Աղջիկը ծանոթ չէր այս վայրերին ու չգիտեր, թե որ կողմն է գնում մարդը, և հեռո՞ւ է արդյոք նրա գյուղը։
Իսկ տղան ասաց.
– Կտանեի, ազնիվ խոսք, կտանեի, բայց ուրիշ տեղ եմ գնում։ Մոստում ապրանք պիտի ստանամ մեր գյուղկոոպի համար։ Կներես, – ավելացրեց տղան և շրխկոցով փակեց դուռը։
Մարդը մնաց ճանապարհին, հորդ անձրևի տակ։
Իսկ անձրևը թափվում, հա թափվում էր ու ասես վերջ չպիտի ունենար։ Աղջիկը շրջվեց, թափքին նայող նեղլիկ լուսամուտից նայեց ետ։ Անծանոթ մարդը դեռևս կանգնած էր այնտեղ, խճուղու եզրին՝ միայնակ, ցրտից ու անձրևից կուչ եկած։
– Ամբողջովին թրջվել էր,– մտախոհ արտաբերեց աղջիկը։
–Ոչինչ, մի ամիս չի լողանա,– արձագանքեց տղան, ծիծաղեց։
Նա, իհարկե, հասկանում էր, որ իր ասածն այնքան էլ սրամիտ չէր, բայց, այնուամենայնիվ, վիրավորական թվաց, որ աղջիկը նույնիսկ չժպտաց իր խոսքի վրա։ Աղջիկը մի անգամ ևս շրջվեց, նեղլիկ լուսամուտից նայեց ետ, սակայն սևասև մթությունից բացի ոչինչ չտեսավ։
–Իսկ հեռո՞ւ էր նրա գյուղը։
Տղան քիչ մտածեց, ասաց.
– Ոչ այնքան։ Ոտքով մինչև առավոտ կհասնի… Մինչ այդ քամուց շորերն էլ կչորանան,– դարձյալ կատակեց նա ու, իր սրամտությունից գոհ, կրկին ծիծաղեց։ Աղջիկն ամենևին ուշք չդարձրեց նրա կատակին։ Նա մտասույզ նայում էր հեռվում, մթան մեջ ուրվագծվող բարձր լեռներին։
–Մեղք էր,– ուշացումով ասաց նա։– Անձրևի տակ մնաց։
– Բոլորի համար լաց լինողի աչքը արցունքից չի չորանա,– ասաց տղան։– Ես նրան ոչ պարտական եմ, և ոչ էլ խնդրել եմ, որ գար ցցվեր այնտեղ։
Աղջիկը զարմանքով նայեց տղային, սակայն ոչինչ չասաց։ Երկար ժամանակ լուռ էին, հետո նա ասաց.
–Դու ասացիր, որ ինչ– որ տեղից ապրանք պիտի ստանաս։ Դու ստու՞մ էիր։
–Իհարկե,– ինքնագոհ գլխով արեց տղան, լայն ժպտաց։
Աղջիկը նորից զարմանքով նայեց տղային, հոգնած ասաց.
–Այնուամենայնիվ, պետք էր վերցնել նրան։
–Ո՞նց վերցնեի, երբ թափքում գբյուղկոոպի ապրանքն է, մեկ էլ տեսար մի բան կորավ…
–Ինչո՞ւ թափքում։ Երեքով կտեղավորվեինք խցիկում։
–Ի՜նչ ես ասում, լրիվ կկեղտոտեր այստեղ։ Չտեսա՞ր, ջուրը ծլլում էր վրայից…Ոչինչ, ոտքով գնալն օգտակար է առողջության համար։
Այս խոսքերից աղջիկը ինչ-որ տարօրինակ ընդդարմացում զգաց, խոնջացած իջան ուսերը, և նա իր օտարացած հայացքը սևեռեց սրընթացորեն ընդառաջ նետվող խճուղուն։
…Առջևում կրակներ երևացին։ Այդ գյուղից այն կողմ վերջանում էր խճուղին և սկսվում էր լեռնային խորդուբորդ ճանապարհը։ Անձրևային եղանակներն մեքենաների համար այն դառնում էր համարյա անանցանելի։
–Ինչո՞ւ չես խոսում,-վերջապես հարցրեց տղան՝ անկարող տանել ճնշող լռությունը։-Ի՞նչ պատահեց քեզ։
Աղջիկը անտարբեր թոթվեց ուսերը։
–Ոչինչ։
–Ճիշտ չէ։
–Ճիշտ է։
–Ժպտա, որ հավատամ, թե ոչինչ էլ չի պատահել։
Աղջիկը փորձ արեց ժպտալ։ Ժպտալիս սկզբում սիրտն է ժպտում, անցավ աղջկա մտքով, ու նոր միայն մարդու դեմքին ծաղկում է այդ ժպիտը։
Տղան խեղդեց հառաչանքը, քիչ ավելացրեց մեքենայի արագությունը։ Նրանք մտան գյուղ, և հիմա մեքենան ծանր բարձրանում էր գյուղամիջյան ճանապարհով, որի երկու կողմերին, մինչև սարահարթ, ձգվում էր տների շարքը։ Մինչև Հնձախութ երեք-չորս կիլոմետր էր մնում։
–Այստեղ վերջանում է խճուղին,-ասաց տղան,-դենը հիմար ճանապարհ է, մի ժամում հազիվ տեղ հասնենք։
Աղջիկը չարձագանքեց։ Նա լուռ նայում էր ճանապարհին և կարծես նույնիսկ չլսեց տղայի ասածը։
Մեքենան տեղապտույտ տվեց մի երկու տեղ, սակայն բարեհաջող անցան։ Գյուղագլխին այն վերստին տեղապտույտ տվեց, տղան դյուրագրգիռ սեղմեց ատամներն ու ավելացրեց գազը, թեպետ շատ լավ էր հասկանում, որ հիմարություն է դա։ Բեռնատարը թափ առավ, բայց որոշ ժամանակ անց, արդեն գյուղի ծայրին, ետևի անվադողերը կրկին տեղապտույտ տվին՝ մածուցիկ ցեխը շպրտելով այս ու այն կողմ։ Մոտորը սկեց լարված կաղկանձել։ Տղան մտքում հայհոյեց, մի քանի անգամ փոխեց արագությունը, սակայն մեքենան տեղից չէր շարժվգում, գնալով այն ավելի էր խրվում ցեխի մեջ։
Քիչ հեռվում մի դուռ բացվեց, տան լույսը մի ոստույնով հասավ բեռնատարին։ Հետո երևաց մի ծերունի, որն զգույշ փոխելով գայթուն ոտքերը, առաջ եկավ և, կանգնելով ճանապարհից այն կողմ, ցանկապատի մոտ, այնտեղից ձայնեց.
–Ո՞վ կա այստեղ։
Տղան անջատեց մոտորը, իսկ աղջիկը, բացելով խցիկի դուռը, կանգնեց բարձր ոտնակին։
–Մենք Հնձախութ էինք գնում,– ասաց նա բարեհունչ ձայնով-, բայց անձրևի պատճառով առաջ շարժվել հնարավոր չէ։
–Պատահում է,-բազմանշանակ արձագանքեց ծերունին։-Անձրևներից հետո միշտ էդպես է։ Քանի տարի է՝ ասում են սարքելու են, բայց էլի նույնն է։ Ոչինչ, այսօր կմնաք մեզ մոտ, իսկ առավոտյան մի բան կմտածենք։ Առանց տրակտոր չի լինի։ Եկեք։
–Մեքենայում խանութի ապրանք կա, – իր հերթին ասաց տղան։
–Ոչ ոք ձեռք չի տա։ Մի անհանգստանա։ Արի։
Քիչ վարանելով՝ աղջիկը քայլեց ծերունու ետևից՝ նրա նման շգույշ շրջանցելով ջրափոսերը։ Տղան ևս, փակելով մեքենայի դռները, գնաց նրանց հետևից։
Հյուրերին դիմավորեց ջահել տանտիրուհին, իսկ հարևան սենյակից դուրս եկան մի տղա ու մի աղջնակ։ Տղա երեխան փոքր էր, աղջիկը՝ հազիվ տասներկու-տասներեք տարեկան։ Նրանք բոլորն էլ սիրալիր ժպտում էին գիշերային անակնկալ հյուրերին, զգացվում էր, որ նրանք իսկապես ուրախ էին՝ վարորդ տղային ու ջինս հագած երկրաբան աղջկան տեսնելով իրենց տանը։