–Այդ օրվանից ասես ինչ-որ բան փշրվեց իմ հոգում։ Ես սկսեցի ուշադրությամբ հետևել ամուսնուս, նրա ընկերներին, ականջ դնել նրանց խոսակցություններին։ Եվ այդ խոսակցությունները շարունակ փողի մասին էին, ինչ-որ տեղից ձեռք բերած չճարվող ապրանքների, ընկեր-տղաների՝ քաղաքից դուրս անցկացրած խրախճանքների ու նման բաների մասին…
Վեներայի վերջին խոսքերը լարում են ուշադրությունս։ Ի վերջո այդպիսի սուրբ միամտությունը չի բռնում նրա խառնվածքին…Ասե՞լ։ Թե՞ չարժե։
–Լսիր, Վեներա, մի՞թե դու ինքդ մինչ այդ չես մտածել այն մասին, որ, համենայն դեպս, աշխատավարձով չեք ապրում։
–Մտածել եմ, իհարկե, բայց… Ինչպե՞ս քեզ բացատրեմ… Ես ապացույցներ չունեի, եթե լինում էլ էին, ես հրաժարվում էի հավատալ դրանց՝ գտնելով հարյուրավոր բացատրություններ, կամ, պարզապես ասած դիմում էի հնարանքների, որպեսզի չնկատեի այդ հանցանշանները։ Հասկանո՞ւմ ես, ուրիշ բան է,եթե խոսքը վերաբերում է ուրիշի, այստեղ մենք, առանց քաշվելու, իրերը կոչում ենք իրենց անուններով։ Եվ միանգամայն այլ բան՝ երբ դա քո ամուսինն է, քո երեխայի հայրը, մի մարդ, որի հետ դու կապված ես բազմաթիվ կապերով, որը սիրում է քեզ, չի մերժում ոչ մի բանում, կատարում է ուզածդ ցանկությունն ու քմահաճությունը։ Նա իքն էլ շատ հաճախ ու առանց ճիգ ու ջանքի փարատում էր իմ տարակուսանքները։ Թանկարժեք իրերի մասին, օրինակ, որը նա նվիրում էր ինձ կամ թաքցնում էր որևէ տեղ, ասում էր, որ ժառանգական են, իրեն են անցել հորից, պապից և այլն։ Եվ ես հավատում էի նրան, քանզի գիտեի, որ նրա տոհմը՝ էն գլխից էլ առևտրի հետ կապված, ժամանակին շրջանի ամենահարւստներից էր։ Այդպիսի խոսակցությունները սովորաբար ավարտվում էին նրանով, որ նա ծիծաղելով ասում էր. ''Խենթուկ, մի՞թե դու իսկապես լրջորեն մտածում ես, որ ես կարող եմ մի քանի հազար ռուբլու համար վտանգի տակ դնել իմ բարի անունը, իսկ քեզ ու իմ որդուն ծաղրատեղ շինել մարդկանց առջև: Իմացած եղիր, որ ինձ համար պատիվը կյանքից թանկ է''։ Բայց, կրկնում եմ, բոլոր այդ խոսքերն ու արդարացումները ոչ մի արժեք չէին ունենա ինձ համար, եթե դա ոչ թե իմ ամուսինը, այլ ինչ-որ մեկ ուրիշն ասեր, ինձ օտար մի մարդ։
–Նշանակում է դու պարզապես ստիպել ես քեզ հավատալ, այսինքն՝ խաբել ես ինքդ քեզ։
–Այո, բայց Վահեի հետ հանդիպելուց հետո դադարեցի ինքս ինձ խաբելուց։
–Մի՞թե։
Վեներան անուրախ տարուբերում է գլուխը։
–Զարմանալ պետք չէ… Ինչպե՞ս դա քեզ բացատրել… Քո փոխարեն կին լիներ, նա ինձ, հավանորեն, հեշտ հասկանար։
–Եվ այնուամենայնիվ…
–Գիտե՞ս ինչ, երբ մի տղամարդ կնոջը չորս-հինգ հազար ռուբլու արժողությամբ ադամանդե մատանի է նվիրում, իսկ մյուսը պարզապես առաջարկում է իր կոշտուկավոր ձեռքերը, այդ կնոջ համար ընտրությունը դյուրին լինել չի կարող, և նա խորհրդածելու բան ունի… Դե, լավ, այս ամենը սենտիմենտալություն է։
…Վահեի հետ ունեցած հանդիպման հետագա բոլոր օրերին Վեներան իրեն զգում էր այնպես, ինչպես, հավանաբար, կզգար ալպինիստը, որը բարձրացել , հասել է վտագանավոր գագաթ, իսկ իջնել այնտեղից չի կարող, որովհետև փրկափոկը ձեռքից դուրս է սահել ու ընկած է անդունդում… Նրան ինչ-որ անորոշ, տագնապալից զգացում էր համակել։
Մի քանի անգամ խոսք բացելով, նա ամուսնուն խնդրեց թողնել այդ գործը (նա բնակչության կենցաղային սպասարկման ինչ-որ կոմբինատում էր աշխատում) և զբաղվել ըստ մասնագիտության (պոլիտեխնիկական ինստիտուտ էր ավարտել)։ Վեներան միաժամանակ նրան խնդրում էր դադարեցնել շփումներն իր այն ընկերների հետ, որոնք օգնում էին նրան կասկածելի գործերում։ Բայց Սպարտակը չէր ուզում լսել կնոջը։
–Ի՞նչ մարդ ես դու, փոխանակ ուրախանալու նրանով, ինչ ունես, շարունակ չունեցածիդ մասին ես մտածում, -մի անգամ արցունքն աչքին ասաց Վեներան,-գոնե մեր մասին մտածեիր։
Սպարտակը քմծիծաղեց այդ խոսքերի վրա և հանկարծակի խռպոտած ձայնով ասաց.
–Լսիր, դու քո գործին կաց, իմ հաշիվները ես ավելի լավ գիտեմ։
Վեներային թվում էր, թե երկրորդ երեխան ինչ-որ փոփոխություն կմտցնի իրենց կյանքում։ Նա մտածում էր այն մասին, որ երեխաները պատասխանատվության ինչ-որ զգացում կարթնացնեն ամուսնու մեջ, սակայն, ավաղ, ոչինչ չօգնեց։ նրանց միջև անդունդ էր առաջացել, որը գնալով ավելի էր լայնանում ու խորանում։ Վեներան պարզորոշ տեսնում էր՝ իր ընտանեկան բարօրությունն արագընթաց կերպով գնում է դեպի անդունդ, և չգիտեր, թե ինչպես առաջն առներ։
Այսպես անցավ մեկ-երկու տարի։ Մինչ այդ Վահեն վերջնականապես տեղափոխվեց Ստեփանակերտ, ուր ապրում էր Վեներան և աշխատանքի անցավ մետաքսկոմբինատում։ Վեներայի պատճառով էր փոխադրվել՝ նա ինքն այդ մասին ասաց Վեներային։ ''Առանց քեզ կյանքն ինձ համար ոչ թե կյանք է, այլ գոյությունը քարշ տալ,– ասաց նա Վեներային։-Ուզում եմ ապրել նույն քաղաքում, որտեղ դու ես, շնչել նույն օդը, և ներիր, որ այլ կերպ վարվել չկարողացա''։
Մի անգամ պատահաբար հանդիպեցին փողոցում։ Սպարտակի հետ էր։ Մի երկու խոսք փոխանակեցին ընդամենը։ Բայց Վեներան զգաց, որ Վահեն դուր չեկավ ամուսնուն։
–Տարօրինակ տղա է, – երբ բավականին հեռացել էին, ասաց Սպարտակը։