Выбрать главу

–Ի՞նչ է պատահել,– հարցրեց նա, թեպետ արդեն գիտեր վթարի մասին։

–Հանրապետական հիվանդանոց են ուղարկում ինձ,-ցավից կնճռոտվելով ժպտած Մարատը։

–Ինչո՞ւ այդքան հեռու։

–Այնտեղ մի հոյակապ բժիշկ կա,– Մարատը աչքով արեց բուժակ Ներսեսին։– Երկու շաբաթում լավացնելու է։

Սիման արտասվաթոր աչքերը չէր հեռացնում Մարատից։

–Ցավո՞ւմ է,– համարյա շշուկով հարցրեց նա, մատներով թեթևակի կպչելով վիրավոր ձեռքին։

Մարատը բացասականորեն շարժեց գլուխը՝ ոչ։

–Ե՞րբ պիտի վերադառնաս,-կամացուկ, մարող շշուկով հարցրեց Սիման։

–Ասացի չէ՞, մի երկու շաբաթից։ Գիպսի մեջ կդնեն, իսկույն կլավանա։ Շուտ կգամ, տխրելու ժամանակ չես ունենա։

Ներսեսը դեղորայքով զգուշորեն մաքրում էր վնասվածքը, առանց ուշադրություն դարձնելու նրանց, սակայն Մարատի խոսքից հետո շուռ եկավ աղջկա կողմը ու հանգիստ ձայնով ասաց.

–Ամենաքիչը մի ամիս կպառկի, արմունկից է կոտրված։

–Աստված իմ, ամբողջ մի ամիս,– հուսահատ շշնջաց Սիման, -ես այստեղ ուղղակի կխելագարվեմ մենակ։

–Միայն թե առանց արցունքների,-իր մեջ խեղդելով հետզհետե սաստկացող ցավն ու մատը մտերմաբար թափ տալով, ժպտաց Մարատը։

–Իսկ ես բոլորովին չեմ լալիս,– ժպտաց Սիման արցունքների միջից։-Ես կգամ քեզ մոտ, լա՞վ։

–Ես, ի՞նչ է, ծանր հիվա՞նդ եմ, որ գաս ինձ մոտ։ Լսո՞ւմ ես՝ ոչ մի դեպքում։

Ներսեսը Մարատի վնասված ձեռքը չորս կողմից ամրացրեց երկարուկ մանրիկ տախտակներով, խնամքով փաթաթեց և որպեսզի ձեռքը չսևանար մինչև հանրապետական հիվանդանոց, կարգադրեց շարունակ օղի լցնել վերքի վրա։

Մարատը հանրապետական հիվանդանոց ճանապարհվեց Մերուժանի մեքենայով։ Ներսեսը ուղեկցում էր նրան։

Բանավանի ծայրին Մարատը ետ նայեց. Սիման կանգնած էր այնտեղ, ձյուների մեջ, և նայում էր մեքենայի ետևից։

Հիվանդանոցում ձանձրալի էր Մարատի համար։ Նա պառկում, գիրք էր կարդում, զրուցում իր կողքի մահճակալին պառկած ընկերոջ հետ, երբեմն էլ, արև օրերին, դուրս էր գալիս, զբոսնում ընդարձակ այգում։ Այնուամենայնիվ, օրերն անցնում էին տաղտուկ, այնտեղ , Թարթառի ձորում սպասում էին կառույցն ու Սիման։ Երկրորդ, թե երրորդ շաբաթին նրան այցի եկավ շինարարության պետը։ Մարատին նա մի տեսակ անտրամադիր երևաց։

–Ինչ-որ բա՞ն է պատահել, – անհանգիստ հարցրեց Մարատը։

–Չէ, պարզապաս հոգնած եմ։ Առավոտվանից մինիստրությունում եմ, գործերը շատ են, դու էլ ժամանակ ես գտել հանգստանալու։

–Լավ հանգիստ է,-քմծիծաղեց Մարատը։-Ոխերիմ թշնամու չեմ ցանկանա։

–Դեռ շատ ես ջահել ոխերիմ թշնամի ունենալու համար,-ասաց պետը ուղիղ նայելով Մարատին։ Մարատը փախցրեց հայացքը։

–Ի՞նչ նորություններ կան կառույցում։

–Ոչինչ , գործերը լավ են գնում։ Ախպերս, սկիզբը լավ դրեցիր։ Ինքնաթափերն աշխատում են կցասայլակներով, դա մեծ օգնություն էր։ Ի միջի այլոց, մարզկոմի քարտուղարը զանգել, գովել էր։ Երևում է հավանում է քեզ։

«Իսկ ինչպե՞ս է այնտեղ Սիման»,-մտածում էր Մարատը, անհարմար զգալով այդ մասին հարցնել պետին։ Երկու օր առաջ նա նամակ էր ստացել Սիմայից։ ''Եթե շուտով, ինչպես դու էիր խոստացել, չգաս, վատ բան է լինելու։ Չգիտեմ, թե հատկապես ինչ, բայց զգում եմ՝ վատ բան է լինելու։ Ինձ հետ սարսափելի ինչ-որ բան է տեղի ունենում։ Աղաչում եմ, եկ, և ինչքան կարող ես՝ շուտ''։ Նամակը կարդալուց հետո Մարատն ուղիղ գնաց բժշկի մոտ և խնդրեց իրեն անհապաղ տուն արձակել, սակայն ծերուկ Ֆրանկենբերգը կտրականապես մերժեց նրան, բացատրելով, որ եթե տուն գնա, ապա ինքը հետո ստիպված կլինի անդամահատել նրա ձեռքը, որովհետև արմունկից վերև այն լրիվ սևացել էր։

Ի վերջո Մարատը եկավ այն եզրակացության, որ Սիման, հավանաբար, տխրում է առանց իրեն, որը և դրդել է նրան գրելու այդ նամակը։ Երկար զրուցեցին պետի հետ, խոսեցին կառույցից, առաջիկա պլաններից և, երբ պետը ելավ տեղից՝ հրաժեշտ տալու, Մարատն ասաց.

–Բարևեք տղաներին, ասացեք շուտով կգա։

–Ի միջի այլոց, կառույցի շինարարները նույնպես խնդրել էին բարևներ հաղորդել քեզ, քիչ մնաց մոռանայի։

–Շնորհակալություն,-կամացուկ արտաբերեց Մարատը, մտածելով այն մասին, որ պետը հիմա խոսք կբացի Սիմայի մասին։ Հուզմունքից նրա այտամկանները լարվեցին։ Եվ իր համար ևս անսպասելի , նա հարցրեց.

–Ինչպե՞ս է Նա այնտեղ։

–Լավ է,– իսկույն կռահելով, թե ում մասին է խոսքը, պատասխանեց պետը սիգարետ վառելով։

–Չի տխրո՞ւմ առանց ինձ։

–Երևի տխրում է,– անորոշ պատասխանեց պետը, նայելով Մարատին։ Իսկ հետո ավելացրեց,– կառույցում գործերը շատ են, նա հազիվ թե ժամանակ ունենա տխրելու քեզ համար։

–Մի՞թե,-դեռևս չհասկանալով պետի ասածների իմաստը, խուլ արձագանքեց Մարատը։

–Քո այդ աղջիկն , իհարկե, սիրուն է,-խոսեց պետը հայացքը գետնին,– բայց կարծում եմ, որ սխալվում է այն տղամարդը, ով իր ճակատագիրը կապում է կնոջ հետ միայն այն բանի համար, որ նա սիրուն է։ Գեղեցկությունը անհրաժեշտ է հարսանիքին, իսկ սերը՝ ամբողջ կյանքում։

–Իսկ ի՞նչ է պատահել,-ասաց Մարատը հետզհետե մռայլվելով։-Ես , փառք աստծո, երեխա չեմ, դուք ինձ հետ կարող եք առանց ակնարկների խոսել։

–Դու ներիր, որ չեմ կարողանում թաքցնել ճշմարտությունը,– խոսեց պետը։-Ճշմարտությունն ինձ համար նման է արևի, այն ձեռքերով չես ծածկի։ Քո այդ աղջկա՝ Սիմայի մասին վատ բաներ եմ լսում։ Ճիշտն ասած, ինքս էլ մի քանի անգամ նրան տեսել եմ էդ…ինչպե՞ս էր անունը…հա, Անդրեյ է, կարծեմ, անունը, այ էդ Անդրեյի հետ…