Выбрать главу

–Առհասարակ, պարզ է… Ինձ համար դա պարզ դարձավ դեռևս այն օրը, երբ մեր տնամերձ այգուց տեսա, թե ինչպես նստեցիր կապույտ ''Վոլգան'' ու մեկնեցիր գյուղից։ Մեր անհմուտ սիրատածությունն ու սիրազեղ նամակները սոսկ զվարճացնում էին քեզ, որովհետև երեխայական արարմունքներ էին թվում։ Կարճ ասած, մենք պարզապես չդիմացանք սեփական ''Վոլգայի'' տիրոջ մրցակցությանը։

–Ըհը։ Եվ նրա շռայլությանը նույնպես։ Եվ ոչ միայն շռայլությանը, այլ նաև ինքնավստահությանը, ոչ միայն ձեր, այլև իմ հանդեպ ունեցած գերազանցության նրա զգացումին, նրա զուտ տղամարդու՝ իմ կերտվածքի կանանց համար խիստ հրապուրիչ, գրավչական տիրողականությանը։ Իսկ ի՞նչ կարող էիք տալ դուք, բացի սիրային անմիտ նամակներից՝ հավերժական հավատարմության երդումներով ու այլևայլ անհեթեթություններով։ Այդպես էր թվում այն ժամանակ… Տափակ պատմություն է, չէ՞…

Դա արդեն նայած ում համար. որևէ մեկի համար գուցեև տափակ է, իսկ մեկ ուրիշի համար՝ ճակատագիր։

Խուսափողաբար պատասխանում եմ.

–Առհասարակ, տարօրինակ բան է կյանքը։

–Այո…-հառաչանքով պատասխանում է Վեներան՝ աչքերը կկոցած նայելով հեռավոր լեռների կողմը։-Տեղափոխվելով ձեր գյուղից, մենք սկսեցինք ապրել մարզկենտրոնում։ Երեք սենյականոց լավ բնակարան ունեինք նոր շենքում, ես նյութական ոչ մի բանի կարիք չէի զգում, փող՝ ինչքան ասես կար մոտս, ամուսինս երես էր տալիս ինձ, ոչ մի բան չէր մերժում, բարի էր իմ հանդեպ, հոգատար ու քնքուշ… Մի տարի անց տղա ունեցանք։ Թվում էր է՞լ ինչ է պետք կյանքում։ Մի խոսքով ես երջանիկ էի։

–Եվ երկա՞ր տևեց այդ երջանկությունը։

–Հինգ տարի։ Մինչև այն օրը, երբ փողոցում ինձ անսպասելի կանգնեցրեց Վահեն։

–Վահե՞ն։

Անկեղծորեն ասած, տալով իմ հարցը, ես հույս ունեի բոլորովին այլ պատասխան լսել. վերջ ի վերջո, փորձված գործամոլի կնոջ երջանկությունը (այն ժամանակ Սպարտակը, երևում է, հենց այդպիսի մի գործամոլ էր) վաղ թե ուշ պետք է փոխարկվեր արցունքների, համենայն դեպս, դա կլիներ օրինաչափ երևույթ։

–Բայց չէ՞ որ Վահեն գնացել էր Սումգայիթ։

–Այո, նա աշխատում էր ինչ-որ գործարանում։ Բայց այդ օրերին արձակուրդ էր եկել գյուղ և մի քանի օր մնաց Ստեփանակերտում՝ քեռու մոտ։ Մենք հանդիպեցինք պատահաբար, կարծեմ, խանութից էր գալիս, թե գնում էր խանութ՝ հիմա չեմ հիշում…Մենք մի քիչ զրուցեցինք, նա խոստովանեց, որ ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ ինձ, ես ծիծաղեցի՝ պատասխանելով, որ երեխա ու սիրելի ամուսին ունեմ…''Միևնույն է, ես քեզ կտանեի ինձ հետ՝ թեկուզ երեք երեխա էլ ունենայիր, միայն թե համաձայն լինեիր դու''։ Ինձ արդեն սկսել էր զայրացնել այդ խոսակցությունը, և ես, որպեսզի վերջ տրվեր դրան, հավանաբար ասացի ոչ այն, ինչ հարկավոր էր ասել. մինչև հիմա էլ չեմ կարողանում ներել ինձ։

–Իսկ ի՞նչ էիր ասել որ։

–Ասացի. ''Եվ ինչով պիտի երջանկացնես ինձ։ Քո մաշված շալվարներո՞վ, թե՞ աղքատիկ մահճակալով՝ գործարանային ցուրտ հանրակացարանում''։

–Հըմ, ավելի կծու դժվար է երևակայել։

–Դու գիտե՞ս, նա այնպիսի ցավով նայեց ինձ, այնպիսի դառն ափսոսանքով, որ… ավելի լավ էր ապտակեր։ Բայց պատասխանեց հանգիստ ձայնով. ''Ոչ, Վեներա, ես քեզ կերջանկացնեմ ահա այս ձեռքերով''։– Նա պարզեց ձեռափերը, որոք սև էին ու կոշտուկավոր։ ''Սրանք ազնիվ ձեռքեր են''-ասաց նա։ Արժեր, որ ես անմիջապես ներողություն խնդրեի իմ ասած խոսքերի համար, բայց նվաստացուցիչ այն վիճակը, որի մեջ ես ինձ զգում էի այդ րոպեին, ընդհակառակը, այնչափ զարմացրեց ինձ, որ ես չկարողացա վարվել քիչ թե շատ խելամիտ կերպով։ Ես իմ մատից հանեցի ադամանդե խոշոր քարով մատանին՝ Սպարտակի հարսանեկան նվերը, և ցույց տվի նրան. ''Ահա այս մատանին,-ասացի ես,-ճիշտ այնքան արժե, որքան կարող էին վաստակել քո այդ ազնիվ ձեռքերը մի քանի տարում։ Ուզո՞ւմ ես նայել։ Վերցրու։'' Մատանին նա չվերցրեց։ Նա միայն ժպտաց, հեռվից նայեց դրան և ցածրաձայն ասաց. ''Հրաշալի քար է… Երբևէ պատասխան կպահանջեն նրանից, ով դա նվիրել է քեզ։ Թե ինչ պատասխան կտա Սպարտակը՝ այդ մասին կիմանա դատախազը։ Իսկ այ ի՞նչ պիտի պատասխանես դու''։ Աչքերս մթնեցին նրա խոսքերից։ ''Գիտե՞ս ինչ,– ասացի ես, առանց հաշիվ տալու ինձ,– գլուխ մի տար քո հիմար քարոզներով, քեզնից վախեցող չկա''։ ''Իսկ ես չեմ վախեցնում, -հանգիստ ասաց նա նկատի գունատվելով։-Կա մարդկանց մի տեսակ, որ գիշեր ու ցերեկ փող ու ոսկի է դիզում, ապակե բանկաներում ու կավե պուլիկներում թաղում հողի մեջ, երբեմն նույնիսկ մոռանալով, թե որտեղ ինչքան է թաղված։ Այդպիսի մարդիկ ապրում են ճոխ հարստության մեջ՝ արհամարհելով մեզ նմանների կարծիքները, բայց նրանք բոլորն էլ ներքուստ նախանձ մարդիկ են, նրանք նախանձում են մեզ նույնիսկ այն բանի համար, որ մենք հանգիստ ու խաղաղ քնում ենք մեր հարկի տակ, առանց վախենալու, թե ահա ուր որ է միլիցիան կծեծի մեր դուռը։ Չարաչար սխալվում են բոլոր նրանք,-շարունակեց նա,– ովքեր մտածում են, թե փողն ընդունակ է ամեն ինչ անելու։ Միևնույն է, փող դիզողներից հազարից մեկն է վայելում այդ փողերը''։

Վեներան կրկին խորասուզվում է մտքերի մեջ։ Ես չեմ խանգարում նրան։ Որոշ ժամանակ անց նա շարունակում է.