Շուտով Սպարտակը ապաքինվեց, դուրս գրվեց հիվանդանոցից, սակայն նախկին տեղում աշխատել այլևս չուզեց։ Այդ օրերին էր, թերթում հայտարարություն տպագրվեց հիդրոկոմպլեքսի շինարարության մասին։ Սպարտակը իսկույն դիմեց ուր հարկն է, և նրանք ընտանիքով փոխադրվեցին կառույց։ Միառժամանակ Սպարտակը կառույցում մատակարարման բաժնի պետ էր, իսկ հետո նրան ձերբակալեցին կաշառք վերցնելիս…
Հետաքննության ժամանակ Վեներան հասկացավ, որ ամուսինը կառույց է եկել այն բանից հետո, երբ նրա համախոհներից մեկը բռնվել էր հանցագործության վայրում։ Այդ համախոհը, իհարկե, մատնել էր նաև մյուսներին՝ այդ թվում և Սպարտակին։
…Վեներան խոր հոգոց է անում, ձեռքը հոգնած սահեցնում դեմքի վրայով։
–Դեհ, ահա և դու բոլորը գիտես,– ասում է նա։
Մի որոշ ժամանակ մենք լռում ենք։ Խոստովանում եմ, Վեներայի տրտում պատմությունը կարծես թե ամեն ինչ դրեց իր տեղը։ Գուցե, թերևս, հենց դրա համար էլ առաջին պահ ես չգիտեի, թե ինչ ասեի նրան։ Ասենք, նա հազիվ թե որևէ խոսք էր սպասում ինձնից։ Խոսքերն այստեղ ոչինչ չարժեն, իսկ եթե արժեն էլ, ապա՝ աննշան մի բան։ Մի քանի հոգի ևս անշտապ մոտենում են կանգառին։ Նրանցից միայն տեղամասային միլիցիոներ Գավրուշն է դեմքով ծանոթ ինձ։ Նա գլխով թեթևակի բարևում է։
–Հիմա ի՞նչ ես որոշել անել,-վերջապես հարցնում եմ ես։
Վեներան բացակայող տեսքով թոթվում է ուսերը։
–Կաշխատեմ կադրերի բաժնում, իսկ նոր ուսումնական տարվանց, երևի, կփոխադրվեմ ավանային դպրոց։ Մարատ Աղաբեկովիչը խոստացել է խոսել ժողկրթբաժնի վարիչի հետ։ Ինքս էլ մի անգամ եղել եմ ժրջանային ժողկրթբաժնում, բաժնի վարիչ Շահեն Օհանջանյանը, անչափ բարի ու մի շատ լավ մարդ , նույնպես խոստացել է օգնել։ Տեսնենք։ Ի միջի այլոց, խոսք կա, որ պետը այս մի քանի օրը գնում է թոշակի և նրա տեղ Մարատ Աղաբեկովիչին են նշանակում։
–Իսկ դժվար չի՞ երկու երեխայի հետ,– հարցնում եմ։
–Ոչինչ, սկեսուրս օգնում է, ընդհանուր առմամբ՝ նա վատ մարդ չէ։ Իսկ առհասարակ դժվար է իհարկե…
–Իսկ Սպարտակն ինչպե՞ս է այնտեղ։ Դու տեսե՞լ ես նրան դատից հետո։
–Ոչ։ Եվ չեմ էլ փորձել… Ուզում եմ դիմել դատարան՝ ապահարզանի համար…-Նա խեթ-խեթ նայում է ինձ։-Դու ոնց որ երևում է, հավանություն չես տալիս իմ քայլին։
Ըստ երևույթին, այդ հարցը վաղուց նրան հանգիստ չի տալիս։ Ես համոզված չեմ, թե իմ խրախուսանքը կամ անխրախուսությունը որևէ նշանակություն ունի նրա համար։
–Դա դու ավելի լավ կիմանաս, Վեներա։ Այդպիսի գործերում ոչ ոք խորհրդատու լինել չի կարող…– Եվ թեմայից խույս տալու համար ասում եմ.-Ուր որ է կգա ավտոբուսը։
Վերևից երևում է ավտոբուսը։ Ես ելնում, ձախ ձեռքով վերցնում եմ պորտֆելը, աջ ձեռքս մեկնում եմ Վեներային։
–Դե, մնաս բարով, Վեներա։ Ես ուրախ եմ, որ հանդիպեցի քեզ։
–Ցտեսություն,-կամացուկ ասում է նա։– Այնուամենայնիվ… Գուցե մի խորհուրդ տայիր, – խնդրողական տոնով ասում է Վեներան։ – Ապահարզանի մասին եմ ասում։
Ժխտողաբար օրորում եմ գլուխս և ոնց որ լարովի, փնթփնթում.
–Ոչ , Վեներա, այդպիսի գործերում ոչ ոք խորհրդատու լինել չի կարող։ Ինքդ պիտի վճռես։ Եվ ուրիշ ոչ ոք։
Բարձրանում եմ ավտոբուս, ազատ տեղեր շատ կան, պորտֆելս դնում եմ նստարանի տակ և նստում լուսամուտի առջև։ Կանգառում Վեներան մենակ է՝ ձեռքին դատարկ շշերով մթերացանցը։ Ես հրաժեշտի համար բարձրացնում եմ ձեռքս, Վեներան, առանց ժպիտի, պատասխանում է նույն ձևով։ Եվ միայն այն բանից հետո, երբ ավտոբուսը շարժվում է, ես ուշացումով մտածում եմ այն մասին, թե ինչու այդպես համառորեն խույս էի տալիս նրա բացահայտ դրված հարցից։ Իրո՞ք գտնում էի, որ այդ գործում ոչ ոք խորհրդատու լինել չի կարող։ Մտաբերում եմ նրա խոսքերը. ''…Իմ ամուսինը…մի մարդ, որի հետ դու կապված ես բազմաթիվ կապերով, որը սիրում է քեզ, չի մերժում ոչ մի բանում… կատարում է ուզածդ ցանկությունն ու քմահաճությունը…''։ Եվ նրա համար ծանր պահին հարվածել թիկունքից։ Ճիշտ կլինի՞ արդյոք։ Ով գիտե։ Չէ՞ որ գրված օրենքներից բացի, կան նաև չգրված օրենքներ…Մի բան պարզ է սակայն՝ թիկունքից հասցված հարվածը դավաճանական հարված է… Եվ հարված ո՞ւմ… Էհ, ի՞նչ եմ գլուխ կոտրում, ես հո դատավոր չեմ նրանց համար։
Ամբարտակի մոտ ավտոբուսը թեքվում է դեպի աջ, ևս մեկ-երկու րոպե, և ճանապարհը գլխիվայր կընկնի ձորը։ Այս շրջադարձից այն կողմ այլևս չեն երևալու ոչ բանավանը, և ոչ է ամբարտակը։ Ես վերջին անգամ նայում եմ ետ։ Վեներան չկա արդեն։ Շինվարչության գրասենյակի բակում , հայացքը դիմացի լերկ ժայռերին, միայնակ կանգնած է կառույցի պետը։
''Մի՞թե դարձյալ կնոջ մասին է մտածում'',– անցնում է իմ մտքով, և ես ինքնաբերաբար նայում եմ դեպի այն ժայռը, որտեղից ընկել է Ասպրեն…
=================
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ
Կյանքը եղել է ջինջ ու արևկա,
Երկինքը՝ կապույտ,
Մենք ընդամենը տասնութ տարեկան®
Յու. Սահակյան