-Լսեք, տղերք,-միանգամայն անսպասելի խոսեց Անդրեյը՝ կիթառը սեղմած կրծքին։-Իսկ ի՞նչ կլինի ուղիղ գնանք ամբարտակ։ Էդպիսի տղայի կենացը միայն էնտեղ պիտի խմել։
Մարատը խեթ նայեց Անդրեյին։
–Չարժե,-քրթմնջաց նա։
–Ինչո՞ւ,– արագ հարցրեց Անդրեյը։-Հեռու է, դրա՞ համար։
–Այո,-կտրուկ ասաց Մարատը, առանց նրա կողմը նայելու։
–Ճիշտ է, հեռու է, ավելի լավ է էստեղ,– համաձայնվեցին մի քանիսը։
Անդրեյը բավականին խմած, թափ տվեց ձեռքը։
–Դե ինչ, էստեղ՝ ուրեմն էստեղ,– նա մոտեցավ Մարատին, բարձրացրեց բաժակը։-Քո կենացը , Մարատ։ Բարով ես եկել… Քո մեջ մի էնպիսի բան կա, որին ես նախանձում եմ։ Թե ինչ է դա՝ ասել չեմ կարող։ Բայց հիմի էդ մասին չի խոսքը։ Ես քեզ երկարատև կյանք եմ ցանկանում։ Եվ ցանկանում եմ նաև, որպեսզի երջանիկ լինես ու մշտական լինես ուրախության մեջ, որպեսզի երբեք ու երբեք քեզ դժբախտություն չպատահի։– Նա մի պահ կանգ առավ, կարծես ուժերը հավաքելու համար և ավելացրեց,-իսկ եթե, բան է, դժբախտություն պատահի, ապա կարողանաս դիմանալ ինչպես վայել է տղամարդուն…-Նա հանկարծ մի ումպով խմեց իր օղին, բաժակը դրեց գետնին և մատներն այնպիսի ուժով քաշեց կիթառի լարերի վրայով, որ քիչ մնաց դրանք կտրվեին։
Մարատը նայում էր մինչև վերջ չխմած իր բաժակին։
–Շնորհակալություն, Անդրեյ, թեկուզ դու, իհարկե, ինչ-որ բան կիսատ թողեցիր… Թե՞ ես սխալվում եմ,-նա կտրուկ շուռ եկավ Սիմայի կողմը և շփոթվեց. Սիման նայում էր նրան լայն բացած աչքերով, վախեցած։-Մարատը շրջվեց նրանից։-Անդրեյ , առաջարկվեց խմել իմ ու Սիմայի կենացը։ Կարծեմ դա էր, չէ՞, որ դու թողեցիր չասված։
Անդրեյը ուղիղ նայեց նրան։
–Այո, ճիշտ կռահեցիր։ Ես չուզեցի ձեր երկուսի կենացը միասին խմել։-Նա վերցրեց իր բաժակը, ինչ-որ մեկը արագ օղի լցրեց։-Այ հիմա ես կարող եմ խմել Սիմայի կենացը,-նա մոտեցավ աղջկան։-Քո կենացը, Սիմիկ։ Չգիտեմ, դու երջանիկ կլինե՞ս երբևէ… Բայց կուզենայի, որ լիեիր… Քո կենացը, քո սիրուն աչքերի, քո կրակոտ շուրթերի կենացը…
Մարատը թափով խփեց Անդրեյի դեմքին։ Քար լռության մեջ ապտակը բավականին շառաչուն հնչեց։
Անդրեյը երերաց, բաց մնաց ոտքի վրա։
–Շնորհակալություն, էդ էլ տղամարդկություն էր, ապրես…-Անդրեյը բաժակը զարկեց քարերին, և, մատներով խփելով կիթառի լարերին, ինքնամոռացության մեջ մրմնջաց.
-Անգամ կիսանինջ
Միշտ լսում եմ ես,
Ախ, լսում եմ ես,
Դու կանչում ես ինձ…
Նա մի կողմ նետեց կիթառը և ձեռքը պարզելով ձորի կողմը, ասաց՝ առանց որևէ մեկին դիմելու.
– Այնտեղ, գետի մյուս ափին, սովխոզի այգում վարդի մի մեծ թուփ կա… այնտեղ բացվել է վարդը… Ես հիմա Սիմայի համար վարդ կբերեմ,-այս խոսքերից հետո նա անդունդի վրայից իրեն նետեց ցած։ Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես անսպասելիորեն ու արագ, որ ոչ ոք նույնիսկ փորձ չարեց նրան ետ պահել։ Մի քանի ակնթարթ անց ներքևում, լռության մեջ, լսվեց ջրի ճողփյունը։
–Նա իրենն նետեց գետը,-ասրսափահար ասաց ինչ որ մեկը։
Եվ անդունդն ի վար կախվեց Սիմայի անակնկալ ճիչը.
–Ա-ա-ա-Անդրյուշա…-Նա ակամա երկու քայլ առաջ վազեց ու կանգ առավ անդունդի եզրին։
Մի քանի րոպե բոլորն անզգայացած նայում էին ներքև, ուր սևամութ անդունդի մեջ , քարերին բախվելով, հեծեծում էր գարնանային պղտոր գետը։
Ոչ ոք չէր համարձակվում խախտել լռությունը, ասես յուրաքանչյուրն իր կամքից անկախ վկա էր եղել այն բանին, ինչ պիտի տեղի ունենար առանց վկաների։
Մարատը նայեց ժամացույցին, հետո ասաց հավասարակշիռ, հանդարտ ձայնով.
–Մի անհանգստացեք, նրան ոչինչ չի լինի, ջուրն այնտեղ ծանծաղ է, որ ուզենա էլ՝ չի քշի… Դե, ուշ է, գնանք։
Ասես հոգեհացից էին վեր կացել, բոլորը դանդաղ, լռին քայլեցին դեպի իրենց վագոնները։
Այնտեղ, հայացքը դեպի ջրերը, միայնակ կանգնել էր Սիման։
…Մարատը վերջացրեց իր պատմությունը։ Ես նրան ոչինչ չասացի այն մասին, որ անձամբ ճանաչում եմ Սիմային, տեսել եմ բուժակ Ներսեսի մոտ, հյուրերի տնից բանավան իջնելիս ծառերի մթության մեջ լսել նրա ծիծաղն ու ասածները Անդրեյին… Նա ծխախոտ վառեց, մտազբաղ մոտեցավ, բաց արեց լուսամուտի զույգ փեղկերը։ Սենյակ ներխուժեցին գետի հեռավոր շառաչը, էքսկավատորների, տրակտորների, բուլդոզերների խուլ թնդյունն ու դղրդյունը, ամբարտակ բարձրացող բազմատոննանոց ինքնաթափերի մարող ու կրկին լսվող հռնդյունը։ Ամբողջ ձորահովիտը, չնայած գիշերվան, ապրում էր իր ուրույն կյանքով՝ առանց իջեցնելու այն տեմպը, որ տրվել էր նրան չորս տարի առաջ։
–Իսկ հետո՞,-երկարատև լռությունից հետո ասացի ես։
Հետո՞…Գնացին նրանք՝ Անդրեյն ու Սիման։ Եվ Մարատը մնաց մենակ։ Իսկ Սիմա՞ն։ Չէ՞ որ նա շարունակ Մարատի հետ էր, նրանից անբաժան։ Երբեմն կարոտից քիչ էր մնում կանգ առներ շունչը։
Մարատը հիշեց բաժանման առաջին ծանր օրերը, գլուխն օրորեց։
–Շատ էր դժվար,– հոգնած ասած նա առանց շրջվելու։– Խելագարվել կարելի էր։
Ո՞ւր գնացին նրանք, որտե՞ղ էին՝ Մարատը չգիտեր։ Դատարկվել էր ասես աշխարհը։ Մռայլ էր շարունակ, ոչ ոքի հետ չէր խոսում, չէր խառնվում։ Առավոտ շուտ էր գնում աշխատանքի, ուշ երեկոյան վերադառնում։ Գիշերները երբեմն տնից ելնում, խավարի մեջ նստած ծխում էր և դարձյալ մտածում էր Սիմայի մասին։ Եղավ մի պահ, երբ նա մտածեց թողնել ու հեռանալ այս տեղերից, գնալ գրողի ծոցը. Բայց հեշտ է ասելը՝ թողնել ու հեռանալ։ Իսկ ամբարտա՞կը, մարդկանց վստահությո՞ւնը, դիսերտացիա՞ն… Իսկ հետո մոռացավ։ Բայց ոչ… չմոռացավ։ Անհնարին էր մոռանալ անցյալը…