–Ես էլ եմ գալիս,– հակարծահաս մտքից ոգեշունչ՝ ասացի Մարինեին£– Կուզե՞ս քեզ ճանապարհեմ®
–Ոչ, ոչ, պետք չէ,– Մարինեն ձեռքը դրել էր ձեռքիս վրա£ Նրա ձեռքը տաք էր£– Մի գա, խնդրում եմ£
Բայց ուզում էր, որ մինչև մարզկենտրոն գնայի իր հետ, ես դա զգացի, մեքենան արդեն շարժվում էր, ոտքս դրեցի անվադողին և հենց ընթացքի ժամանակ ցատկեցի թափք, նստեցի Մարինեի կողքին, թևս նրա տաք թևին կպած£
–Գալիս եմ,– դողացող ձայնով ասացի ես£– Մինչև Ստեփանակերտ®
–Շնորհակալություն,– հպվելով ինձ, ռուսերեն շշնջաց Մարինեն, և նա այնքան մոտ շշնջաց, որ շնչառությունից մի տաք ու խելառ հոսանք վազեց իմ մարմնով£ Ուսմասվարը նոր միայն նկատեց, որ ես էլ եմ թափքում£
–Դո՞ւ էլ ես գալիս,– ուսի վրայով անտարբեր նետեց նա£
–Այո,– պատասխանեցի ես£– Քեռուս տուն եմ գնում,– հորինեցի ես£
Լուսնյակ գիշեր էր, պարզկա, մաքուր գիշեր էր, աստղալից ու կապույտ երկնքում հանգիստ լողում էր լուսինը, իսկ երբ մտնում էինք անտառ, լուսինը չէր երևում, անտառների միջով ընկած մութ ճանապարհով էինք գնում, մեքենայի լույսերը սահում էին ծառերի ու բլուրների վրայով, ասես որոնում, գտնում էին ճանապարհը, ուսմասվարը շուտ-շուտ թեքվում էր դեպի խցիկը, ասում. «Սրբուհի, ոնց ես զգում քեզ»£ Երևի ինքն էր ծեծել , վախենում էր մի բան լինի, իրեն մեղադրեն£ Ճանապարհի վրա, լույսերի մեջ նապաստակներ էին երևում, լույսերի մեջ շշկլված նապաստակներն այս ու այն կողմ էին ցատկոտում ու կորչում ճանապարհի տակ, մթան մեջ£ Հեքիաթային երեկո էր, անցանք Թխկոտ ու Կիչան փոքրիկ գյուղերը, աստղերը ցոլցլում էին երկնքի մանուշակագույն խորքում, լուսինն իր հավիտենական ճանապարհի տուտը բռնած` վերևով, լեռների ու ձորերի վրայով գալիս էր մեզ հետ£ Բեռնատարը սլանում էր առաջ և երբեմն առ երբեմն խոր ձորերում ու սևամութ կիրճերում արձագանքվում էին նրա բեկբեկուն ազդանշանները£ Խաչենն անցնելիս ես նայեցի ներքև՝ գետի ջրերը փայլփլում էին լուսնի տակ, թաց գետաքարերը պսպղում էին, և այստեղ, Խաչենի ձորում, օդը սառն էր, մրսեցնող£
–Չե՞ս մրսում,– ցածր, շատ ցածր ասացի Մարինեին, և Մարինեն իմ հարազատն էր աշխարհում, արար աշխարհում՝ իմ ամենամտերիմը, որից բաժանվում էի այսօր£
–Ոչ,– կրկին հպվելով ինձ շշնջած Մարինեն£– Իսկ դո՞ւ£
Ես նայեցի նրան£ Լիներ, այնպես լիներ, թափքում մենակ լինեինք, հրաժեշտի խոսքեր ասեի նրան, համբուրեի նրա տաք շուրթերը® Բայց հնարավոր չէր դա£
Իսկ մինչև մարզկենտրոն կես ժամվա ճանապարհ էր մնացել, հեռվում, գիշերային մշուշի մեջ երևում էին Առաջաձորն ու Հայադ գյուղերը, իսկ մեր գյուղը չէր երևում, մեր գյուղը մնացել էր անտառներից ու սարերից այն կողմ, ես քնքշորեն շոյում էի Մարինեի ձեռքը, երբեմն նրա մազերը քսվում էին շուրթերիս, և նրա մազերից չքնաղ բուրմունք էր գալիս, ես մտքում հայհոյում էի մեր ուսմասվարին, որ երկար ականջները սրած լսում էր մեզ ու ձևացնում էր, թե ուշքն ուրիշ տեղ է, չի լսում մեզ, ես նրան մտքում հայհոյում էի, նա հանկարծ շրջվեց իմ կողմը և ասաց.
–Գործերդ ինչպե՞ս են£
–Ոչինչ,– ասացի ես£
–Աշխատո՞ւմ ես£
Իբր չգիտի, որ մեր շրջանավարտներից արտադրական բրիգադ եմ կազմել® Շատ լավ գիտի®
–Այո, աշխատում եմ,– ասացի£– Իհարկե£
–Կեցցես, կեցցես, աշխատանքը պատվի ու փառքի գործ է£– Նա քիչ լռեց£ Անտառում կանչում էր բուն, ներքևում` ձորում վշշում, աղմկում էր Խաչենագետը£ Մեքենան մտավ մի ձորակ, հետո սկսեց վերելքը, և շարժիչն ասես լաց եղավ£
–Պիտի ինստիտո՞ւտ գնաս,– բարձր ասաց ուսմասվարը£
–Չգիտեմ,– ասացի ես,– տեսնենք£
–Ինչպե՞ս թե՝ չգիտեմ,– ձեռք չէր քաշում նա, -դպրոցն ավարտել ես ու չգիտե՞ս ինչ պիտի անես£
–Երկու տարի պիտի աշխատեմ£ Նոր օրենքով երկու տարվա աշխատանքային ստաժ է պետք ունենալ՝ բարձրագույն ընդունվելու համար®
–Հա, ճիշտ որ, մոռացել էի® Լավ ես անում, կեցցես,– կեղծ մտերմությամբ ասաց մեր ուսմասվարը£– Հո պարտադիր չէ, որ բոլորն ընդունվեն£ Լավ սովորող ես եղել, մի մասնագիտություն ընտրիր, մնա գյուղում, նյութից-բանից թերթերում կգրես, փող կստանաս®
Իսկ քո Հասմիկ աղջիկն ինչո՞ւ չմնաց գյուղում, մտովի ասացի ես ուսմասվարին£ «Երեքներով» մի կերպ ավարտեց տասերորդը և հիմա համալսարանում է սովորում£ Ծանոթությամբ ու փողով համալսարան է ընդունվել, իսկ նրա կիսագրագետ ու խորամանկ հայրը, այսինքն՝ դու, ինձ ասում ես՝ պարտադիր չէ, որ բոլորն ընդունվեն®
–Տրակտորիստ եմ դառնալու,– կոպիտ ասացի ես£– Կամ կցիչ՝ տրակտորի վրա, կամ անասնապահ, վարորդ, օղակավար, մի բան կդառնամ, էլի£ Դուք մի մտածեք® Հասմիկը ո՞նց է, թոշակ ստանո՞ւմ է գոնե£
Չլսեց իբր, նա վիզը թեքել էր խցիկի կողմը և կնոջն ասում էր.