդրեցի վերարկուս, որն իմ հագին էր։ Ծերունի հանդերձապահը նայեց ինձ, ծիծաղեց… Ինչ վերաբերվում է հարևան գյուղի աղջիկներին… Փորձիր հետները խոսել, մի րոպեում ազգ ու տակը գլխիդ կհավաքվեն՝ դե որ խոսցրել ես՝ ամուսնացիր։ Միլիոն տարի պետք չեն։

–Իսկ դրա հետ… ինչպե՞ս էր անունը… Սիմա է, ինչ է… արդեն ծանո՞թ ես։

–Հենց էնպես, թեթևակի։ Մի տեսակ անմատչելի է երևում։ Երևի որևէ մեկն ունի էստեղ։ Եթե նույնիսկ ոչ էստեղ, ապա քաղաքում։ Էդպիսի աղջիկ ու՝ սիրած չունենա՞…

–Լավ, քնենք։ Բարի գիշեր։

–Լույսը բարի։

Աշնան համար անսովոր՝ ամբողջ գիշերը, մինչև լույս, որոտում էր երկինքը, մերթ ընդ մերթ ճայթում էր կայծակը, դղրդյունը արձագանքում էր կիրճերում։ Իսկ առավոտյան դեմ քաշաթուխպը իջավ, լցվեց ձորը և մի քանի հարյուր մետրի վրա ոչինչ չէր երևում այլևս։ Ծառերի մերկացող ճյուղերը տաղտկորեն օրորվում են, և նրանց վրայից գլորվում, ընկնում են անձրևի սառը կաթիլները։ Ներքևում, ձորահովտում, նախիրի մեջ պտտվում, գլուխը վեր շեփորային ձայնով բառաչում է ածխագույն ցուլը։ Եղջերուները դուրս են գալիս արգելոցային անտառից և, շրջակա բլրակների վրա կանգնած, վախվորած նայում են հովտին՝ վտանգ չկա՞ արդյոք։ Հետո զգուշորեն իջնում են դեպի գետը՝ ջուր խմելու, և անմիջապես անհետանում են թավուտներում։ Ետմիջօրեին քաշաթուխպն ավելի թանձրացավ, և թանձր մշուշի միջով ինքնաթափերը մեկը մյուսի ետևից դեպի ամբարտակ էին գնում լուսարձակները վառած։

Արդեն մի քանի օր էր, ինչ ամբարտակի շինարարության պետը հիվանդացել էր, և Մարատը ստիպված էր փոխարինել նրան։ Նա մինչև կոկորդը խրված էր գործերի մեջ՝ ժողովներ, նիստեր, թռուցիկ խորհրդածություններ, որ երբեմն տևում էր ամբողջ մի ժամ, պլանավորումներ, հեռախոսային զանգեր։ Այդքանն ասես քիչ էր, եռամսյակի պլանն էլ մի կողմից էր նեղում, հարկավոր էր համախմբել բոլոր ուժերը, թե չէ այս ու այնտեղից կսկսվեն գրոհները, և չես իմանա որտեղ թաքցնես գլուխդ։

Մարատը տուն էր գալիս գիշերվա կեսին, սաստիկ հոգնած, ընկնում էր մահճակալին, և մեռելի պես քնով անցնում՝ հասցնելով միայն զարթուցիչը լարել առավոտյան ժամը վեցի վրա։ Ժամը վեցին արթնանում էր, և երեսը մի թեթև լվալով սառցասառն ջրով, որպեսզի փախցնի քունը, նստում, աշխատում էր դիսերտացիայի վրա. չէ՞ որ դա էլ պետք է գրել– վերջացնել, ժամանակը չի սպասում… Եվ մինչև լուսաբաց, երբ ամբողջ բանավանի լույսերը հանգած, մարդիկ խաղաղ քնով քնած են իրենց անկողիններում, ինչպես գիշերային փարոս՝ լոկ մեն-միայնակ մի լույս է վառվում անտառեզրի տան նեղլիկ լուսամուտում։ Եվ բոլորը գիտեն. այնտեղ, այդ լուսամուտի ետևում, իր գրասեղանին հակված, նստած է նա՝ Մարատ Աղաբեկովիչը, մի մարդ, որը հայտնի չէ՝ ե՞րբ է քնում, և արդյոք , քնու՞մ է առհասարակ. ցերեկները նա լինում է կառույցում, գիշերը՝ տանը, նստած ձեռագրերով, բառարաններով, տեխնիկական տեղեկագրքերով ու գծագրերով ծանրաբեռնված սեղանի մոտ։ Բոլորը գիտեն, որ նա է դա, այդ նրա վագոնի լույսն է մինչև առավոտ խավարի մեջ կիկլոպի պես թարթում աչքը. այո, դա այդպես էր, սակայն ոչ ոք չգիտեր, որ հենց այդ րոպեներին, խոնարհված իր թղթերի վրա, նա մտածում էր բնավ ոչ դիսերտացիայի մասին, և եթե նրանցից որևէ մեկին, ով լավ է ճանաչում Մարատին (կամ, համենայն դեպս, թվում է, թե ճանաչում է), հնարավոր լինել ցույց տալ ճշգրիտ գրառումը այն ամենի, ինչ այդ պահին մտածում էր գլխավոր ինժեները, այդ մարդը ավելի շուտ կմտածեր, թե ձեռք են առնում իրեն։ Մարատ Աղաբեկովիչը՝ խստապահանջ, քչախոս, զուսպ բնավորությամբ,– ու հանկարծ այնպիսի մտքեր ունենա, որոնք ավելի շատ սազեին կյանքում առաջին անգամ սիրահարված տասնհինգամյա պատանյակի… Ասենք, նա ինքն էլ չէր հավատա դրան։ Իսկ մտածում էր նա Սիմայի մասին, և մտածում էր ամենածեծկված բառերով, ինչպես, իրոք, որ կարող են մտածել փոխադարձության հավանականությունը լիովին կորցրած տասնհինգամյա սիրահարվածները։ Ցերեկով Անդրեյը, ոնց որ մի տեսակ անցողակի, բերանից գցեց, որ իբր իր ''ժամերգության'' ժամանակ, ինչպես ինքն էր անվանում իրիկնային իր երգերն ու նվագը մոտակա բլրակի վրա, նա նկատել է, թե ինչպես Սիման ու ինչ-որ տղա առանձնացան բոլորից և զրուցելով քայլեցին անտառի կողմը։ Եվ դա բավական էր, որպեսզի Մարատը կորցներ հանգիստը։ «Ախր չէ՞ որ ես սիրում եմ քեզ Սիմա, -հայացքը անփութորեն թափված գրքերին ու ձեռագրերին, սակայն առջևը ոչինչ չտեսնելով, մտովի ասում էր նա Սիմային։-Ես քեզ սիրեցի հենց առաջին հայացքից, երբ տեսա գետափին, մամռոտ քարերին նստած։ Ես չգիտեմ, թե այդ տեղով պատահաբար անցնելիս ինչո՞ւ հատկապես քեզ տեսա այդ պահին, և ի՞նչ կփոխվեր, եթե քո տեղը ուրիշը լիներ այնտեղ։ Հավանաբար, ես կմնայի որպես նախկին Մարատ և չէի ապրի այն, ինչ ապրում եմ այժմ։ Ես երախտապարտ եմ քեզ, Սիմա, որ ինքդ դա չզգալով, այդ զգացմունքն արթնացրիր իմ մեջ։ Գոհ եմ և դրանով, որովհետև գիտեմ՝ ավելին հուսալ չեմ կարող։ Սիրիր՝ ում որ ուզում ես, քո ճանապարհին չեմ կանգնի»։ Ահա թե ինչի մասին էր մտածում այժմ երեսունհինգամյա այդ ամուրին ու խստապահանջ պետը, որի հեղինակությունը ամբարտակի շինարարների շրջանում հաստատվել էր միանգամից ու ամուր։