Выбрать главу

Արփինեն արխերում թաղում էր պոմիդորի սածիլները։ ''Հիմա եկել ես ի՞նչ անես,– ինքն իրեն ասում էր Արփինեն։-Ինչո՞ւ ես եկել''։

–Արփեն, ախչի, էս ինչո՞ւ էսօր տխուր ես,– ասաց Հերսիկը՝ հարևանուհին։

–Տխուր չեմ,– թույլ ժպտաց Արփինեն։– Հենց էնպես, քեֆ չունեմ։

–Անքուն կլինի,-ծիծաղեց Նուշիկը։– Մուքելը էս գիշեր ֆերմայո՞ւմ էր, թե՞ տուն է եկել։

–Տուն է եկել,– ուղղվելով՝ հոգնած ասաց Արփենը։– Իսկ ի՞նչ է։

–Դե պարզ է,-նորից ծիծաղեց Նուշիկը։-Խեղճին չի թողել քնի։

Կանայք ծիծաղեցին, և դեռ ծիծաղում էին, դեռ չէին վերջացրել ծիծաղը, երբ գյուղից երևաց… Թեթև փոշի հանելով գալիս էր Արտաշեսի մեքենան։

Արփինեի սիրտը արագ խփում էր, իսկ շուրթերը չորացել ու դողում էին։ Նա ոտքի վրա հազիվ էր մնում… Մեքենան կանգնեց նրանցից քիչ այն կողմ, ճանապարհի եզրին։ Արտաշեսը դուրս եկավ մեքենայի… Չէր փոխվել, կարծես թե առաջվա Արտաշեսն էր՝ բարակիրան, սլացիկ, միայն քունքերն էին ճերմակել ու առաջվա պես ալեխառն մազերը անփութորեն թափված էին ճակատին…

–Բարև ձեզ,– Արտաշեսը ժպտաց բոլորին և առաջ եկավ։-Ինչպե՞ս եք…

–Լավ ենք,– պատասխանեցին այս ու այն կողմից.– Դո՞ւ ինչպես ես։ Ձերո՞նք ոնց են։

–Ոչինչ,– ուսերը թոթվեց, ժպտաց Արտաշեսը։– Լավ ենք։

Արփինեին թվաց, թե հիմա Արտաշեսը կմոտենա, կսեղմի իր ձեռքը։ Կմոտենա և ինքը սևեռուն կնայի նրա աչքերին ու կհարցնի, թե ինչո՞ւ խաբեց այն ժամանակ, տարիներ առաջ, ինչո՞ւ չեկավ… Էլ չեկավ…

–Այսքան տարի է չես գալիս,– ասաց Հերսիկը։– Բա գյուղը չե՞ս կարոտում։

–Ժամանակ չի լինում,– Հերսիկին ժպտաց Արտաշեսը։– Որոշել եմ այսուհետև ամեն տարի գալ… Ուզում եմ պապենական մեր տունը նորոգել…

– Ապրես, լավ ես անում,– այս ու այն կողմից գովեցին կանայք։– Հողը քաղցր է, քաշում է։ Բա ո՜նց, հայրենի հողը մոռանալ չի լինի։

–Վարպետների հետ խոսել եմ, եկող տարի ամռանն արդեն պատրաստ կլինի։

–Չե՞ս պսակվե՞լ,– խորամանկ ժպտաց Հերսիկը։

–Պսակվել եմ,-գլխով արեց Արտաշեսը, ու նոր միայն նկատեց Արփինեի աղջկան։

– Անունդ ի՞նչ է,– ժպտաց Արտաշեսը և գրպանից գույնզգույն թղթերի մեջ փաթաթված կոնֆետներ հանելով, մեկնեց Նանարին։– Վերցրու։

Նանարը ետ քաշվեց, մեջքով սեղմվեց մոր ծնկներին, հարցական ետ նայեց մորը՝ ''Վերցնե՞մ'', և Արտաշեսն իր վաղեմի լուսաշող ժպիտով ժպտաց Արփինեին։ Այնպես, ինչպես ժպտաց այրի Հերսիկին, ինչպես ժպտաց Նանարին։ ''Մոռացել ես,– արտասուքները հազիվ զսպելով, ինքն իրեն դառնությամբ ասաց Արփինեն։– Ամեն ինչ մոռացել ես… ''։

–Վերցրու,– ինչքան կարելի է մեղմ, ասաց Արփինեն, և Նանարը, քաշվելով, վախվորած մեկնեց ձեռքը։

Արտաշեսը նրա փոքրիկ ափի մեջ դրեց շոկոլադը։ Ասես ինչ-որ արտակարգ բան էր կատարվում. կանայք կանգնել ու նայում էին։ Արտաշեսը կսմթեց Նանարի այտը, հետո հարգանքով հրաժեշտ տվեց բոլորին, հանդիսավոր, հպարտ-հպարտ գնաց դեպի մեքենան…

Արփինեն մնացել էր կանգնած պոմիդորի արխի մեջ, ցեխոտ փայտը ձեռքին… Արցունքներն արդեն անարգել սահում էին այտերն ի վար, իսկ կանայք չէին տեսնում, որովհետև նրանք հմայված նայում էին Արտաշեսին, կաթի նման սպիտակ նրա ''Վոլգային'' ու երանի էին տալիս Արտաշեսի կնոջը, որ ինչ-որ ''պրափեսորի'' աղջիկ է, ասում են՝ մազերն ու աչքերը ներկած է ման գալիս։

Արտաշեսը գործի գցեց մեքենան, մեքենան թույլ հռնդաց ու գնաց բաց դաշտի միջով ընկած ճանապարհով։ Փոշին ամպի պես բարձրանում էր ճանապարհի վրա։ Կանայք կանգնած նայում էին, մինչև մեքենան անցավ վերջին ոլորանը, մինչև վերջին ոլորանի վրա մի պահ կանգնեց կապույտ փոշին ու հետո հալվեց։

Արփինեի սիրտը նվաղեց, թուլացավ… Արփինեն փղձկաց, նստեց պոմիդորի արխի մեջ՝ ցեխոտ փայտն ու սածիլները ցեխոտ ձեռքին, կանայք վազելով մոտեցան, խմբվեցին. ''Ի՞նչ պատահեց, ախչի''։ ''Ախր քեֆ չուներ''։ ''Արփեն, ախչի, Արփեն, ի՞նչ եղավ քեզ, ախչի''։ ''Գուցե Մուքելը թակե՞լ է, ախչի…''։