Выбрать главу

Այդ չնչին դեպքը որոշակի լիցքաթափեց նրանց միջև առաջացած լարվածությունը։

Երկուսն էլ միանգամից իրենց անկաշկանդ զգացին։ Միայն թե պետք չէ, որ ընդհատվի իրենց խոսակցությունը, հարկավոր է խոսել ու խոսել։

–Իրիկունները, տուն վերադառնալիս, նա անպայման սկսում է գրգռել Բասարին՝ մթերախանուութի պահակի շանը։ Դա, չգիտես ինչու, հաճույք է պատճառում նրան։ Եվ Բասարին նույնպես։ Անդրեյին նա կես կիլոմետրից է ճանաչում։

–Անդրեյը դու՞ր է գալիս ձեզ,-անսպասելի հարցրեց Սիման։

–Անդրե՞յը։ Իհարկե։ Նա վատ տղա չէ։ Ճիշտ է, մի քիչ տարօրինակություններ ունի, բայց ոչինչ…-ավելացրեց Մարատը ժպիտով։

Նրանք կանգ առան վագոնից մի քանի քայլ այն կողմ՝ մի մեծ քարի մոտ։

–Եկեք նստենք այստեղ, -առաջարկեց Սիման։-Իրոք սքանչելի երեկո է։ Տուն գնալ չեմ ուզում դեռ։

–Իսկ դուք չե՞ք մրսի։

–Չէ, ինչ եք ասում։ Այստեղ այնպես լավ է։ Եվ տաք է, ոնց որ ամառ լինի։

Սիման ցանկացավ տեղավորվել քարի եզրին։

–Քարի վրա մի նստեք,-զգուշացրեց Մարատը, և, արագ բաց անելով վագոնի դուռն ու մտնելով ներս, այնտեղից մի աթոռ դուրս բերեց։

–Իսկ դու՞ք, -հարցրեց Սիման, նստելով աթոռին։

–Ես կնստեմ քարին։ Կարող եք անհոգ մնալ, ես ցրտառություն չեմ ունենում։

Լռությունը սպառնում էր երկարաձգվել։

–Մարատ Աղաբեկովիչ, իսկ դուք վաղո՞ւց եք այստեղ ապրում,– առաջինը խոսեց Սիման։

–Շինարարության հենց առաջին օրերից,– ուրախացած արձագանքեց Մարատը. իր հարցով Սիման ազատեց նրան զրույցի համար թեմա ընտրելու որոնումներից։-Առաջ այնտեղ շատ էր վատ, ոչ ապրելու տեղ կար, ոչ էլեկտրականություն։ Ապրում էինք վրաններում։ Շատերը չէին դիմանում…

–Այո, աղջիկներն ինձ պատմել են այդ մասին։ Բայց հիմա լավ է այստեղ, ճի՞շտ չի…

–Ինձ դուր է գալիս։ ես առհասարակ սիրում եմ այս վայրերը։ Իդեպ, ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը։ Զվարճացման համր, ճիշտն ասած, քիչ բան է արվում։ Դուք տեսա՞ք, թե ժողովում կոմերիտականներն ինչպես նեղը գցեցին ինձ իրենց պահանջներով։ Շրջկենտրոնից միայն հին կինոնկարներ են ուղարկում այստեղ ցուցադրելու, պարերը նույնպես դեպքից դեպք են լինում, գրադարանը միշտ չէ, որ ժամանակին բացվում է։ Պարերի գնո՞ւմ եք։ Թե՞ պարել չեք կարողանում։

–Դե, այնպիսի մարդ կլինի՞ մեր ժամանակներում, որ պարել չիմանա,-ժպտաց Սիման։-Պարզապես հրմշտոց չեմ սիրում։ Պարադահլիճը փոքր է, շարժվելու տեղ չկա։ Իսկ ես սիրում եմ ազատություն։ Հետո էլ պարերի տրամադրություն չկա։

–Ինչո՞ւ։

–Գործից գալիս եմ հոգնած և այլևս որևէ տեղ գնալ չեմ ուզում։ Դեռ լավ է, որ գրքեր կան, նստում , գիրք եմ կարդում։

–Երևի Ռեմարկ եք կարդում։ Հիմա նա մոդա է։ Ռոմ, վիսկի, կալվադոս և գեղեցիկ սեր։

–Նրա մոտ սերը ոչ թե գեղեցիկ է, այլ ողբերգական. իսկ նրա հերոսները վիսկի չեն խմում,– ուսերը թոթվեց Սիման։– Դուք ինչո՞ւ եք ինձ հետ խոսում ոնց որ երեխայի հետ։

–Ի՞նչ եք ասում, Սիմա։ Ես երեխաների հետ անգամ խոսում եմ ինչպես մեծերի հետ։

Սիման շեղակի նայեց նրան, հարցրեց.

–Իսկ դուք սիրո՞ւմ եք նրանց։

–Երեխաների՞ն… Իսկ այդ ո՞վ չի սիրում նրանց։ Ամբողջ կյանքում երազել եմ աղջնակ ունենալ՝ հնչունաձայն, աղմկարար…

Մի պահ լուռ էին՝ յուրաքանչյուրն իր մտքերի հետ, սակայն, ըստ էության, երկուսն էլ նույն բանի մասին էին մտածում։

–Մարատ Աղաբեկովիչ, ասացեք, դուք ձեզ միայնակ զգո՞ւմ եք։

Մարատը զարմանքով նայեց նրան. Սիման չհեռացրեց հայացքը։

–Դուք ինչո՞ւ այդ մասին հարցրիք, Սիմա։

–Դուք գիշերները չեք քնում։ Իմ լուսամուտից ես ամեն երեկո հետևում եմ ձեզ։ Դուք ժամը երկուսից շուտ չեք մարում լույսը։

Մարատը փորձեց կատակի վերածել.

–Ուրեմն, դուք նույնպե՞ս չեք քնում մինչև երկուսը։

Սիման չընդունեց կատակը։

–Ոչ , ես քնում եմ, միայն թե հաճախակի արթնանում եմ՝ չգիտեմ, թե ինչու… Եվ ամեն անգամ նայում եմ ձեր լուսամուտին՝ վառվո՞ւմ է լույսը, թե ոչ… Եվ երբ տեսնում եմ, որ վառվում է, իմ քունը նույնպես, չգիտեմ ինչու, փախչում է…

Սիման հանկարծակի ուղիղ նայեց Մարատի դեմքին։ Մարատը դժվարությամբ դիմացավ նրա լարված հայացքին։

–Սիմա, ինչո՞ւ այդ ամենն ասացիք ինձ,– կամացուկ հարցրեց նա։

Սիման դանդաղ տարուբերեց գլուխը։

–Չգիտեմ… ինքս էլ չգիտեմ։ Ասացի, որպեսզի իմանաք…

Մարատը չհասցրեց պատասխանել։ Մթան միջից, ինչպես անմարմին ոգի, նրանց առջև հառնեց Անդրեյը։

–Վահ… էս հո ծանոթ մարդիկ են, -բացականչեց նա։

–Դու այդ որտե՞ղ ես այսքան ժամանակ,-ժպիտով հարցրեց Մարատը։– Բասարը քո գալու ազդանշանը վաղուց է տվել։

–Չեմ հասկանում, թե ինչից է, բայց հաստատ գիտեմ՝ այդ Բասարն ինձ տանել չի կարողանում,-ասաց Անդրեյը՝ խորը շնչելով։-երբևէ կամ ես նրան կսպանեմ, կամ նա՝ ինձ։

–Ես լսել եմ, որ կենդանիները չար մարդկանց հեռավորության վրա են ճանաչում,-ասաց Սիման առանց ժպիտի։

–Նշանակում է Բասարի հոտառությունը այնքան էլ լավ չի,– ուրախ արձագանքեց Անդրեյը։-Մարատ Աղաբեկովիչն ինձ ավելի լավ է ճանաչում, հարցրեք նրան։

–Անդրեյը հրաշալի տղա է, ես դա հաստատում եմ,-ծիծաղեց Մարատը։-Իսկ այնուամենայնիվ, այսքան ուշ որտեղի՞ց ես գալիս, հրաշալի տղա։