Հանդիպելով Սիմային, նա անտարբեր տեսք էր ընդունում և, սառը բարևելով, անցնում էր կողքով։ Պլանավորումների ժամանակ ձգտում էր չնայել նրա կողմը։ Սակայն չէր արգելում իրեն մտածել նրա մասին. նախ՝ որ մտածել Սիմայի մասին՝ ինքնին հաճելի էր, երկրորդն էլ, միևնույն է, արգելքը չէր ազդի։ Եվ նա մտածում էր Սիմայի մասին, բավականություն ստանալով նրա հետ մտովի հաղորդակցվելուց ու զարմանալով այն բանից, որ ինքը, պարզվում է, օժտված է այդպիսի հարուստ երևակայությամբ։
Եվ այնուամենայնիվ, նրանք հանդիպեցին, և դա տեղի ունեցավ ոչ այնքան պատահականորեն, թեև Մարատը բոլորովին չէր սպասում այդ հանդիպմանը։
Կառույցի կոմերիտականները նրան հրավիրել էին իրենց հերթական ժողովին, խնդրելով մի երկու խոսք ասել։ Մարատը ելույթ ունեցավ, կարճառոտ բնութագրեց դրությունը կառույցում, ընդգծելով այն գլխավոր խնդիրները, որոնք երետասարդ շինարարները պետք է վճռեին առաջին հերթին։ Ժողովից հետո Մարատը մտավ վարչություն և այնտեղից դուրս եկավ միայն ժամը իննի մոտերքին։ Նա դանդաղ բարձրանում էր հազիվհազ լուսավորված արահետով։ Չնայած այն բանին, որ օրերն արդեն ձմեռային էին, երեկոն, ինչպես դա լինում է օգոստոսի վերջերին, տաք էր և անքամի։ Երկինքը ջինջ էր, սփռված հարավային խոշոր աստղերով։ Մարատը քայլում և մտածում էր այն մասին, որ ամբողջ ժամանակաընթացքում, ինչ շարունակվում էր ժողովը, նա լոկ մի անգամ, այն էլ հարևանցիորեն, նայեց Սիմային (ժողովի արձանագրությունը նա էր գրում) և հանդիպեց նրա հանգիստ, մի տեսակ տարակուսական հայացքին։ Սիման չհեռացրեց աչքերը։ Իսկ այնուհետև, ուղղակի մինչև ժողովի վերջը, Մարատն իր վրա զգում էր այդ հայացքը, և նրանից աներևակայելի ճիգեր պահանջվեցին՝ չշրջվելու նրա կողմը։ «Դատելով ամեն ինչից, նա ինչ-որ մի տեսակ վշտացած էր, մտածում էր Մարատը։-Եվ, ով գիտի, գուցե իմ օգնության կարիքն էր զգում։ Վերջ ի վերջո, չէ՞ որ այս կառույցում ես ինձնից ինչ-որ բան ներկայացնում եմ…»։ Մի քիչ դառն էր մտածել, որ ինքը նրան հետաքրքրում է սոսկ որպես պետ, բայց (նա իսկույն ըմբերանեց ինքն իրեն) միթե՞ ինքն ավելին հուսալու իրավունք ունի… Գրողը տանի, հարկավոր է մի այլ բանի մասին մտածել, քիչ հոգսեր կա՞ն, ինչ է…
Սակայն մի այլ բանի մասին մտածել չհաջողվեց։ Նա ավելի շուտ զգաց, քան իր ետևում լսեց ինչ-որ մեկի թեթև քայլերը և կտրուկ շուռ եկավ… Նրա առջև կանգնած էր Սիման՝ այն նույն երփներանգ շորով, որով նստած էր ժողովում։ Եվ այդ շորը, և սև կուրտկան, որ ձիգ գրկել էր նրա սլացիկ իրանը, շատ էին սազում նրան։
Աստղերի և փողոցային լապտերների աղոտ լույսերի տակ Սիմայի դեմքը գունատ էր ինչպես մոմ։
–Սիմա՞… Որտեղի՞ց եք գալիս այս ուժ ժամին։
–Ես… ընկերուհուս մոտ էի…-հուզմունքից նրա ձայնը դողաց, նա շունչ առավ՝ ասես նետվում էր ջուրը, ասաց։-Զարմանալի է։ Ես նույնիսկ չէի մտածում, որ այստեղ կարող եմ հանդիպել ձեզ։
Մարատը նույնիսկ շփոթվեց այդպիսի հապշտապությունից։
–Դուք չե՞ք շտապում,-հարցրեց նա։
–Ոչ:-Սիման ուղիղ նայեց նրան։ Մարատը ստիպեց իրեն ժպտալ։
–Դե, եթե այդպես է, կարելի է մի քիչ զբոսնել։ Դուք հո դեմ չեք։
–Ոչ, իհարկե։ Սքանչելի եղանակ է։
Սիման, գլուխը ցած գցելով, քայլեց առաջ։ Նրանք լուռ գնում էին փողոցն ի վեր, և Մարատը չէր համարձակվում թևանցուկ անելով օգնել նրան՝ հաղթահարելու ուղղաձիգ վերելքը։
Որոշ ժամանակ նրանք դարձյալ քայլում էին լռելյայն։ Մարատը նայում էր բաց գույնի պուտերով նրա ալեծփվող զգեստին, մինչև ուսերն իջնող թանձր մազերին, գեղակազմ բարձր ոտքերին և զգում, թե ինչպես է հետզհետե իրեն համակում քնքշանքի ջերմ ալիքը հանդեպ Սիման։ Աղջկա հագի կոշիկները սև գույնի էին, մթության մեջ դրանք չէին երևում, և այնպես էր թվում, թե Սիման քայլում է՝ առանց կպչելու գետնին։
Նրանք անցնում էին այն վագոնի մոտով, ուր ապրում էր Մարատը։ Եվ հանկարծ, ոչ այնքան հեռվում, շան կատաղած հաչոց լսվեց։
–Անդրեյն է,-ժպտաց Մարատը։
Սիման տարակուսանքով շուռ եկավ Մարատի կողմը, հետո հանկարծ կամացուկ ծիծաղեց։
–Ինչի՞ց իմացաք Անդրեյն է…Նա՞ է հաչում։
Մարատը նույնպես ակամա ծիծաղեց։
–Իրոք հիմարավարի ստացվեց։
–Ինչու՞ հիմարավարի։ Պարզապես ծիծաղելի է…