Выбрать главу

Հենց առաջին րոպեից անծանոթ օջախում այնպիսի մի անբռնազբոսիկ, բարեկամական մթնոլորտ ստեղծվեց, որ աղջկան թվաց, թե ինքը այս մարդկանց գիտի վաղուց, շատ վաղուց։ Հավանորեն, տղան ևս նույնն էր զգում։ Նա անընդհատ կատակում, ծիծաղեցնում էր բոլորին, ինքն էլ սրտանց ծիծաղելով նրանց հետ։ Ճանապարհային դառնություններն հետզհետե մոռացվում էին։

…Առավոտն արևալից էր։ Տանտիրուհին մտավ այն սենյակը, ուր քնել էր աղջիկը։

–Բարի լույս։ Լա՞վ եք քնել։

–Այո։ Շնորհակալություն։

–Մի քանի անգամ բացվել էիք՝ ծածկեցի, վախենում էի, թե կարող եք մրսել։

–Երևի չեմ թողել, հա՞, քնեք,– շփոթվեց աղջիկը։

–Չէ, ինչ եք ասում,– բարեհամբույր ժպտաց դեռատի կինը։ Նրա ժպիտի մեջ շինծու ոչինչ չկար, նա, իրոք, դատարկ բան էր համարում դա, որի մասին չարժեր նույնիսկ խոսել։

Աղջիկը շնորհակալությամբ ժպտաց կնոջը և սկսեց հագնվել։

Տղան, որ քնել էր կողքի սենյակում, նույնպես արթնացել էր և դրսում, ծորակի տակ լվացվում էր։

…Երբ նստել էին նախաճաշելու, դուռը հանկարծ անաղմուկ բացվեց … Աղջիկը բարձրացրեց հայացքը, նայեց ներս մտնող մարդուն և անակնկալ ելավ տեղից… Դռների մեջ կանգնած էր այն նույն մարդը, որին իրենք թողել էին ճանապարհին, անձրևի տակ։ Դա ջահել տանտիրուհու ամուսինն էր՝ միջին տարիքի բարեդեմ մի տղամարդ։

Առանց որևէ մեկին նայելու, աղջիկը լուռ մտավ կից սենյակը, վերցրեց պայուսակն ու դուրս եկավ տնից։ Ամեն ինչ այնպես անսպասելի կատարվեց , որ ոչ ոք նույնիսկ փորձ անգամ չարեց նրան ետ պահել։

Առաջինը տեղից ելավ տղան. նա ամեն ինչ հասկացավ։ Նետվեց դեպի դուռը և հենց շեմքից ձայնեց.

–Անու՜շ։

Աղջիկը նույնիսկ ետ չնայեց։ Նա գիտեր, որ առաջիկա անտառապատ սարից այն կողմ Հնձախութն է։ Ու գիտեր նաև, որ Ճանապարհը նրան կհացնի գյուղ։

–Անու՜շ,– կրկին կանչեց տղան։– Անուշի՜կ…

Հանկարծ տիրեց լռություն։ Եվ կյանքում առաջին անգամ տղան զգաց լռության ծանրությունը։ Այն խորն էր՝ ինչպես անդունդ, և բարձրաբերձ՝ լեռան նման։

Իսկ աղջիկը քայլում էր սարն ի վեր ելնող ճանապարհով։ Նա գնում էր անձրևից հետո տոփանված արահետով և հանդիպական քամին ծածանում էր ուսերին թափված սևաթույր արձակ մազերը։

===================

Զ Ո Վ Ա Ս ՈՒ Ն Թ Ա Վ Ա Ն Տ Ա Ռ Է Ր, Հ ՈՒ Լ Ի Ս

Երկրորդ օրն էր, ինչ Արփինեն լսել էր, որ Նա եկել է։ Եվ հիմա, երբ մեքենայի թույլ հռնդյունը կպավ ականջին, նա դանդաղ, ասես վատ բան պիտի պատահեր, վախվորած բարձրացրեց գլուխը, նայեց ճանապարհի կողմը։ Թեթև փոշի բարձրացնելով, եկավ ու անցավ Արտաշեսի մեքենան… Արտաշեսը նստել էր հպարտ ու ինքնահավան, գլուխը բարձր, աջ ձեռքը ղեկի վրա էր, ձախը պահել էր քամու դեմ… Եկավ ու անցավ Արտաշեսը, ճանապարհի վրա փոշու մի ամպ մնաց միայն… Փոշու ամպն այդ հանդարտորեն հալվեց, մեղմ ու հուշիկ նստեց ճամփեզրի կանաչներին ու ճամփին ու այլևս ոչինչ չմնաց քիչ առաջվա փոշուց, որ նման էր հեռավոր մշուշի… Կար սերը՝ զորեղ ու քնքուշ, քաղցր ու կարոտամաշ, բայց այն կամաց-կամաց անցավ… Հետո սերը կար ու չկար, հետո այլևս չկար։ Ինչո՞ւ անցավ, ինչո՞ւ ոչինչ չմնաց… Եվ ամենամեծ կորուստն այն է երևի, մտածում էր Արփինեն, երբ ինչ– որ բան մեռնում է քո մեջ, մի շատ թանկ ու հարազատ բան, որ ապրում էր քո մեջ ու ապրեցնում քեզ։ Ու երբ Արփինեն հանկարծակի լսեց, որ Արտաշեսը գյուղ է եկել, սիրտն ասես միանգամից կանգ առավ, շնչելը դարձավ դժվար, թվաց ինչ– որ բան կտրվեց ներսում. երեսը սկսեց վառվել։ Նրան թվաց նաև, թե կանայք հիմա կնկատեն դա ու, ով գիտե, ինչեր կմտածեն, հապճեպ կռացավ ու շարունեկեց սածիլումը։ Ուրեմն կար սերը, մոխրի մեջ անթեղված կրակի պես մնացել էր ու հիմա նորից մխում էր…Ափսոս, հազար ափսոս, որ հնարավոր չէ կանգնեցնել ու ետ տալ ժամանակը, որպեսզի ուղղես սխալդ։ Ուրեմն, մնում է համակերպվես բախտիդ հետ ու ապրես վաղեմի գեղեցիկ հուշով, որ, այո, ներսից ջերմացնում է հոգիդ, սիրտդ լցնում բերկրանքով, բայցև միաժամանակ անգթորեն այրում է քեզ ներսից…

–Մա՜մ, տեսա՞ր մեքենան,– վերևից, ճանապարհի կողմից, վազելով եկավ մեծ տղան։– Սպիտա՜կ, ոնց որ կաթ քսած լինի, տեսա՞ր, մամ։

Արփինեն ուշադրություն չդարձրեց որդու ասածին։ Նա նորից մտամփոփ սկսեց կթել կովը, և կաթի շիթերը, հանց արևի շողեր, կաքավում, ոստոստում էին դույլի մեջ, կաթը բարձրանում, փրփրում էր, փրփուրները պայթում էին։

Արփինեն և կթում, և անընդհատ մտածում էր Արտաշեսի մասին, որ, ահա, տաս տարուց ավել գյուղ չէր եկել, իսկ հիմա ամեն տարի պիտի գա, ասում են, եկել է պապենական տունը նորոգելու և այսուհետ ամեն տարի ամառները ընտանիքով գյուղ է գալու՝ հայրենական տանը հանգստանալու։

Եվ կովը կթելիս, և հետո, երբ կթած կաթը տուն էր տանում և դույլի մեջ թշշում էր հում կաթը, Արփինեն շարունակ մտածում էր Արտաշեսի մասին։ Ջանում էր չմտածել՝ չէր ստացվում, մտքից չէր կարողանում նրան հանել։ Ու երբ բակի դուռը ճռռաց, և Մուքելը՝ մեծ քթով, հաղթանդամ ու մռայլ, մի բեռ ցախ շալակին ներս մտավ, ցուրտ դող վազեց Արփինեի մարմնով։ Չգիտես ինչու, Արփինեին այնպես թվաց, թե Մուքելը հիմա կհասկանա ամեն ինչ, գլխի կընկնի, թե ինչ է կատարվում կնոջ հոգում, ու մի տեսակ վախեցավ … Մուքելը ուսից շրխկոցով գցեց ցախի ծանի բեռը, որից ասես աջ ուսը բարձրացավ, քիչ ուղղվեց ու նոր միայն ասես նկատեց կնոջը։