Выбрать главу

–Վերևներում անձրև է հիմա,– ջլապինդ ձեռքերը ղեկին՝ տղան գլուխը դուրս հանեց բեռնատարի խցիկից, նայեց դեպի այնտեղ, ուր լեռներն էին։

Երկնիքը մթամած էր, սև՝ ինչպես մայթաձյութ, և անձրևի մթագորշ ծածկոցը սարերն ի վար սահում էր ներքև, բեռնատարին ընդառաջ։

Տղան մտքում մոտավոր հաշվեց, թե ինչքան է մնացել մինչև Հնձախութ ու եկավ այն անուրախ մտքին, որ առաջիկա գյուղը հազիվ անցած՝ անձրևը կբռնի նրանց։

–Մինչև գյուղ ահագին ճանապարհ կա,– ասաց նա բարձրաձայն։

–Ինչքա՞ն,– հարցրեց աղջիկը:

– Տաս-տասնհինգ կիլոմետր:

–Դա այնքան էլ շատ չէ,– արձագանքեց աղջիկը և մի կարճ ակնթարթ շեղակի նայելով տղային, կենսաթրթիռ զգացումով սկսեց նայել դուրս։ Նա ուզում էր, որ լեռներով ու ձորահովիտներով ձգվող այս ճանապարհը երկար, շատ երկար լիներ, առանց հանգրվանի։

…Աղջիկը նայում էր դուրս, և տղան խցիկի երկարուկ հայելու մեջ գաղտնածածուկ դիտում էր նրա կիսադեմը՝ միաժամանակ բերկրալի զգացողությամբ մտաբերելով իրենց առաջին հանդիպումը։ Այդ օրվանից ընդամենը շաբաթուկես էր անցել, այնինչ թվում է, թե դա շատ վաղուց էր։ Այն ժամանակ ինքը շրջկենտրոնից էր գալիս, հացահատիկ էր տարել մթերման և վերադառնում էր գյուղ՝ Հնձախութ։ Մեծ արագությամբ էր ընթանում, որպեսզի ժամանակին հասներ գյուղ, անձրևի տակ չընկներ։ Եվ հանկարծ հեռվից տեսավ աղջկան։ Ներքին Հոռաթաղ գյուղի մոտ էր դա. աղջիկը դիտմամբ, ամենայն հավանականությամբ լսել էր մեքենայի հռնդյունը, քայլում էր խճուղու ուղիղ մեջտեղով։ Տղան մի քանի անգամ ազդանշան տվեց՝ պահանջելով, որ աղջիկը դուրս գա ճանապարհից։ Սակայն նա շարունակում էր քայլել՝ ասես այդ ազդանշաններն իրեն չէին վերաբերում։ «Սա չի՞ լսում, ինչ է»,– բարկացավ տղան։ Դանդաղեցնելով բեռնատարի ընթացքն ու այն թեքելով քիչ աջ, դեպի խճուղու եզրը, տղան ուժեղ արգելակեց մեքենան, նա ուզում էր կոպտել կամակոր անծանոթուհուն, բայց աղջիկը հանկարծակի շրջվեց տղայի կողմը և տղան, փոխանակ հանդիմանելու… զմայլանքով աչքերը սևեռեց նրան. աղջիկը շատ էր լավիկը։ Տղան մի պահ շփոթվեց, սակայն մտածեց նաև՝ քանի որ կանգնեցրել է մեքենան, հարկավոր է մի բան ասել։

–Ո՞ւր ես գնում,– հարցրեց նա։

–Իսկ դա քո ինչի՞ն է պետք,-ասես վաղուցվա ծանոթի, խաղացկուն ժպիտով պատասխանեց աղջիկը՝ աչքերի սևորակ փայլով միանգամից գերելով նրան։– Միևնույն է, չես տանի,– շտապ ավելացրեց նա ։ -Հնձախութ եմ գնում։ Հեռո՞ւ է։

– Աշխարհի մյուս ծերին է։– Տղան, անկախ իրենից, ակամա բերանը բաց ժպտում էր։– Բայց կտանեմ,– նույնպես հապշտապ ասաց նա։– Ազնիվ խոսք, կտանեմ,– և փութկոտությամբ թեքվեց, բացեց խցիկի դուռը։ Աղջիկը, չգիտես ինչու, ծիծաղեց և, բարձրանալով խցիկ, նստեց տղայի կողքին։ Նա, հավանաբար, լավ գիտեր իր հմայքի զգայացունց ազդեցությունը։ Տղային թվաց, թե բեռնատարի փոքրիկ խցիկը լցվեց դաշտային ծաղիկների զմայլիչ բուրմունքով։

–Մեր մեքենեան այս գյուղի մոտ փչացավ,– բացատրեց աղջիկը։ -Վարորդն ասաց, որ անմաքուր վառելիք են լցրել։ Տարան տեղի կոլտնտեսության գարաժ՝ սարքելու։ Իսկ ես որոշեցի համընթաց մեքենայով գնալ։ Վարորդը դրան դեմ էր, իհարկե, բայց ես չլսեցի նրան։ Չի՞շտ եմ արել,– անբռնազբոսիկ ժպտաց աղջիկն ու պրպտուն նայեց տղային։ ։

–Իհարկե, արագ ու զվարթ տրամադրությամբ արձագանքեց տղան, նույն զմայլանքով անցողակի նայելով աղջկան։ Ամենայն հավանականությամբ, հրացոլ աչքերով ու թխաթույր դեմքով այս սիրունիկ աղջիկը նրան դուր էր գալիս։

Մեքենան շարժվեց տեղից ու, միանգամից արագություն վերցնելով, սլացավ ասֆալտապատ ճանապարհով։

–Ես հենց Հնձախութ եմ գնում,– ասաց տղան կարճ լռությունից հետո։

– Աստված իմ։ Ճի՞շտ։

–Այո,– ասաց տղան։– Դու, երևում է, այս կողմերից չես։ Ես առաջներում քեզ տեսած չկամ։– Նա քիչ հապաղեց, ավելացրեց բազմանշանակ.-Անպայման կհիշեի, եթե տեսած լինեի…

Աղջիկը շեղակի նայեց տղային, ժպտաց ներհուն։

–Դու ինչ է, տեղացի բոլոր աղջիկներին ճանաչո՞ւմ ես։

–Ոչ բոլորին, իհարկե, բայց դեմքով գիտեմ… Մերոնք տարբերվում են ուրիշներից։

– Ի՞նչ իմաստով։ Ավելի սիրու՞ն են։

–Չէի ասի, թե սիրուն չեն։ Մեջները այնպիսիները կան, որ գեղեցկության միութենական մրցույթներում անգամ պատվավոր տեղ կգրավեն։

–Իսկ ինչու՞ չեն գրանվում։

–Որովհատև հայ են,– արագորեն ու ցասկոտ վրա բերեց տղան։– Ադրբեջանի կազմում՝ հային ո՞վ կթողնի մրցույթի մասնակցի, այն էլ միութենական։

–Ես իրոք տեղացի չեմ,– միանգամից լրջանալով ասաց աղջիկը։– Ծնողներս ղարաբաղցի են, Շահումյանի շրջանից։ Էրքեջ գյուղ լսած կա՞ս։ Այդ գյուղից են, բայց ինքս Բաքվում եմ ծնվել։ Ավելի շուտ՝ Բաքվին մերձակա Զաբրատ ավանում։ Երկրաբանական ինստիտուտի վերջին կուրսում եմ սովորում։ Պրակտիկայի այստեղ են ուղարկել։

–Երկրաբան ես ուրեմն,– եզրակացրեց տղան արդեն աշխույժ տոնով։– Երկրաբանների ձեր արշավախումբը մեր գյուղում է հիմա։ Գնչուների պես վրաններ են դրել հին շենատեղում, համարյա ծմակին կպած։ Պետն էլ Ալբերտ Շահնազարյանն է, շատ լավ մի տղա՝ մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր։

–Այո, լսել եմ, Ալբերտ Լևոնովիչը հոյակապ մարդ է։ Իսկ դու գիտե՞ս, որ այդ արշավախումբն այստեղ ոսկու մեծ պաշարներ է գտել։ Սակայն, չգիտես ինչու, Ադրբեջանը չի ուզում այն շահագործման հանձնել։ Բայց չէ՞ որ մի քանի հազար մարդ կարող էր աշխատել այնտեղ։