–Ինչո՞ւ,– արագ հարցրեց Վեներան։
–Չափից դուրս ինքնագոհ դեմք ունի,– պատասխանեց Սպարտակը,-կարծես թե շվեյցարական բանկում հաշիվ ունի բացած։
– Սեփական արժանապատվության զգացումը չի կարելի շփոթել ինքնքգոհության զգացումի հետ,-առարկեց Վեներան։-Դրանք միանգամայն տարբեր բաներ են։
Սպարտակը ծաղրանքով նայեց կնոջը.
–Օհո, տեսնում եմ , որ դու նրան չափազանց լուրջ ես վերաբերվում։ Գուցե ավելի հանգամանորե՞ն պատմես ձեր հարաբերությունների մասին։ Դա ինձ համար շատ հետաքրքիր կլինի։
Պարզ զգացվում էր՝ Սպարտակը պատրվակ էր փնտրում զայրույթը թափելու համար։ Եվ, չնայած դրան, Վեներան չցանկացավ նահանջել. նա պատմեց մատանու հետ կապված պատմությունը։
–Ահա թե որտեղից են սկիզբ առել քո խոսակցությունները,-ասաց նա,– կորիր աչքիցս, որպեսզի այլևս չտեսնեմ քեզ…
Այդ օրը Սպարտակը տուն վերադարձավ առավոտյան դեմ՝ ոչ այն է անքնությունից, ոչ այն է շատ խմելուց աչքերը լրիվ կարմրած։ Առհասարակ այդ օրվանից սկսեց խմել, տուն էր գալիս շաբաթը մեկ-երկու անգամ՝ այն էլ հարբած։ Հետո միանգամից թողեց խմելը, բայց շարունակ մտազբաղ էր, նյարդային։ Վեներայի հարցերին պատասխանում էր խուսափողաբար ու գրգռված կերպով։
Մի անգամ ասաց.
–Էդ բյուրեղապակին ու մյուս թանկարժեք բաները տար քրոջդ մոտ, թող մի առ ժամանակ իրենց տանը պահի։ Լավ է, որ մեքենան ու ամառանոցը ուրիշի անունով է…
Վեներան ոչինչ չասաց նրան, միայն հետո իմացավ, անակնկալ ինչ-որ ստուգող հանձնաժողով էր եկել և ամբողջ հիմնարկը ստուգում էին… Իսկ մի քանի օր անց Սպարտակը դարձավ նախկին Սպարտակը՝ ուրախ, ինքնավստահ, սիրալիր, ինչպես Վեներայի, այնպես էլ երեխաների հանդեպ։
Երկրորդ անգամ Սպարտակը Վահեի մասին խոսք բացեց իրենց գժտությունից չորս-հինգ ամիս անց, և իր խոսքով ուղղակի շշմեցրեց Վեներային։
–Փող չունեցողներն ամենից շատ հարստության մասին են խոսում, իսկ սրիկաները՝ առաքինության։ Ազնիվ ձեռքերով քո այդ դպրոցական ընկերը, պարզվում է, խորամանկի մեկն է։ Շնորհավորում եմ։
–Իսկ նա ի՞նչ է արել,-տարակուսանքով հարցրեց Վեներան։
–Պահեստամասեր գողանալիս բռնել են։
–Ի՞նչ։
–Հետաքննություն է գնում։ Ես, ճիշտ է, ուզեցի օգնել, ֆաբրիկայում սրտամոտ տղաներ շատ կան, բայց, դե, բան չստացվեց։
Վեներան չհավատաց ամուսնու և ոչ մի խոսքին։ Դեռ ավելին, ինչ-որ վատ կասկածներ՝ կապված ամուսնու ասածների հետ, սողոսկեցին նրա սիրտը։ ''Իսկ գուցե հենց քո այդ սրտամոտ տղաներն են ամեն ինչ արել'',-անցավ նրա մտքով։
–Իսկ ինչո՞ւ էիր ուզում օգնել, – հարցրեց Վեներան, ուշադրությամբ նայելով ամուսնուն։
Սպարտակը քթի տակ ծիծաղեց և ասաց.
–Ինչ էլ չ լինի՝ կնոջս դպրոցական ընկերն է։
Այդ օրերին Վեներան ապրում էր ոնց որ հիմար երազի մեջ։ Նա համարյա հավատացած էր, որ Վահեին կամ զրպարտել են, կամ միտումնավոր կերպով սարքել այդ գործը՝ նպատակ ունենալով դատաստան տեսնել նրա հետ։
Վեներան չէր սխալվում։ Երկու շաբաթ անց, մեղադրանքի չապացուցվածության համար, նրան ազատեցին կալանքից։ Եվ այստեղ պատահեց այն, ինչին Վեներան ամենից քիչ էր սպասում։ Մի անգամ, ուշ երեկոյան, նրան զանգեցին մարզային հիվանդանոցից և ասացին, որ ամուսնուն բերել են հիվանդանոց։
–Իսկ ի՞նչ է պատահել,-դեռևս չկարողանլով ըմբռնել լսածի իմաստը, տագնապալից հարցրեց Վեներան։
Նրան ասացին, որ ինչ-որ հարբած խուլիգան ռեստորանում հարձակվել է աումսնու վրա և մարմնական վնասվածք հասցրել նրան։ Այդ հարբած խուլիգանը, պարզվեց, Վահեն էր։ Կալանքից ազատվելու հաջորդ օրը նա իր ընկերների հետ մտել էր ռեստորան՝ նշելու այդ իրադարձությունը։ Այդ պահին իր բարեկամների հետ ռեստորանում էր գտնվում նաև Սպարտակը։ Կերուխումի ժամանակ Սպարտակի ընկերներից մեկը, Սպարտակի համառ պահանջով, Վահեին, որ արդեն թեթև հարբած էր, կանչում է իրենց սեղանի մոտ։
–Չգիտեմ թե ով է ասել, բայց ճշմարիտ է ասել,-մոտենալով Սպարտակի սեղանին միանգամից սկսեց Վահեն՝ ուղիղ նայելով Սպարտակին,-դժբախտության ժամանակ ճանաչվում է լավ մարդն ու՝ մերկացվում իսկական ստորը։
–Այստեղ բոլորը քո բարեկամներն են,-փորձեց կատակել Սպարտակը գունատվելով։ – Մոռացիր ինչ-որ եղել է, թյուրիմացություն էր, տղաները կարծել էին դու ես վերցրել… Ախր, ասում էի, որ չի կարող պատահել։
–Դու ստում ես, իսկ ով ընդունակ է ստելու, նա իրավունք չունի մարդ կոչվելու։ Դու մարդ չես,– ասաց Վահեն կատաղությունից շնչահեղծվելով։ – Քեզ նմանները հանգած ածուխի են նման, որոնք, երբ այլևս անկարող են այրել, սևացնում են։
Սպարտակի անսպասելի, ուժեղ հարվածից Վահեն ետ-ետ գնաց, թափով խփվեց կողքի սեղանին։ Բայց չընկավ, ուղղվեց և այդ նույն սեղանից գինու մի կիսադատարկ շիշ վերցնելով ու մի ոստույնով հասնելով Սպարտակին, ծանր շիշը թափով իջեցրեց նրա գլխին։
Չանցած կես ժամ, Վահեն արդեն միլիցիայի բաժանմունքում էր։ Դատարանը նրան դատապարտեց երեք տարվա ազատազրկման։
Այդպես երկրորդ անգամ, ինքն էլ դա չցանկանալով, Վեներան Վահեի դժբախտության պատճառ դարձավ…
Դատարանում Վահեն ամբողջ մեղքը վերցրեց իր վրա , ասաց, որ հարբած է եղել, ոչինչ չի հիշում, իսկ Սպարտակին չի ճանաչում, առաջին անգամ ռեստորանում է տեսել և մինչ այդ ոչ մի միջադեպ չի եղել իրենց միջև։ Դահլիճի մի անկյունում նստած՝ Վեներան լռելյայն լսում էր, և նրա համար դժվար չէր կռահել, որ Վահեն դա հանուն իրեն՝ Վեներայի արեց: