–Մենք դա առանձին պետք է խմենք, խնդրում ենք կենացները չխառնել, խմիչք շատ ունենք դեռ, -ասաց ինչ-որ մեկը։
Բոլորը ծիծաղեցին։ Շինարարության պետը ժպտաց և, բաժակը քիչ վեր բարձրացնելով, ասաց.
–Եվ նորից ու նորից բոլորիդ կենացները՝ և տղաների , և աղջիկների։ Աստված ստեղծելով կնոջը, նրան ասել է՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր՝ եթե ցանկանում ես, բայց շրջահայաց դու անպայման պետք է լինես։ Ես կուզենայի, որ այս մեկը չմոռանային մեր աղջիկները… Ողջ լինեք…
Տարագույն բաժակներն ու գավաթները զրնգոցով զարկվեցին իրար։ Մարատն իր բաժակը բարձրացրեց՝ խփելու Սիմայի բաժակին, սակայն նրա բաժակը դրված էր սեղանին։
–Դու չե՞ս ուզում խմել այս կենացը,-հարցրեց Մարատը։ Նա դեռ չէր հասցրել առանձին խոսել Սիմայի հետ, բայց տեսնում էր. Սիման նիհարել, փոխվել էր այս մի քանի շաբաթվա մեջ։
Սիման բարձրացրեց աչքերը, նայեց Մարատին. նրա աչքերը լի էին արցունքով։
–Քեզ ի՞նչ է պատահել,-հարցրեց Մարատը։
Սիման լուռ օրորեց գլուխը։ Ժեստ, որ, ըստ երևույթին , նշանակում էր՝ ինձ ոչինչ մի հարցրու։Նա գլխահակ դուրս եկավ վագոնից: Հանուն պատշաճության, որպեսզի աչքի չզարնվի, Մարատը սպասեց մի քանի րոպե ու նույնպես դուրս եկավ։
Բոլորովին մութ էր արդեն։ Մարատը աչքերով որոնեց Սիմային, սակայն ոչ մի տեղ չգտավ։ Նա մի քանի անգամ ոչ բարձր կանչեց նրան, աղջիկը չարձագանքեց։
Մարատը նստեց պատահած մի քարի, սիգարետ հանեց և դողացող մատներով վառելով այն, սկսեց ծխել՝ անհագորեն ներս քաշելով թանձր ծուխը։
Ինչ-որ անախորժ բանի արդեն ծանոթ, տագնապալից նախազգացումը կրկին համակեց նրան։ Նա արդեն հասկանում էր, որ Սիման խույս է տալիս իրենից։ Մի՞թե նա արդեն Անդրեյին է սիրում։ Անդրեյը նույնիսկ մի անգամ չնայեց իր կողմը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ այդպես նիհարել, մի տեսակ փոխվել է։ Հիշեց Սիմայի տողերը… ''Ինձ հետ սարսափելի ինչ-որ բան է տեղի ունենում։ Աղաչում եմ, եկ, և ինչքան կարող ես՝ շուտ''։
Սիգարետի ծուխը այրեց մատները, նա դեն նետեց այն, մտասույզ կերպով հետևելով, թե ինչպես կրակը, մթության մեջ աղեղ գծելով, կպավ քարերին և կայծերը շաղ գալով ցոլցոլացին մի կարճ ակնթարթ։
Տնից դուրս եկավ շինարարության պետը, գունավոր լայն թաշկինակով սրբելով քրտնած վիզը։
–Դո՞ւ ես, Մարատ,-տեսնելով Մարատին, հարցրեց նա, տարակուսանքով նայելով շուրջը։ – Իսկ ինչո՞ւ ես մենակ։
–Ներսում շոգ է , չկարողացա նստել։
Պետը նայեց նրան, հետո սարդելկաների նմանվող մատներով թեթևակի դիպավ նրա ուսին։ Մարատը վախենում էր, որ ծերունին հիմա կարեկցության կամ սփոփանքի խոսքեր կասի իրեն, որոնց իմաստը այդպես էլ նրան՝ Մարատին կմնա անհայտ։ Սակայն պետը բոլորովին այլ բան ասաց.
–Սարսափելի է, երբ հոգով քեզ զգում ես ջահել՝ կարծես թե ընդունակ ամեն ինչի՝ սիրո, երջանկության, բայց իրականում ծեր ես՝ դրա հետ կապված բոլոր ձախորդություններով… Առավոտյան անցիր ինձ մոտ, գիշերային հերթափոխության հետ կապված որոշ հարցեր կան, մանրամասն կխոսենք, միաժամանակ կպատմես, թե ինչպես է քո այդ ծերուկ Ֆրանկենբերգը։ Շատ դուրս եկավ , հաճելի մարդ է։
–Իսկ դուք, ինչ է, գնո՞ւմ եք։
–Այո, վաղը պետք է շուտ վեր կենամ։ Հետո էլ խանգարում եմ ես այստեղ, նրանք չափից դուրս կաշկանդված են զգում իրենց իմ ներկայությամբ։ Թող ուրախանան, ինչպես պետքն է։ Դե, բարի գիշեր, Մարատ։
–Լույսը բարի։
Մնալով մենակ, Մարատը նորից ծխեց, բայց ծխախոտի համը այս անգամ նրան թվաց դառը։ Նա շպրտեց սիգարետը, ելավ տեղից և քայլեց դեպի վագոն, որտեղից լսվում էին աշխույժ ձայներ, ծիծաղ, Անդրեյի կիթառի ճնգճնգոցը։ Սակայն նա չէր հասցրել մի երկու քայլ անգամ անել, երբ հյուրերը աղմուկ-աղաղակով, թեթևակի իրար բոթելով, դուրս թափվեցին վագոնից։
–Մարատ Աղաբեկովիչ, դա ազնիվ վարմունք չէ, մեզ մենակ եք թողել…
–Ինչո՞ւ եք լքել մեզ, Մարատ Աղաբեկովիչ…
–Իսկ մենք, ահա, որոշել ենք ձեր կենացը խմել ուղղակի այստեղ, ազատության մեջ։ Ձեր և Սիմայի կենացը…
–Իսկ ինքը՝ Սիման ո՞ւր է, -վերջապես հարցրեց Մարատը՝ ակամա ընդունելով իրեն մեկնած բաժակը։
–Ես այստեղ եմ…-արձագանքեց Սիման, դուրս գալով Անդրեյի թիկունքից։
–Իսկ ես քեզ էի որոնում…
Սիման չպատասխանեց։ Մարատը ուշադրությմբ նայեց նրան, փորձելով բռնել հայացքը, բայց դա նրան չհաջողվեց։