-Այնուամենայնիվ շատ է զարմանալի կյանքը,-անսպասելի շրջվելով իմ կողմը, ասաց Մարատը և մոտենալով սեղանին, արկղից մի ծրար հանեց։– Այսօր առավոտյան եմ ստացել,-ավելացրեց նա, ծրարից հանելով նամակն ու մեկնելով ինձ։-Սիման է գրել։
Ես տարակուսանքով նայեցի նրան՝ անհարմար է ուրիշի նամակը կարդալ։
–Ոչինչ, կարդացեք, ես թույլ եմ տալիս։
Նամակը կարճ էր, գրված էր խոշոր, աղջկական կլորաձև ձեռագրով։ Սիման հաղորդում էր, որ կես տարուց հետո բաժանվել է Անդրեյից և վերադարձել տուն՝ մոր մոտ։ «Ամբողջ այս երեք տարիների ընթացքում ես քո մասին եմ մտածել միայն, Մարատ։ Եվ չեմ կարողացել ներել ինձ իմ անխոհեմ քայլի համար։ Ես այն ժամանակ ասես ինչ-որ կախարդության մեջ էի։ Ճիշտ են ասում, որ տղամարդիկ աչքերով են սիրում, կանայք՝ ականջներով։ Բայց դա իհարկե չի արդարացնում ինձ։ Եվ ինչո՞ւ արդարանալ։ Ախ, ինչպես կուզենայի իմ կյանքից ջնջել այդ տարիներն ու վերադառնալ աշնանային այն արևոտ օրը, երբ ես նստած էի գետափին, մամռածածկ մի քարի, իսկ իմ առջև, տաք քարերի մեջ գլուխը բարձրացրած ինձ էր նայում գեղահրաշ մի օձ, իսկ հետո եկար դու… Բայց դա, ես գիտեմ, անհնարին է։ Դու այն մարդկանցից չես, ովքեր հեշտությամբ ներում են վիրավորանքը։ Այնպես տխուր է կյանքն առանց քեզ…»։
Ես, առանց որևէ խոսքի, վերադարձրի նամակը։ Մարատը խնամքով ծալեց այն, տեղավորեց ծրարում և դնելով արկղի մեջ, կողպեց։ Հետո նորից մոտեցավ բաց լուսամուտին, նայեց ձորահովտին, որտեղից լսվում էր հսկա կառույցի գվվոցը։
Դրսում ամեն ինչ՝ սարերն ու ձորերը, լեռներն ու լեռնագոգերին փռված գյուղերը՝ ինչպես մշուշի մեջ՝ երերում, շողում էին ամառային աստղազարդ գիշերվա մեջ։ Հեռու լեռնալանջին մեկ կորչում, մեկ կրկին առկայծում է ինձ ծանոթ մենավոր կրակը։ Տարօրինակ է, սակայն ինձ թվում է, թե ես մի անգամ, շատ վաղուց, արդեն տեսել եմ այդ ամենը՝ և այդ լեռների աղոտ ուրվագծերը՝ երկնքի կապտասևավուն հեռանկարի վրա, և այդ հեռավոր ու մենավոր կրակը մթության մեջ… Որտե՞ղ եմ տեսել։ Ահա, հիշեցի. դա այն ժամանակ էր, երբ Վահեն ինձ կանչեց իր մոտ, և մենք նրա հետ երկար դատարկաբանում էինք մթության մեջ. նրանց տնից երևում էին հեռավոր լեռները, որոնց ստորոտում, հավանաբար, կոլտնտեսային ֆերմայում, առկայծում էր մեն-մենավոր մի կրակ…
Ես երկար նայում էի հեռվում, մխացող մշուշի մեջ առկայծող կրակին և բոլորովին անսպասելի մտածեցի այն մասին, որ այդ մենավոր կրակը մեր անցյալն է՝ բնավ ոչ այն օրերը, որ անցել են, այլ նրանք , որ հիշվում են, և ձուլված են մեր էությանը, ընդմիշտ ապրում են մեր մեջ՝ ուղեկցելով մեզ ու շշնջալով մեր ականջին, որ կյանքը տրվում է կարճ ժամանակով և կարևորն այն չէ՝ շա՞տ ես ապրել, թե քիչ, այլ այն, թե ճի՞շտ ես ապրել արդյոք…
Արթնանում եմ պայծառ լույսից։ Բացում եմ աչքերս և իսկույն էլ կկոցում՝ արեգակնային ճառագայթների խուրձը, թափանցելով բաց լուսամուտից ներս, մի պահ կուրացնում է ինձ։ Մի՞թե այսքան երկար եմ քնել։ Նայում եմ ժամացույցին՝ ինն անց է։ Հատաքրքիր է, գնացե՞լ է Մարատը։ Արմունկներիս վրա հենվելով՝ նայում եմ նրա մահճակալին։ Մարատը չկա։ Այդ էր պակաս, որ կառույցի գլխավոր ինժեները մինչև կեսօր պառկեր տեղաշորի մեջ։
Վեներան նույնպես, հավանորեն, գնացել է։ Ելնում, արագ հագնվում, դուրս եմ գալիս։ Բակում հանդիպում եմ Ամալյային։ Ձեռքի սուր գոգաթիակով քերում է փայտե սանդուղքների վրա չորացած ցեխը։
–Երևում է գիշերը փոխս ես գցել վագոնդ,-ժպտում է նա,-առավոտյան եկա, տեսնեմ մարդ չկա։ Տեղաշորն էլ էնպես գեղեցիկ է հավաքած, ասես աղջիկ է քնել էնտեղ։
Երևում է Վեներան ջանացել է։
–Երեկոյան զրույցով ընկանք Մարատ Աղաբեկովիչի մոտ ու այդտեղ էլ մնացի։
Մտնում եմ իմ սենյակը և, վերցնելով պորտֆելս, դուրս եմ գալիս բակ։
–Դե , Ամալյա , մնաք բարով։
–Գնո՞ւմ ես, ինչ է։
–Հա, ժամանակն է արդեն։-Ես սեղմում եմ նրա տաք, կոշտացած ձեռքը։-Շնորհակալություն ձեր բարության ու հոգատարության համար։ Եվ ներեցեք, եթե ինչ-որ բան այնպես չէր։
–Չէ, ամեն ինչ էլ կարգին էր, մենակ լավ չի, որ էդպես շուտ գնում ես, մի երկու շաբաթ մնայիր, մի տես ինչ եղանակներ են…
–Ուրախությամբ կմնայի, բայց գործուղումս արդեն վերջացել է, չհասցրի նույնիսկ մերոնց մոտ՝ Հնձախութ գնալ։ Աստված չանի, իմանան, որ մի շաբաթ այստեղ եմ եղել ու չեմ գնացել իրենց մոտ՝ կնեղանան։
Վերցնում եմ պորտֆելս և, չնայած շրջկենտրոն մեկնող ավտոբուսին դեռ շատ ժամանակ կա, ոլորապտույտ արահետով շտապ գնում եմ դեպի գետափի երկհարկանի շենքը, ուր տեղավորված է շինվարչությունը: Հարկավոր է ձևակերպել գործուղման թերթիկն ու զուգընթացաբար պետի հետ խոսել կառույցին առնչվող մի երկու հարցի մասին։
Արևալից ու ջինջ առավոտ է, արահետի երկու կողմերին, կանաչների մեջ, երևում է լույսի արագ ցոլանքը. շաղը դեռևս չի հասցրել գոլորշիանալ։ Այս ու այնտեղ ծորուն կլկլացնում են պիրոլները, իսկ դաշտային երիցուկները, որ սփռված են շուրջ բոլորը՝ ինչպես աստղերը գիշերային երկնքում, տարածել են իրենց անուշիկ բուրմունքը։