–Անդրեյի՞…-զարմացավ Մարատը։
–Գիտեմ, նա քո ընկերն է,– արագ գլխով արեց պետը,-բայց պետք է ասեմ, որ կեղծ ընկերը հազար անգամ սարսափելի է ոխերիմ թշնամուց։ Այնպես որ, ավելի լավ է մտերիմ ընկեր կոչվող որոշ մարդկանց հենց էն գլխից դասել թշնամիների թվում, քան համարել բարեկամ։ Դժբախտաբար, մենք դա շատ ուշ ենք հասկանում։ Մի խոսքով, ներիր, որ անկարող եղա քեզնից թաքցնելու այն, ինչի մասին մտածում էի այս քանի օրերին։
Մարատը լուռ էր։
–Հասկանո՞ւմ ես, տղաս, նրան հարկավոր է մեկ ուրիշը-շարունակեց պետը,– ոչ այնպիսին, ինչպիսին դու ես, նրա նմաններին, թեկուզ սուտ, բայց սիրո խոստումներ ու երդումներ են պետք, իսկ դու, պարզ է, ժամանակ չունես նման սենտիմենտալ բաների համար… Ձեռ քաշիր նրանից, սա ես քեզ որպես հայր, որպես ավագ ընկեր եմ խորհուրդ տալիս։
Պետի գնալուց հետո Մարատը գրքի արանքից կրկին հանեց Սիմայի նամակը, կարդաց։ Իրարամերժ, անորոշ մտքերից սիրտը տագնապալից խփում էր։ Եղավ մի պահ, որ նա ցանկացավ հենց այնպես, գիպսակապով ճանապարհվել, սակայն հետո փոխեց միտքը՝ դա համարելով երեխայություն։
Մարտի սկզբներին բժիշկը հանեց գիպսը, ձեռքը ռենտգենով նայեց, ասաց, որ ամեն ինչ կարգին էր։ Մարատը դուրս գրվեց հիվանդանոցից և, առանց հապաղելու, ճանապարհվեց։ Նա գնացքով եկավ մարզային կենտրոն, նույնիսկ չզանգեց վարչություն, որպեսզի մեքենա ուղարկեին, ավտոբուսով հասավ մինչև շրջկենտրոն, իսկ այնտեղից ճամփակից բեռնատարով գնաց բանավան։
Մութն ընկել էր արդեն, երբ Մարատը իջավ մեքենայից ու քայլեց դեպի տուն։ Նա բաց արեց դուռը, ներս մտավ ու մնաց կանգնած. Անդրեյի մահճակալը դատարկ էր, պատին, ինչպես միշտ, չկար այլևս կիթառը։ Մոտեցավ, բաց արեց զգեստապահարանը. ճամպրուկն ու շորերը նույնպես չկային։ «Փոխադրվել է ուրիշ տեղ,-մտածեց Մարատը դառը կսկիծով։-Ուրեմն ճիշտ էր պետը»,– կրկին մտածեց նա խորը հառաչելով, հետո փոխեց շորերը և, դուրս գալով վագոնից, քայլեց դեպի բանավանի մյուս ծայրը, ուր ապրում էր Սիման։ նա ցանկանում էր ինչքան կարելի է շուտ տեսնել նրան, զրուցել հետը, ուզում էր ժամ առաջ փարատել իրեն պաշարած չարագուշակ ու մութ կասկածանքները։
Այն վագոնի բակում, ուր Սիման էր ապրում, մի քանի տղաներ երկայնուկ մանղալի վրա միս էին խորովում։ Ծխի քուլաները պտտվում էին նրանց գլխավերևում, իսկ խորովածի գրգռիչ բույրը տարածվել էր շուրջը։ Տղաներից մեկը, նկատելով Մարատին, ուղղակի վագոնի լուսամուտից կանչեց ներս.
–Ընկերներ, մի տեսեք ով է եկել Սիմայի ծննդյան օրը։ ''Մի՞թե այսօր նրա ծննդյան օրն է'',– ակամա անցավ Մարատի մտքով։ Սիման երևաց դռներում։ Տեսնելով Մարատին, նա հանկարծակի գունատվեց։
Բոլորը դուրս թափվեցին վագոնից, երևում էր, որ կարգին խմել էին, բարձր տրամադրությամբ սկսեցին ողջագուրվել Մարատի հետ։ Շինարարության պետը ևս այստեղ էր:Անդրեյը անցողակի սեղմեց նաև Սիմայի ձեռքը և մոտեցավ մանղալին, իբր տեսնելու՝ լա՞վ է ստացվում խորովածը։
–Ամբարտակից նոր էի վերադարձել, հոգնած էի, բայց ջահելները եկան , ստիպեցին,– արդեն ներսում բացատրեց շինարարության պետը մի տեսակ ասես արդարանալով։
Երբ բոլորն արդեն տեղավորվել էին սեղանի շուրջը, պետը ծանր բարձրացավ տեղից.
–Տոնական սեղաններին, ինձ թվում է, հարմար չէ խոսել լուրջ բաներից, առավել ևս, երբ շուրջդ ջահելներ են, որոնց համար, ինչ խոսք, հազար անգամ լավ է ուրախանան, պարեն, քան ճառեր լսեն։ Բայց դուք, կարծում եմ, ներողամիտ կլինեք իմ հանդեպ, այսօր ես շատ խոսեցի, հետո էլ մեր խառնվածքն ուրիշ է, մինչև որ մի կենացի վրա կես ժամ չենք խոսում, պատառը կուլ չի գնում…
Բոլորը ժպտացին, ինչ-որ մեկը նույնիսկ ծափահարեց։ Երբ լռություն տիրեց, պետը շարունակեց։
–Ահա նայում եմ ձեզ և սիրտս ուրախությամբ է լցվում։ Ես ծեր մարդ եմ, յոթ տասնամյակս անց է արդեն։ Իմ սերնդի ամբողջ կյանքը փորձությունների միջով է անցել։ Դրանք հեղափոխության, քաղաքացիական կռիվների, առաջին հնգամյակների, կոլեկտիվացման ,շինարարության և պայքարի տարիներ էին… Իսկ հետո եկավ պատերազմը, և կրկին ծանր, դժվարին տարիներ՝ պատերազմից հետո, հարկավոր էր բուժել երկրի վերքերը, ոտքի կանգնեցնել այն։ Ես արդեն ասացի, որ ծեր եմ, ինչպես որ իմ սերնդի բոլոր մարդիկ, բայց մենք փառքով անցանք մեր կյանքի ուղին, պատվով կատարեցինք մեր պարտքը պատմության և մեր հետնորդների առաջ։ Վերցնենք թեկուզ հենց մեր այս հիդրոկոմպլեքսի շինարարությունը։ Ի՞նչ էր առաջներում այստեղ։
Պետը մի պահ լռեց, մտասույզ նայելով սեղանին։ ''Ասպրեին հիշեց'',-մտածեց Մարատը՝ նայելով նրան։
–Եվ ինչպիսի ջանքեր պահանջվեցին ու կպահանջվեն դեռ՝ այս ամբողջ հովիտը լույսերի մեջ կորած ծաղկաստան դարձնելու համար,-շարունակեց պետը։-Ի միջի այլոց, կարող է չգիտեք, դեռևս դաշնակցականներն էին նախագծել Թարթառի վրա ջրամբար կառուցել։ Գետը պետք է ելներ մինչև հարյուրքսան մետր բարձրության,թունելով ,խողովակներով անցներ, լեռնային գյուղերն այստեղից ջուր պետք է ստանային…– նա խորը շունչ քաշեց, ասաց.-Բայց կյանքը փոխվեց, այլ հունով գնաց։ Մի խոսքով, մարդու համար ամենագեղեցիկը, ամենաթանկը դա հենց նրա կյանքն է, սակայն այդ կյանքն առանց ազնիվ, անխոնջ աշխատանքի ոչինչ է։ -Նա կրկին խորը շունչ քաշեց և կարճ դադարից հետո ասաց.-Ձեր կենացը, որովհետև բոլորդ էլ ազնիվ, անխոնջ աշխատանքի մարդիկ եք… Նոր նշեցի, հիմա էլ կրկնում եմ ու միլիոն անգամ կարող եմ կրկնել. այո, ձեզ նայելիս սիրտս ուրախությամբ է լցվում, որովհետև ձեր հայրերի արժանավոր որդիներն եք դուք, և արժանի եք ընդունելու և առաջ տանելու ավագների էստաֆետը, դուք հավատարիմ եք այն գործին, որին իրենց կյանքը նվիրաբերեցին ձեր հայրերը։ Երջանկություն ու քաջ առողջություն եմ ցանկանում ձեզ, թող կյանքը ձեզ համար լինի ոչ միայն տոն, այլև քննություն ձեր կամքի ու արիության։ Քո կենացը նաև Մարատ, քեզ բարի գալուստ։