Выбрать главу

Արփինեն և քայլում էր արխերի միջով, և էլի մտածում էր Արտաշեսի մասին։ Ինչո՞ւ ես եկել, մտովի ասում էր նրան, ինչո՞ւ փախար այն ժամանակ… Փոխադրվել էր տասերորդ դասարան, ամառ էր, հուլիս, ընկերուհիների հետ խոտ էին հավաքում Բախչուտից վեր՝ Իվանի տափում, երբ առաջին անգամ տեսավ Արտաշեսին… Բարակավուն տղա էր, բարձր բոյով, կապույտ մեծ աչքերով ու շեկ մազերի փունջը ճակատին… Անտառից դուրս եկավ՝ հրացանը հովվի մահակի պես ուսին… Արփինեն նրա մասին գիտեր. կողքի թաղամասից էր, նույնիսկ մինչև ութերորդ դասարան, ասում էին, գյուղում է սովորել, բայց հետագայում ընտանիքով փոխադրվել էին քաղաք ու հազվադեպ էին գյուղ գալիս։ Գիտեր նաև, որ համալսարանում է սովորում։ Արտաշեսը մոտեցավ, բարևեց։ ''Ծարավ եմ,– ասաց նա առինքնող ժպիտով նայելով աղջիկներին,– կարո՞ղ է ջուր ունենաք մոտներդ''։ Այո, այդպես էլ կար. բարակիրան տղա էր, բարձր բոյով, կապույտ մեծ աչքերով ու շեկ մազերի փունջը ճակատին…Նա իր անբռնազբոս ժպիտով միանգամից գերեց Արփինեին, և Արփինեն ակամա ցատկեց տեղից։ ''Ես գնամ բերեմ'',– ասաց նա ու, ջրի կուլան առնելով, գլուխը կորցրած վազեց աղբյուր տանող արահետով, ուշք չդարձնելով անգամ, որ աղջիկները փռթկացրին ետևում… Այնուհետև Արտաշեսը հաճախակի էր գալիս հանդ. մտերմացել էր աղջիկների հետ… Եվ գիշերները Արփինեի քունը չէր տանում, առավոտ ծեգին էր հասնում հանդ, ամենից շատ ինքն էր բանում ու չէր հոգնում ասես։ Խոտն այդ դաշտում արդեն հավաքել, ուրիշի տեղամաս պիտի գնային, երբ եկավ Արտաշեսը… Էլի հրացանը ուսին էր ու քիչ քրտնած էր։ ''Վաղը երևի գնամ,– ասաց Արտաշեսը։– Դիպլոմայինս չեմ գրել դեռ, պիտի հասցնեմ''։ Արփինեն ծնկներում թուլություն զգաց, սիրտը թպրտաց կրծքի տակ…Ինչպե՞ս…Այդպես շու՞տ։ ''Բա ե՞ս'', – անլսելի մրմնջաց նա։ Հիմա ինքն ի՞նչ պիտի անի առանց Արտաշեսի։ Ինչ– որ տեղ, հեռվում, կլկլացրեց լորը, և Արփինեի սիրտը ճմլվեց, նվաղեց… Նրան թվում էր Արտաշեսն ամեն օր պիտի գար ու ինքը գողունի պիտի նայեր նրան ու գիշերները լաց լիներ երջանկությունից։ Ինչպե՞ս թե… Միթե՞ ամեն ինչ վերջացավ…

''Ջուր չունե՞ք,– ասաց Արտաշեսը,– ծարավից ուղղակի մեռնում եմ''։

''Արփինեն կբերի,– ծիծաղեցին աղջիկները։– Աղբյուրի տեղը մենակ Արփինեն գիտի''։

''Չէ, ես ինքս,– ժպտաց Արտաշեսն իր դյութիչ ժպիտով։– Միայն ցույց տվեք՝ որտեղով իջնեմ դեպի աղբյուր''։

''Աղբյուրի տեղը մենակ Արփինեն գիտի,– նորից ծիծաղեցին աղջիկները։-Արփինե, տար ցույց տուր''։

Ալեկոծված ու շիկնահար՝ Արփինեն անթարթափ նայում էր Արտաշեսին։

''Գնանք ցույց տամ,– ի վերջո կարողացավ արտաբերել նա,– այնքան էլ հեռու չէ…''։

Եղնիկի պես թեթև ու գեղանի՝ Արփինեն հեզանազ գնում էր առջևից։ Մտան անտառ, ուր ծառերը վերձիգ ելնում էին մինչև երկինք, երկնքի կապույտին քսվելով օրորվում էին, ձայն-ձայնի՝ գեղ-գեղ դայլայլում էին սոխակներն ու դեղձանիկները, ինչ– որ տեղ, անտառի խորքում, ընդհատումներով կանչում էր կկուն։ Անտառը խշշում էր տամուկ բույրերով, երկնահաս հաճարկենիներն ու զմրուխտյա մամռապատ հսկայական քարերը շրջանցելով, նրանք մի քիչ ևս առաջ անցան, ներքևում երևում էր արդեն Առաքելանց աղբյուրը։ Արփինեն կանգ առավ, շրջվեց դեպի Արտաշեսը։

''Այստեղով ուղիղ իջիր ներքև,– ասաց նա,– ջուխտակ բարձր թեղիներ կան այնտեղ, այդ թեղիների տակ է աղբյուրը''։

Արտաշեսը ակնապիշ նայում էր նրան ու ժպտում իր հմայուն ժպիտով։ Արփինեն չկարողացավ դիմանալ նրա հայացքին, արագ փախցրեց աչքերը, այլայլված արտաբերեց նույնը. ''Ջուխտակ այդ բարձր թեղիների տակ է աղբյուրը''։

Արտաշեսն անսպասելի բռնեց Արփինեի ձեռքը, նրան թեթևակի ձգեց դեպի իրեն, ժպտալով ու մի տեսակ փոխված ձայնով ասաց. '' Մի՞թե դու կարծում էիր, թե ես չգիտեմ աղբյուրի տեղը։ Գիտեի, Արփինե, ու գիտեի նաև, որ դու, հատկապաս դու կգաս ցույց տալու տեղը… Որովհետև հենց առաջին օրվանից անսահման դուր եկար ինձ''։ Արփինեն, առանց ձեռքը հանելու Արտաշեսի ամրակուռ ափից, բարձրացրեց հայացքը, արցունքաշող աչքերով նայեց նրան։ Աստված իմ, անցավ Արփինեի մտքով, ինքն ինչքան է երազել, ահա, այսպես կանգնել Արտաշեսի հետ՝ ձեռք– ձեռքի, ու նայել նրա հմայիչ աչքերին։ Արտաշեսն ավելի մոտ ձգեց Արփինեին։ ''Դու ուզում ես, որ ես համբուրեմ քեզ'',– նայելով նրա հրակեզ շուրթերին, հաստատուն ասաց Արտաշեսը նույն փոխված ձայնով։ Դա, իհարկե, հարց չէր։ Արփինեն զգաց դա, արձագանքը չուշացավ։ ''Ուզում եմ''– ասես ոչ թե ինքը՝ Արփինեն, այլ իր փոխարեն այդպես անվարան խոստովանեց մեկ ուրիշը, որովհետև ինքը համարյա հստակ ոչինչ չէր հասկանում այդ պահին։ Նա ակամա մղվեց դեպի Արտաշեսն ու ակնթարթաբար զգաց նրա կրքոտ բերանի ուժեղ հպումն իր շուրթերին։

Եվ ամեն-ամեն ինչ՝ զովասուն թավ անտառի այդ տամուկ բուրմունքը, սլացիկ ծառերի հանդարտ օրորը՝ բարձր երկնքում, զանազան հավքերի գեղ-գեղ երգն ու կկվի թախծոտ կանչը՝ անտառի խորքում, Արտաշեսի այրող բառերն իր հրաբորբոք շուրթերին…Այդ ամենն Արփինեին թվում էր երազային, ոչ իրական։

''Դե, ես գնամ,– ուշքի գալով, շշնջաց Արփինեն։– Աղջիկները հազար ու մի բան կմտածեն…''։ ''Թող մտածեն,– հևոցով ասաց Արտաշեսը։– Ի՞նչ պիտի մտածեն։ Ասա, ի՞նչ պիտի մտածեն''։ Եվ Արտաշեսն ավելի ու ավելի ուժգին էր սեղմում նրան իր կրծքին, մոլեգին համբուրելով Արփինեի աչքերը, այտերը, կրկին ու կրկին շուրթերը, պարանոցը, կուրծքը, Արփինեն սկզբում զարմանքով, այնուհետև վախեցած նայեց նրան…Նա կարծես թե ուզում էր ազատվել Արտաշեսի հուժկու բազուկներից, բայց միաժամանակ և չէր ուզում։ ''Ի՞նչ պիտի մտածեն,– ասես դողէրոցքի մեջ՝ շշնջում էր Արտաշեսը։– Հը, ի՞նչ պիտի մտածեն''։ ''Չգիտեմ…''։– Արփինեն կարծես թե, իրավամբ ,երբեմն վախեցած ուզում էր ազատվել Արտաշեսի գրկից, սակայն չէր կարողանում, որովհետև Արտաշեսի շունչը հաճելիորեն դյութում էր, և Արփինեն, մեջքով սեղմված հաչարկենու բնին ու անկարող ընդդիմանալու զգացմունքների խելացնոր հորձանքին, դանդաղորեն սահեց ցած… Հետո ինչ էր կատարվում՝ Արփինեն չէր ըմբռնում, նա մեջքով զգում էր գետինը, փափուկ պաղ խաշամը, Արտաշեսը իր գրկում սեղմում էր նրան, իսկ նա, բերանն ազատելով նրա անհագուրդ շուրթերից, երբեմն առ երբեմն շշնջում էր տենդավառ. ''Իսկ եթե չառնես, Արտաշես … Իսկ եթե հանկարծ ինձ չառնես… Եթե երեխով մնամ…''։ Արտաշեսը շտապողական, շնչահեղձ անող համբույրներով վերստին ծածկում էր նրա բերանը։ ''Ես քեզ սիրում եմ,– ինքնամոռաց արտաբերում էր Արտաշեսը։– Ես խենթորեն սիրում եմ քեզ, Արփինե… Ես քեզ կտանեմ քաղաք, կսովորես, ես քեզ այստեղ չեմ թողնի…''։