–Ակումբում էի… Էդ աղջիկները կիթառը ձեռքիս տեսնում են թե չէ, թափվում են գլխիս՝ մի բան նվագիր, շատ ենք խնդրում։ Դե եկ ու մերժիր դրանց։ Ի միջի այլոց,– նա շրջվեց նա աղջկա կողմը,– դուք ինչո՞ւ ոչ մի անգամ ակումբում չեք երևում։ Ժամանակակից պարերը չե՞ն հետաքրքրում ձեզ։
–Ես պարել չգիտեմ։
–Էհ, ինչ մեծ բան է, մի օրվա մեջ կսովորեցնեմ։ Այ, Մարատին չեմ կարողանում տնից դուրս բերել։ Ասենք, նրա հարցը մի քիչ բարդ է։
–Ինչո՞ւ,-չհասկացավ Սիման. կիսամթության մեջ անբարյացկամ շողացին նրա աչքերը։
–Ըստ հաստիքի՝ նրան չի թույլատրվում պարահարթակ գալ։ Էդ առաջինը, երկրորդը՝ նա երաժշտական լսողություն չունի, կիթառը ջութակից չի տարբերում…
–Ես նույնպես չեմ տարբերում,– արագ ընդհատեց նրան աղջիկը։
Մի տեսակ անսպասելի, գուցե նույնիսկ կոպտավուն ստացվեց։ Անդրեյը հասկացավ, որ բոլորովին ուրիշ լարի է դիպել։
–Դե լավ, շատախոսությամբ զբաղվելու ժամանակ չկա,-նա շրջվեց դեպի վագոն, սակայն իսկույն էլ կանգ առավ։-Հա, ես քիչ մնաց մոռանայի, Մարատ, քեզ մի րոպեով կարելի՞ է։
Մարատը նստած տեղից ելավ և մոտեցավ նրան։ Անդրեյը ,սեղմելով նրա արմունկն ու պարուրերով նրան անխառն գինու հոտով, շշնջած ականջին։
–Թե ուզում ես պահել մոտդ, ես կարող եմ ուրիշ տեղ գնալ…
Մարատը կտրուկ ազատեց ձեռքը։
–Շնորհակալություն ասա, որ մռութիդ չեմ տալիս։ Գնա քնիր։
Նա շուռ եկավ ու մոտեցավ Սիմային։ Սիման, ձգտելով տաքանալ, ձեռափերը շփում էր իրար։
–Գնանք, ես ձեզ կուղեկցեմ մինչև տուն։
Սիման աչքերը զարմացած վեր բարձրացրեց, սակայն ոչինչ չհարցրեց։
–Այո, գնանք, արդեն ցրտում է,-ասաց նա:
Մի առ ժամանակ նրանք քայլում էին լուռ, Սիման՝ քիչ առջևից, Մարատը՝ որոշ հեռավորության վրա։
–Ուրախ տղա է Անդրեյը, չէ՞… Դուք երևի, չեք տխրում նրա հետ,– սաաց Սիման, ինչպես երևում է դարձյալ ցանկանալով մեղմացնել լարվածությունը, որի դրդապատճառի մասին նա ինչքան էլ ջանում էր, կռահել չէր կարողանում։
–Տխրելու ժամանակ չեմ ունենում , -պատասխանեց Մարատը։ Նրա ձայնը հնչեց չոր։ Սիման կծկվեց, ոնց որ հարվածից, և չգիտես ինչու, շշնջաց,– ներեցեք։
–Ինչի՞ համար,-չհասկացավ Մարատը։ Սիման չպատասխանեց։-Ձեզ ի՞նչ պատահեց, Սիմա,-հարցրեց նա տարակուսանքով։
–Չգիտեմ…Ես ոչինչ չգիտեմ։ Դուք ինձ հետ այնպես սառն եք միշտ, որ ես ուզում եմ փախչել այստեղից , և ամեն անգամ ես ինձ այնպես միայնակ եմ զգում…
Սիման արագ շուռ եկավ և սկսեց նայել ձորահովիտի կողմը , ուր աղոտ կերպով առկայծում էր գետը՝ անդրադարձնելով բանավանի լույսերը։ Մոտիկ ինչ-որ տեղ ճթճթում էին ծղրիդները, և դա ավելի էր ընդգծում բնության վսեմությունն ու անդորրը։ Մարատը մի քայլ արեց, ձեռքերը դրեց Սիմայի ուսերին։ Եվ անմիջապես զգաց, թե ինչպես նրա մարմինը պրկվեց իր ձեռքերի տակ։
–Ես ձեզ հետ սառն էի, որովհետև վախենում էի մատնել ձեր հանդեպ ունեցած իմ զգացմունքները։ Ես հիմա նույնպես կլռեի, ոչինչ չէ ասի ձեզ, եթե ինքներդ խոսք չբացեիք։ Ես վախենւմ էի ծիծաղելի երևալ, որովհետև շարունակ հիշում էի մեր տարիքների միջև ընկած տարբերությունը։ Ես ձեզ վաղուց եմ սիրում, Սիմա, այն ժամանակվանից, ինչ առաջին անգամ տեսա ձեզ։
Սիման շրջվեց դեպի Մարատը։ Նա մի գլուխ ցածր էր Մարատից և իր սևացոլ աչքերով նրան նայում էր ներքևից վերև։ Նրա դեմքին ջինջ ուրախության այնպիսի արտահայտություն կար, որ թվում էր այդ դեմքը բերկրանք է ճառագայթում. բայց կար և անվստահություն, կարծես նա չէր հավատում, որ այդ ամենը տեղի է ունենում արթմնի։
–Սիմա, ես հիմա նույնպես հիշում եմ այդ տարբերության մասին, դրա համար էլ այն, ինչ հիմա ասացի, ոչ մի բանի չի պարտավորեցնում ձեզ։ Դուք առաջվա պես ազատ եք։
–Ախր ինչո՞ւ,-շշնջած Սիման։-Ինչո՞ւ։
–Ի՞նչը՝ ինչու։
–Ինչի՞ս է պետք իմ ազատությունը, եթե դուք հեռու պիտի լինեք ինձնից։ Պետք չէ ինձ այդ ազատությունը…
Մարատը ընդոստ մի շարժումով, համարյա կոպտաբար, գրկեց նրան և սկսեց համբուրել նրա շութերը, դեմքը, մազերը, պարանոցը… Սիման նրա գգվանքներն ընդունում էր ուղղակի ու բացեիբաց, չնազկտելով, անմեղսականություն չխաղալով, և պատասխանում էր այդ գգվանքներին բացեիբաց ուրախությամբ՝ շնչահեղձվելով երջանկությունից։
Ամբողջ գիշերը ձյուն էր տեղացել։ Մարատն առավոտյան ելավ անկողնուց, սենյակի ապակիները քրտնած էին, նայեց լուսամուտից դուրս ու մնաց շվարած. շուրջն ամենուր կուրացուցիչ ճերմակ էր, սար ու ձոր ընկղմվել էին ձյան մեջ, և ձյան ծանրության տակ ծառերը ճկվել, կախվել էին քարափների վրա։ Իսկ ձյունը թեթևասահ գալարումներով շարունակում էր տեղալ՝ լիովին ծածկելով բանավանի տներն ու տների արանքով ընկած նեղլիկ փողոցները։
Մարատի տրամադրությունը միանգամից ընկավ։ Մի շաբաթ առաջ կառույց էր եկել կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար Կևորկովը։ Շրջկոմի քարտուղար Բաղունցի, շինարարութան պետի, կուսկոմիտեի քարտուղարի ու գլխավոր մեխանիկի հետ միասին եղան ամբարտակի վրա, իսկ այնուհետև մինչև գիշերվա կեսը մնացին վարչությունում, բազմաթիվ միջոցառումներ մշակեցին ամբարտակի շինարարությունն արագացնելու ուղղությամբ, և այդտեղ, մարզկոմի քարտուղարի ներկայությամբ, Մարատն առաջարկեց անցնել եռահերթ աշխատանքի։