Выбрать главу

Մարատը մի առաջարկություն ևս արեց, որն արժանացավ մարզկոմի քարտուղարի հավանությանը. խոսքը ինքնաթափ կցասայլակների մասին էր։ Մարատի կարծիքով, դրանք անհրաժեշտ էին կառույցում, որովհետև լեռնային պայմաններում մեքենաները շուտ էին դուրս գալիս շարքից։ Քարտուղարը խոստացավ օգնել։

Շինարարության պետի ու Մարատի անմիջական ղեկավարությամբ հսկայական ջահեր տեղադրվեցին բլրալանջերին՝ գիշերը ամբարտակը լուսավորելու համար։ Շատ չանցած տեղ հասան նաև ինքնաթափ կցասայլակները։ (Մարզկոմի քարտուղարը չէր մոռացել խոստումը)։ Ամեն ինչ պատրաստ էր սկսելու, ինչպես պետն էր ասում՝ ''հիմնական գրոհը'', նախօրյակին տաք եղանակ էր, ասես գարունն արդեն մտել էր իր իրավունքների մեջ, և հանկարծ՝ ձյուն։

Մարատն արագ հագնվեց, իջավ վարչություն։ Պետն արդն այնտեղ էր։

–Գիտե՞ս, տղաս,-սկսեց նա, Մարատի ողջույնին պատասխանելուց հետո, -արևելյան մի իմաստուն առած կա՝ ասում է՝ մինչև խոսք տալը, , դու ես խոսքի տերը, խոսք տալուց հետո՝ խոսքն է քո տերը։

–Իսկ ո՞վ ասաց, թե ես հրաժարվում եմ իմ խոսքից։-Մարատը տեղավորվեց պետի դիմաց և ավելացրեց։-Հարկավոր է ամբարտակի վրա անմիջապես սկսել աշխատանքները։

–Այս սառնամանիքի՞ն,-խաղուն խորամանկությամբ ժպտաց պետը։

–Այո, այս սառնամանիքին։

Պետը ելավ տեղից, ձեռքերը մեջքին մի երկու անգամ առաջ ու ետ քայլեց ընդարձակ առանձնասենյակում։

–Ես դեմ չեմ,– ձեռքերը տարածեց նա։-Բայց մտածիր, մի մետր ձյուն կա նստած ամբարտակի վրա։ Խելքս չի կտրում, թե այդ կեռմաններով մեքենաները բարձրանան ամբարտակ։

–Կբարձրանան և այն էլ կցասայլերով։

Պետը արագ շուռ եկավ, նայեց Մարատին և, տեսնելով նրա դեմքի վճռական արտահայտությունը, գոհունակ ժպտաց.

–Լավ , ինչ եմ ասում, փորձենք։

Վարորդները սկզբում չէին համաձայնվում՝ պատճառաբանելով, որ իբր վտանգավոր է ծանր բեռան տակ , այն էլ կցասայլերով, այսպիսի եղանակին բարձրանալ ամբարտակ, սակայն Մարատն անդրդվելի էր, նա ինքը նստեց ինքնաթափերից մեկի ղեկին և առաջինը ճանապարհվեց հովիտ՝ խճավազ բեռնելու։ Մյուս բեռնատարների վարորդները հետևցին նրա օրինակին։

Շինարարության պետը, գլխավոր մեխանիկն ու կառույցի կուսկոմիտեի քարտուղարը, առանց նայելու ցրտին ու գետից փչող ուժեղ քամուն, ոտքով իջան դեպի ամբարտակ, ուր, թեպետ ուշացումով, բայց արդեն սկսվել էին աշխատանքները։

Ծանր բեռան տակ հռնդալով, որից գետինն ասես երերում էր, ձյուների մեջ տեղապտույտ տալով դանդաղ ու զգուշորեն ամբարտակ էին բարձրանում հզոր ինքնաթափերը։ Առջևից դարձյալ Մարատն էր, կողքին՝ խցիկում, ինքնաթափի վարորդ Վիկտոր Մաթևոսյանը՝ Ներքին Հոռաթաղ գյուղից։ Նա մերթ ընդ մերթ նայում էր գլխավոր ինժեներին, որի այտամկանները հուզմունքից ձգվել, պրկվել էին։

Կցասայլը շարունակ ձգում էր մի կողմի վրա, կարծես ցանկանալով մեքենան քաշել դեպի անդունդ, ուր կատաղի մոլեգնում էր Թարթառը։ Սակայն Մարատի հուժկու ձեռքերը ամուր էին կառչած ղեկին։ Արդեն ամբարտակի մոտ, վերջին ոլորանում, ինքնաթափը սկսեց տեղապտույտ տալ։ Մարատը, հայացքը ճանապարհին, մի երկու անգամ փոխեց արագությունը, և քսանյոթ տոննաոց վիթխարի զանգվածը դանդաղորեն առաջ գնաց՝ անիվների տակ մամլելով ցեխն ու ձյունը։ Հաղթանակն արդեն մոտ էր, մի քանի տասնյակ քայլ էր մնում, և հանկարծ կցասայլը ուժեղ տարուբերվեց, մեքենայի առջևի մասը շեշտակի ձախ թեքվեց և զարնվեց ժայռին։ Մարատն իսկույն զգաց, որ հարվածից ուսը միանգամից տաքացավ, ձեռքն սկսեց ծանրանալ։ Վիկտորը ցանկացավ օգնել նրան, սակայն Մարատը, ղեկը թեքելով աջ, դեպի ճանապարհ, շարունակեց սեղմել գազը, միաժամանակ հայացքով հասկացնելով Վիկտորին, որ ինքը օգնության կարիք չի զգում։ Մեքենան հետզհետե ուղղվեց, ուղղվեց նաև կցասայլը և վիթխարի ինքնաթափը, թեկուզ դժկամությամբ, բայց հնազանդ գնաց ճանապարհով՝ երբեմն առ երբեմն տեղապտույտ տալով։

Մարատը նայեց ետ, այստեղից երևում էր ամբարտակ բարձրացող ոլորապտույտ ճանապարհը. լեռնալանջն ի վեր կցասայլերով բարձրանում էր ինքնաթափերի շարասյունը։ Նա ինքնագոհ ժպտաց Վիկտորին։ Դեմքն ի վար ծորում էր քրտինքը, իսկ ձեռքը ծանրացել, համարյա չէր ենթարկվում իրեն, սակայն նա ցավ չէր զգում ասես, նրա հոգին ցնծում էր հաղթանակի բերկրանքից։ Ելնելով ամբարտակ, Մարատը մեքենան քաշեց տոփանողների մոտ, միացրեց բեռնաթափման լծակը։ Ձորը լցվեց դղրդյունով։ ''Վիկտոր, անցիր ղեկի մոտ,– կարճ կարգադրեց նա, աջ ձեռքով սեղմելով ծանրացող արմունկը,– ձեռքս ոնց որ դուրս է ընկել տեղից''։Վիկտորն իջավ մեքենայից, առջևի մասով եկավ, կրկին բարձրացավ խցիկ, և մեքենան ուղիղ քշեց բանավան, բուժակ Ներսեսի մոտ։

Այն մասին, որ Վիկտորի ինքնաթափը թեթև վթարի էր ենթարկվել և Մարատի ձեռքը կոտրվել էր արմունկից, տարածվեց կարճ ժամանակում։

–Հարկավոր է շտապ հասցնել մարզային հիվանդանոց,-եզրակացրեց Ներսեսը և իսկույն էլ ավելացրեց,-ոչ, ոչ, հանրապետական հիվանդանոց պետք է տանել, պրոֆեսոր Ֆրանկենբերգի մոտ, նրա նման մասնագետ չկա ամբողջ երկրում։-Նա ցավազրկման սրսկումները կատարեց։

Շուտով վազեվազ եկավ Սիման։ Նրա գեղեցիկ, մանկականորեն փքուն շուրթերը ցրտից կարմրել, ասես հուրհրատում էին։