–Հենց դրա համար էլ չի ուզում,– քիչ առաջվա ցասկոտ տոնով ասաց նա։– Ինչու՞ պիտի աշխատանք ունենան, թող գնան, Նախիջևանի պես՝ թող Ղարաբաղն էլ դատարկվի հայերից։– Եվ ավելացրեց արդեն հանդարտված.– Ես քեզ ուղիղ կտանեմ այդ վրանները։ Համաձա՞ յն ես։
Աղջիկը կողքանց նայեց նրան, գոհունակ ժպտաց ։
Երկար խոսեցին երկրաբան աղջիկն ու վարորդ տղան այդ առավոտ։ Նրանք խոսում էին համարյա անկարևոր բաներից, ինչպես սովորաբար խոսում են պատահական ուղեկիցները։
…Եվ հիմա տղան, թեպետ ներսանց մի թեթև խռովքով՝ այս անսպասելի անձրևի պատճառով, խցիկի երկարուկ հայելու մեջ գաղտնածածուկ դիտում էր աղջկա հրապուրիչ կիսադեմը՝ կրկին ու կրկին մտաբերելով իրենց առաջին հանդիպումը, և նրա ողջ էությունը ափեափ լցվում էր լուսապայծառ բերկրանքով։
–Ես ուզում եմ, որ ճանապարհը երկար, շատ երկար լինի,– ասաց աղջիկը բարձրաձայն։ Նա դա ասաց ՝դանդաղորեն առանձնացնելով յուրաքանչյուր բառը։– Որպեսզի այն գնա ու գնա՝ առանց հանգրվանի…
Տղան սթափվեց մտքերից՝ կապված անձրևի ու մածուցիկ ցեխի հետ, ժպտաց նրան։ Նա ուզում էր պատասխանել աղջկան, բայց հասկացավ՝ բոլոր այն բառերը, որ հիմա ինքը պետք է ասեր, անզոր էին հաղորդելու նրան իր զգացմունքների մի աննշան մասն անգամ։ Եվ նա լռեց։
Բեռնատարը սլանում էր առաջ և երբեմն առ երբեմն խճուղու վրա կախված կիրճերն ու մթամած ձորերը արձագանքում էին նրա բեկբեկուն ազդանշաններին։
–Չես մրսո՞ւմ,– հարցրեց տղան։
–Մի քիչ ցուրտ է,– պատասխանեց աղջիկը և սկսեց նայել աջ՝ անդնդախոր ձորի կողմը, ուր երևի վարարած Թարթառն էր հիմա դղրդում ու ափնակոծում, ասես ձգտելով դուրս ելնել զառիթափ ափերից։
–Բարձրացրու ապակին,– ասաց տղան։ -Կմրսես։
Աղջիկն անօգուտ ցնցեց դռան նիկելազօծված լծակը, հետո ասաց, որ ոչինչ չի ստացվում։
–Սա երևի փչացել է…– նեղսրտած ասաց նա մի տեսակ մեղավոր ու անկար։
Տղան ղեկը թեքեց, մեքենան կանգնեցրեց ճանապարհի եզրին, և աղջկա ծնկների վրայով՝ ուսով համարյա կպչելով նրա կրծքին, թեքվեց աջ, բարձրացրեց ապակին։
–Տեսնո՞ւմ ես, ոչինչ էլ չի փչացել,– ասաց տղան քիչ հուզված։
–Դե, ես չկարողացա …-Աղջկա շուրթերն ասես այրվում էին կրակից։
Նա շրջեց գլուխը և նայեց աղջկա կրակագույն շուրթերին, աչքերի մեջ, որոնք երկար թարթիչների տակից առկայծում էին խոնավ փայլով։ Տղան հուզաթաթավ գրկեց աղջկան, իր հուժկու ձերքերով նրան սեղմեց կրծքին։
–Պետք չէ, պետք չէ, մի արա,– հանգչող շշուկով արտաբերեց նա։– Մի արա, խնդրում եմ։
–Ի՞նչը պետք չէ, ի՞նչը պետք չէ,– ինքնամոռաց շշնջաց տղան,– ասես ոչինչ չլսելով ու կրքոտ համբուրելով աղջկա անհնազանդ շուրթերն ու ակամա մտածելով այն մասին, որ տարօրինակ բան է սերը, այն ասես միանգամից քեզ դուր եկած էակին լուսավորում է ինչ– որ անտեսանելի լույսով և նրա մեջ ամեն ինչ քեզ թվում է անսահմանելիորեն սիրելի, շատ թանկ ու հարազատ։
Աղջիկն այլևս չէր ընդդիմանում։ Նա տղայի քնքշանքին պատասխանում էր աղջկական առաջին սիրո ամոթխած անաղարտությամբ։
Ճանապարհից այն կողմ խշշում էր դարավոր անտառը, ծառերի կատարներն օրորվում էին քամուց։
–Հարկավոր է գնալ,– ասաց աղջիկը որոշ ժամանակ անց։-Ուշ է արդեն։
Տղան, անակնկալ հուզմունքից վերուվարող կրծքով մի պահ նստած էր լուռ՝ իր ջլապինդ ուժեղ ձեռքերը բեռնատարի ղեկին։ Հետո ասես դժկամ՝ նա փոխեց բեռնատարի արագությունը, և մեքենան դանդաղորեն առաջ գնաց։ Եվս մի երկու շրջադարձ՝ աջ կողմում կրկին երևաց Թարթառը, հսկայական գետաքարերերն ի վեր ծառս լինելով՝ ալիքները փայլփլում էին մի կիսավայրկյան ու կորչում ծառերի ետևում։
Տղան սխալվում էր. անձրևը նրանց ավելի շուտ հասավ, քան կանցնեին առաջիկա գյուղը։ Հորդ անձրևը նրանց բռնեց միանգամից՝ կատաղորեն ծեծելով խցիկի կտուրը, անձրևաջուրը ցայտում էր այս ու այն կողմ, առատորեն հոսելով ապակիրներով։ Մեքենան արդեն ընթանում էր ցածր արագությամբ, լուսարձակներով ճեղքելով անձրևի մութ ծածկոցը։ Իսկ աղջիկը մտամփոփ նայում էր դուրս և թեթև ժպիտը խաղում էր նրա շուրթերին։ Նա մտածում էր այն մասին, որ կյանքում իր մտքով երբեք չէր անցնի, որ այստեղ, այս հեռավոր լեռներում ինքը կարող է հանդիպել վարորդ մի տղայի, որին կսիրի հանկարծակի ծագած խորունկ սիրով…
–Ոնց որ լրիվ մթնել է,-ասաց տղան,– համարյա ոչինչ չի երևում։– Նա միացրեց հեռաձիգ լույսերը։
Առջևում անսպասելիորեն մի մարդ հայտնվեց։ Աղջիկը տեսավ. ճամփեզրի ծառերի տակ կանգնած՝ նա պատսպարվում էր անձրևից։ Տեսնելով մեքենան, մարդը ձեռքը բարձրացրած առաջ եկավ։
–Հարցրու, տես ո՞ւր է գնում,– ակամա արտաբերեց աղջիկը։
Տղան դժկամությամբ արգելակեց մեքենան և, աղջկա կողմից իջեցնելով ապակին, հարցրեց.
–Ո՞ւր ես գնում։
Մարդն ավելի մոտեցավ, ասաց գյուղի անունը։ Անձրևի կաթիլները հոսում էին նրա դեմքն ի վար։
–Ամբողջ երկու ժամ կանգնած եմ, էս ներքևի գյուղից եմ գալիս, գործ ունեի… Թարսի պես վերև գնացող մեքենա չկա,-ասաց նա շնչահեղձվելով։ Նա կրկին տվեց գյուղի անունը։