Ձևականությունները, կապված գործուղման հետ, շուտ վերջացան, ինձ հետաքրքրող հարցերի մասին զրուցեցի կառույցի ծերունազարդ պետի հետ և դուրս եկա առանձնասենյակից, որի լուսամուտներն ուղիղ նայում էին գետին։
Ռոզան՝ դարձյալ նույն սանրվածքով, ընդունարանում, գրամեքենայի մոտ նստած, երեկվա պես ներկում էր շուրթերը։
–Գնու՞մ եք արդեն,-շրթներկը մի կարճ պահ շուրթերից հեռացնելով, հարցրեց նա։
–Այո, -ասացի ես,– չե՞ք գալիս։
–Ե՞ս…Ի՞նչ եք ասում,-նա խնդումներես նայեց ինձ։ – Ես երեկ կատակում էի։ Ինչպե՞ս կարող եմ ապրել առանց այս սար ու ձորերի։ Ես կապված եմ ամբարտակին, ինչպես երկինքը լուսնյակին։-Նա ծիծաղեց իր հանգավոր համեմատության վրա և հենց այնպես, ի միջի այլոց, ասաց.-Ձեզ բարի ճանապարհ։
Ես անշտապ իջա բակ և այստեղ, ամբատակից եկող ձայների շառաչի ներքո, որպես մտերիմ բարեկամի, հրաժեշտ տվեցի Մարատին։ Նա հենց նոր էր եկել ամբարտակից և Ալվինայի հետ մտերմիկ զրուցելով բարձրանում էր երկրորդ հարկ։
–Երևում է մեկնում եք, -ասաց Մարատը, ձեռքը մեկնելով ինձ։
–Այո, -պատասխանեցի, ամուր սեղմելով նրա ձեռքը։– Գնում եմ։
–Դե, ուրեմն, հաջողություն ձեզ,-ասաց Մարատը ժպտալով։
–Ձեզ նույնպես հաջողություն եմ ցանկանում,-խորախորհուրդ ասացի ես, ուրախ՝ նրանց տեսնելով միասին։
Ալվինան երախտընկալ մի հայացք նետեց ինձ վրա և անմիջապես նայեց Մարատին։
–Շնորհակալություն,-ասես երկուսի անունից ասաց Մարատը և ժպտահայաց նայեց Ալվինային։ Աղջիկը շիկնելով արագ փախցրեց աչքերը, իսկ Մարատը, ասես ինչ-որ բան հիշելով, ավելացրեց,-Սպասեք, ես հիմա Մերուժանին կասեմ՝ ձեզ կտանի մինչև կանգառ։
–Չէ, Մարատ ջան, շնորհակալ եմ,-հրաժարվեցի ես։-Դեռ ժամանակ շատ կա, ոտքով կգնամ։-Եվ դուրս գալով բակ, քայլեց դեպի ավտոբուսի կանգառ։
Զարմանալի է, մարդ թեկուզ կարճ ժամանակով որևէ տեղ մնալուց հետո, տարօրինակ զգացում է ապրում՝ երբևէ ինքը նորից կվերադառնա՞ այդտեղ, թե՞ դա վերջին անգամ է։ Մի պահ կանգնում, դիտում եմ բարձր լեռներով ու անտառներով շրջափակված բանավանն ու ձորահովիտը, որ այդ պահին արևով լցված վիթխարի թասի է նման։
Ես շրջվում եմ, քայլում դեպի ավտոբուսի կանգառ և այստեղ, կանգառ տանող ճանապարհին, անսպասելիորեն հանդիպում եմ Վեներային։
–Բարի լույս,-զուսպ կերպով արտաբերում է նա և, չգիտես ինչու, կարմրում է։ Նրա ձեռքին հնամաշ մթերացանց կա՝ մեջը կեֆիրի երկու դատարկ շիշ։ Վեներան փորձում է մթերացանցը թաքցնել թիկունքում։
–Բարև, Վեներա։ Առավոտյան դու այնպես շուտ գնացիր, որ ես չհասցրի նույնիսկ տեսնել քեզ։
–Հա, ես տեղ պիտի գնայի… վախենում էի չհասցնել…-ասում է նա, բայց և իսկույն փոխում է խոսակցությունը։-Պորտֆելդ էլ ես վերցրել։ Երևի ճանապարհվո՞ւմ ես։
–Այո։
–Գնանք, ես քեզ կուղեկցեմ։
Դանդաղ մոտենում ենք կանգառին, նստում ժայռի կարկառվածքի տակ դրված երկար նստարանին։ Վերևի գյուղերից շրջկենտրոն տանող ավտոբուսը այստեղ է կանգնում։
Նայում եմ ժամացույցին. Քառասուն րոպե կա դեռ։
–Դու, երևի, խանութ էիր, հա՞, գնում,– հայացքով ցույց տալով դատարկ շշերով մթերացանցը, ասում եմ ես։
Նա, չգիտես ինչու, դարձյալ կարմրում է, հայացքը դարձնելով ուրիշ կողմ։
–Ոչ, ես…Ես նրան ուտելիք էի տարել։
Ահա թե ինչ։ Իսկապես որ արժե զարմաալ. դեռևս երեկոյան նա ասաց, որ ամուսինը նստած է։
–Սպարտակի՞ն։ Բայց չէ՞ որ դու ասացիր, որ նա այստեղից շատ հեռու է՝ Կոմի երկրամասում։
–Նրա համար չէ, Վահեի համար էի տարել։
Ինչ-որ սատանայական բան է սա։
–Եվ քեզ թույլատրեցի՞ն։
–Այո, ես պայմանավորվել եմ նրանց պետի հետ։
–Եվ վաղո՞ւց ես նրան ուտելիք տանում։
–Երկու ամսից ավել է։ Այն օրվանից, ինչ այստեղ է։Երկար խոսել, ճիշտ է, չի հաջողվում, թույլ չեն տալիս, բայց ուտելիք հանձնել՝ թողնում են։
Խոստովանում եմ, ինձ մի պահ այնպես է թվում, թե ես թյուրիմացության մեջ եմ ընկել։
–Եվ նա ընդու՞նում է այդ ուտելիքը։
–Սկզբնական օրերին հրաժարվում էր, բայց հետո սկսեց ընդունել։
Որոշ ժամանակ մենք լռում ենք՝ չհամարձակվելով նայել մեկս մյուսին։
–Վեներա, ինձ թվում է, դու ինչ-որ բան լրիվ չես ասում։
–Հատկապես ի՞նչ։
–Ասա, խնդրեմ, ինչի՞ համար են նրան նստացրել։ Վահեի մասին է խոսքը։
Նա հառաչում է և նորից ինձ ծանոթ ժեստով ձեռքը տանում է դեմքի վրայով։
–Դա երկար պատմություն է, երկու բառով չես պատմի։
–Ոչինչ, մենք ժամանակ շատ ունենք։
Վեներան մի առ ժամանակ լսում է՝ ասես ի մի բերելով մտքերը։
–Դու հիշո՞ւմ ես, ես երեկ հարցրի՝ քեզ երբեք չի՞ վիճակվել դառը կսկիծ ապրել այն մտքից, որ դու ինչ-որ ժամանակ անտարբերությամբ ես անցել այնպիսի մի բանի կողքով, որը գուցե երջանկության լույսով ողողեր քո ամբողջ կյանքը։
–Հիշում եմ։
–Այսպես ահա, կարծես թե դա տեղի է ունեցել ինձ հետ։ Հիշու՞մ ես, դպրոցում բոլոր տղաները սիրահարված էին ինձ, իսկ ես միայն ծիծաղում էի նրանց վրա։ Քո հարցում, ճիշտ է, այդպիսի բան չի եղել, բայց դա էլ , երևի, այն պատճառով, որ դու չես համարձակվել սիրտդ բացել ինձ… Դու երեկ հարցրիր, թե ես հիմք ունե՞ի արդյոք ծիծաղելու ձեր վրա։ Իսկ մի՞թե քեզ համար պարզ չէ՝ ունեի՞, թե՞ ոչ։