Выбрать главу

Իսկ Արփինեն նստել էր արխերի մեջ՝ սածիլներն ու ցեխոտ փայտը ձեռքին, թուլացած, ուժասպառ, և լալիս էր…

==================

ՀԱՅՐԸ, ՏՂԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ

Սուրեն Կասպարովին

Գնդակն իսկական էր, բնական կաշվից, ու երբ դիպչում էր լուսամուտներին, ապակիները զրնգոցով ջարդուփշուր էին լինում։ Բնակիչների բողոքներից հետո խաղահրապարակը վերջերս անջրպետվել էր մետաղյա բարձր ցանցով։

Տղան նստում էր ցանցի այս կողմ, ծառերի տակ դրված փայտե նստարանին, և հետևում էր խաղին։

Բակի տղաներն էին խաղում, իր հասակակիցները։ Եվ նրանցից ոչ մեկը տղային խաղի չէր կանչում, նույնիսկ չէին հրավիրում կանգնել դարպասում, թեպետ դարպասապահի քրոնիկ պակասություն էր զգացվում բակում. ամենքն ուզում էր գոլ խփել։ Դրա համար էլ բոլոր խաղացողները հերթով կանգնում էին դարպասում՝ յուրաքանչյուր նոր գոլից հետո փոխելով միմյաց։ Սակայն դատավոր նրան էին ընտրում։ Պարզապես մոտենում էին և ասում.

-Վարո՞ւմ ես խաղը։

Տղան գլխով էր անում, հետո գրպանից հանում էր պլաստմասսայից պատրաստված կարմիր սուլիչը։

Տղան ժամացույց նույնպես ուներ։ Հոր հին ժամացույցն էր, իր՝ տասներեք տարեկանի համար, մի քիչ մեծավուն։ Նա երկար նայում էր ոսկեզօծ սլաքներին, հավաստանշելով ժամանակը, հետո, զիլ սուլոցի հետ միաժամանակ, թափով բարձրացնում էր ձեռքը։ Եվ խաղը սկսվում էր։

Բայց, պատահում էր, խաղը վարել նույնպես մերժում էին նրան։ Որովհետև, հաճախաբար, չափից դուրս տարվելով, ճիշտ չէր դատում։

Ֆուտբոլի մասին տղան ամեն ինչ գիտեր. երբ և որտեղ է այն սկիզբ առել, ֆուտբոլիստներից՝ թե մեր, թե արտասահմանյան, ով՝ ինչպիսի թիմերի կազմում է հանդես եկել, քանի գնդակ է խփել ինքը և քանի գնդակ է խփվել նրա փոխանցումով։ Վերջին հինգ տարիների խաղարկության աղյուսակները անգիր գիտեր և ուշադրությամբ հետևում էր ֆուտբոլային բոլոր տեսություններին։

Տղան նույնիսկ սեփական գնդակ ուներ՝ ''Рollena'', կարմիր դրոշմակնիքով լեհական վանդականախշ գնդակ էր և դեռ ոչ մի անգամ գետնին չէր կպել։ Մոտ մի ամիս տղան այն պահում էր իր մոտ, հետո տվեց հորը, թող դնի իր կանաչ ''Ժիգուլու'' ետնամասում. հիմա դա մոդա է։

Նա խաղի ամբողջ նրբություններին տեղյակ էր, կարող էր ժամերով դիտել հեռուստատեսությամբ ցուցադրվող մրցախաղերը, իսկ մյուս օրը մինչև խռպոտելը վիճել՝ վերլուծելով հանդիպումն իր բոլոր մանրամասնություններով։ Իսկ եթե, բան է, վիճաբանելու համար թեկնածու չէր լինում, նա պարզապես յուրաքանչյուրին, ով մտնում էր շքամուտք կամ դուրս էր գալիս այնտեղից, միևնույն է, թե ով՝ թոռան հետ զբոսանքի դուրս եկած յոթանասունամյա պառավ լինի, թե պարապմուն– քի շտապող ջահել ուսանող, հարցնում էր.

-Երեկվա ֆուտբոլը նայե՞լ ես հեռուստատեսությամբ։

Եթե դա պառավ կին էր լինում, մի պահ տարակուսանքով նայում էր տղային, ասես իրեն Վեներայի մթնոլորտի քիմիական բաղադրության մասին են հարց տվել, իսկ հետո, գլխի ընկնելով, թե ինչի մասին է խոսքը, արձագանքում էր.

-Չէ, որդիս, ախր ես ֆուտբոլից բան չեմ հասկանում։

Իսկ եթե ջահել տղա էր լինում, ապա հապճեպորեն պատասխանում էր.

-Հա, նայել եմ։ Բայց հետո, հետո, հիմա ժամանակ չունեմ։

Տղան ափսոսանքով նայում էր թե մեկի և թե մյուսի ետևից, և հայացքով որոնում էր երրորդին,որի հետ վերջապես հնարավոր կլիներ ինչպես պետքն է վիճել։

Սկզբում անկարելի էր կասկածել նրան դատավորական անկողմնակալության մեջ։Սակայն այդ անկողմնակալությունը երկար չէր տևում, և տղան սկսում էր խորամանկել, առանձնապես, երբ մի բակի տղաները մրցում էին մյուս բակի տղաների հետ։ Խորամանկում էր տղան, իհարկե, հօգուտ ''իր'' թիմի (նա ասում էր. ''Մենք հաղթում ենք'' կամ՝ ''Մենք տանուլ ենք տալիս'')։ Ու երբ, պատահում էր, տղան չափից դուրս շատ էր հեռուն գնում իր կանխակալ մոլությամբ, մյուս թիմի խաղացողները փորձում էին հեռվից, ցանցի այն կողմից կարգի հրավիրել նրան։ Իսկ եթե դա չէր օգնում, ապա մեկնումեկը, վերջնականապես կորցնելով համբերությունը, վազելով հասնում էր նրա մոտ և կատաղի բարձրացնում բռունցքը՝ պատրաստ հարվածելու նրան, հատկապես, երբ թիմը տարվում էր, կամ խաղը ոչ մի կերպ չէր ստացվում, և բոլորը նյարդային վիճակում էին։

Տղան հանգիստ նայում էր այդ բռունցքված մատներին և թեթևակի ժպտում էր։ Եվ նրա ժպիտը մի տեսակ հանդուգն էր։ Եվ անհասկանալի էր՝ ուզո՞ւմ էր նա, արդյոք, թե ոչ, որ հարվածեն իրեն, որ իր և այդ տղաների միջև կռիվ ծագի, այնպիսի կռիվ, ինչպիսին լինում է մյուս տղաների միջև, երբ մի անհաջող փոխանցման պատճառով կպչում են իրար և սկսում է անողոք ծեծկռտուքը՝ մի առժամանակ մոռացնել տալով խաղի մասին ։

Տղան հաստատ գիտեր. ոչ մի կռիվ չի լինելու, իր գլխավերևում պարզած բռունցքը այնպես էլ կմնա օդում կախված… Եվ աչքի տակով նա տեսնում էր, թե ինչպես տղաները՝ ինչպես իրենց, այնպես էլ մյուս բակից, թողնելով խաղը, դանդաղ մոտենում են նրան, ով համարձակվել է բարձրացնել ձեռքը՝ խփելու իրեն։ Եվ գիտեր նաև, որ եթե հանկարծ դրա խելքին փչի խփել, մյուսները տեղնուտեղը կջարդեն նրան։