–Կթե՞լ ես կովը,– հարցրեց նա՝ անտարբեր ու խոժոռ։
–Հա,-կամացուկ արտասանեց Արփինեն։
Մուքելը չնկատեց, որ կնոջ ձայնը ինչ-որ փոխված էր, իսկ Արփինեն՝ քիչ թեթևացած, որ ամուսինը ոչինչ չնկատեց, իրար հավաքեց որդու կտրտած չոր փայտերը, սկսեց կրակ վառել։
– Նո՞ր ես կերակուրի հոգս քաշում,-ուշացումով ու քիչ դժգոհ հարցրեց Մուքելը՝ նստելով քարե աստիճաններին ու դանդաղ սկսեց ծխախոտ փաթաթել։
– Ինքս էլ նոր եմ եկել,-խոնարհ պատասխանեց Արփինեն։ -Սածիլներ շատ էին բերել, ուշ վերջացրինք։
–Բա հորթն ո՞ւր է։
–Գցել եմ գոմը։ Չափարի տակ կապած էր։ Կուշտ արածել է։
Մուքելը դանդաղ, հոգնած շարժումներով ծխախոտ էր փաթաթում։
Քիչ անց, երբ Արփինեն կաթնով կերակուր էր պատրաստել, ու նրանք պատշգամբում նստած անխոս ուտում էին, մեծ տղան, որն այս տարի առաջին դասարան պիտի գնա, հանկարծ ասաց ոգեշունչ երազանքով.
–Այսօր մի նոր "Վոլգա" եմ տեսել, պապա, ոնց որ կաթ քսած՝ սպիտա՜կ-սպիտակ։ Ես որ մեծանամ՝ էդպիսի մեքենա եմ առնելու։
Ասես հանցանքի մեջ՝ մեկը բռնեց Արփինեի ձեռքը, գդալը դողաց օդում, աննկատ նստեց ափսեի մեջ … Բայց Մուքելը չնկատեց։ Կամ չնկատելուն դրեց։ Խանդից հերսոտված՝ նա շատ անգամ էր դուրս եկել ափերից։ Հաստաշուրթ, բրդոտ գզգզան հոնքերով, լայն ռունգերով ու ադամախնձորը վեր ցցված՝ նա դիվոտ նայեց կնոջ կողմը, խռպոտ հարցրեց.
–Ի՞նչ մեքենա։
–Չգիտեմ,– ցածրաձայն ու անտարբեր ձևանալով ՝ ասաց կինը։– Չեմ տեսել։
–Տեսել է, ես ցույց եմ տվել, տեսել է,– արագ վրա տվեց տղան։– Չտեսա՞ր, մամ…Ես Նանարիկին էլ ցույց տվի։
–Հացդ կեր,– բարկացավ մայրը։
Լուռ, անխոս կերան կաթնապուրը։
–Արտաշի մեքենան է,– երկար լռությունից հետո ասաց Մուքելը։– Նա Արտաշ էր, ես՝ Միքայել, հիմա նա Արտաշես է, ես՝ Մուքել։– Բառերը դանդաղ, ասես ծուլորեն թափվում էին ծխախոտից դեղնած բեղերի տակից։– Դպրոցում ինձ հետ նույն նստարանին էր նստում, գրավորներն ինձինց էր արտագրում, գնաց մարդ դառավ, որովհետև հետևին տեր ուներ, իսկ ես մնացի տավարած ու սիլոսի փոս լցնող։– Մուքելը խորը շունչ քաշեց, ափսեն մի կողմ հրեց, ասաց,– Ասում են փողով մարդ է ընդունում ինստիտուտ,– ու ավելացրեց այտամկանի ջղաձիգ պրկումով,– կմորթեմ, թե որ լսել եմ՝ խոսք ես խոսել հետը։
–Մուքել,– վախվորած սաստեց Արփինեն, անցողակի նայելով երեխաներին, որ երեքով նստած էին սեղանի շուրջ և զարմացական մեկ հորն էին նայում, մեկ մորը։
Ամուսինն ուշք չդարձրեց կնոջ տագնապին։
–Թեյից բանից չկա՞,– ուշացումով հարցրեց նա։
–Կա,– ցածր արձագանքեց Արփինեն և գնաց թեյ բերելու։ Թեյնիկը դրսում էր, օջախի վրա։ Իսկ դուրսն արդեն մութ էր, և մթան միջից Արփինեն նայում էր պատշգամբում, լամպի աղոտ լույսի տակ գլխիկոր նստած ամուսնուն ու սիրտը լկլկում էր իր չկայացած կյանքի համար։ Եվ ամենասարսափելին այն էր, մտածում էր նա, որ կյանքն իրեն տվել էր հազարումի պատչառ՝ լաց լինելու, ու ոչ մի հնարավորություն՝ մի անգամ սրտանց ծիծաղելու համար։ Ասես առաջին անգամ էր տեսնում՝ նա երկար նայում էր ամուսնուն, դառնությամբ մտածելով այն մասին, որ ինքը նրան երբեք չի սիրել։ Ստացվում է՝ ինքը մի անգամ է սիրել միայն՝ առաջին ու վերջին անգամ։ Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս ապրել, եթե չես սիրում, և ո՞վ, ո՞վ կհասկանա, թե ինչ անասելի ցավ ու տառապանք է դա՝ ապրել չսիրած մարդու հետ… Նա երկար մտածում էր այդ մասին ու չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էր ամուսնացել նրա հետ… Ամուսնու բաժակը թեյ լցնելիս Արփինեն նկատեց, որ կանաչ սիլոսի հոտ էր փչում նրանից։ Այդ հոտն ուղղակի խեղդում էր, երբ նրանք մարել էին լույսը, մտել անկողին… Մուքելը անթրաշ էր, մազերը կոշտ, անդուր ծակծկում էին Արփինեի դեմքը, իսկ սիլոսի սուր հոտը անտանելի էր, ծանր։
Արփինեն գոցել էր աչքերը, և Մուքելը չէր հասկանում, թե ինչու։ Կնոջ ամբողջ մարմինը կարծես թե ոտից գլուխ դողում էր, և Մուքելը չէր հասկանում, թե ինչու։ Արփինեն ձգտում էր իրենից հեռու վանել ամեն մի հուշ ու միտք՝ կապված Արտաշեսի հետ, ու դա նրան չէր հաջողվում։ ''Կարողա՞ գլուխտա ցավում,-ի վերջո հարցրեց Մուքելը, անկողնում նստած վառելով ծխախոտը։– Գուցե փո՞րդ է ցավում։ Ուզո՞ւմ ես, գնամ բժիշկ կանչեմ, հրեն, մեր Վաղինակի կինը տանը, բժշկական ումումիարան է վերջացրել Ստեփանակերտում…''։
Իսկ Արփինեն շարժում էր գլուխը՝ ''Չեմ ուզում'', կծում էր մատները՝ ''Չեմ ուզում'', խուլ հեկեկում էր՝ ''Չեմ ուզում'', ավելի ուժեղ էր գրկում բարձը, և Մուքելը՝ տեղաշորի մեջ նստած, շփոթված նայում էր կնոջը ու ոչինչ չէր հասկանում…
Կանայք նստած էին տանձենու ստվերում, երբ եկավ Արփինեն՝ Նանարի ձեռքը բռնած։ Ասես նրա գալուն էին սպասում, կանայք բարձրացան, վերցրին խոնավ սածիլները ու մտան դաշտ։ Հացի կապոցը՝ մի փունջ կանաչի, երկու կտոր հաց, մի շիշ քաղցր թեյ, մի կտոր պանիր ու մի եկու եփած կարտոֆիլ, Արփինեն կախեց ծառից ու Նանարին պատվիրելով առայժմ նստել ծառի ստվերում, գնաց կանանց ետևից։