Տղան այդ մեկն էլ գիտեր, և դա նրան չէր ուրախացնում։ Որով-հետև, եթե ձեռք են բարձրացնում մեկի վրա՝ լինի դա ''իրենցից'' թե ''նրանցից'', միևնույն է, ապա մյուսները մոտենում են ոչ թե ջարդելու, այլ պարզապես ազնիվ մենամարտ են սպասում, մենակռվի մենամարտ։
Իսկ, ահա, իր հետ երբեք այդպիսի բան չի լինում, և առհասարակ ոչ մի մենամարտ էլ չի լինում։ Հիմա նույնպես չի լինելու։ Ու երբ նա, ով բարձրացրել է ձեռքը՝ տղային հարվածելու համար, այդպես էլ առանց հարվածելու, ափսոսանքով թափ տալով ձեռքը հեռանում է, տղայի այտամկանը սկսում է ցնցվել, նա խոնարհում է գլուխը և արցունքները որոշ ժամանակ խանգարում են նրան ժամացույցի թվահարթակի վրա տեսնել սլաքները։ Որովհետև նրա համար վիրավորական է, և այդ վիրավորականն այն է, որ նույնիսկ, եթե ինքը հազար անգամ մեղավոր էլ լինի տղաների առաջ, միևնույն է, ոչ մի կռիվ չի լինելու իր հետ։ Եվ չի էլ կարող լինել։ Ու եթե լինի էլ՝ իր փոխարեն ուրիշներն են կռվելու…
Եվ այդպիսի անարդարության համար տղան սկսում է վրեժխնդիր լինել և յուրայիններից, և ուրիշներից, վրեժխնդիր լինել ճակատագրի ընձեռած միակ զենքով՝ իր անձեռնամխելիությամբ։
Նա տուգանային հարվածներ է նշանակում այն դեպքում, երբ խաղի կանոնների ոչ մի խախտում էլ չկա, և չի կանգնեցնում խաղը, երբ խախտումն ակնհայտ է. տղան դիտավորյալ խառնում է խփված ու բաց թողնված գնդակների հաշիվը՝ մի թիմի խփած գնդակները վերագրելով մյուս թիմին, վիրավորական մականուններ է կպցնում խաղացողներին կամ խայթիչ խոսքերով մեկնաբանում է խաղը, չնկատելով այն, որ նրան, իբրև դատավորի, այլևս ոչ ոք չի լսում և որ խաղը հենց այնպես, ինքն իրեն ընթանում է։ Իսկ նրա կծու դիտողություններն ու բացականչությունները խաղացողների մեջ լոկ զիջողամտական ժպիտ են առաջացնում՝ իբր, քեզ լսողն ով է։
Բոլորը կարծում են՝ տղան բարկացած է այն բանի համար, որ ինչ որ մեկը փորձ է արել իրեն խփելու։ Եվ ոչ ոք չգիտի, որ նա, իրոք, բարկացած է, բայց ոչ նրա համար, որ փորձել են խփել, այլ որ ձեռք են բարձրացրել՝ խփելու ու չեն խփել։ Որովհետև իրեն խփել չի կարելի։ Որովհետև անձեռնամխելիության նզովք կա իր վրա, իսկ տղան ուզում է լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են. չի ուզում դատավոր լինել ու նստել մետաղյա ցանցից այն կողմ, չի ուզում մրցախաղի չար մեկնաբան լինել ու թունոտ մականուններ կպցնել խաղացողներին, քաջ գիտենալով, որ դրա համար իրեն ոչինչ չի լինելու, այլ ուզում է խաղալ անիծյալ ցանցից այն կողմ, հարվածել դեպի դարպասը ( երկու անթուրծ աղյուս՝ վեց ոտնաքայլ տարածության աջ և ձախ կողմերին), գոլ խփել. չէ՞ որ ինքը գերազանց գիտի, թե դա ինչպես պետք է անել, ինչպես անվրեպ փոխանցել և ընդունել գնդակը, ջարդուփշուր անել հարևանի ապակիները, իսկ հետո, բոլորի հետ միասին, ծլկել հնոցատան ետևը՝ մինչև փշրված ապակիների տերը՝ զոլավոր տնազգեստը հագին, կհասցնի վազել բակ և բոլոր հարևաններին կհրավիրի վկա լինելու նման մի չլսված անկարգության։
Սակայն խաղացողները չգիտեն այս բոլորը, շարունակում են զայրանալ անարդար դատավարության վրա և, ի վերջո, հրաժարվում են նրանից։ Իրենք խաղում են, իրենք էլ դատում՝ կոլեկտիվ կերպով։ Մինչ այդ, տղան վերջնականապես խաղաղվում է։ Անցել է նրա չարությունը։ Ամեն ինչ անցել է։ Անլուսաշող, ահավոր մենության զգացումն է լոկ մնացել այս մեծ, մանկանց զվարթ կանչերով լի գեղեցիկ ու լուսավոր աշխարհում։
Եվ տղան լուռ ու ինքնամփոփ, անկարեկից այն ամենին, ինչ տեղի է ունենում ցանցից այն կողմ, երկար նստում է փայտե նստարանին և թախիծով մեկ իր ժամացույցին է նայում, մեկ՝ բակի հեռավոր ծայրին, մեկ՝ դիմացի շենքին։ Այդ շենքի չորրորդ հարկում իր տարիքի մի աղջիկ է ապրում։ Նա երբեմն ելնում է պատշգամբ, և, նայելով նրան, տղան հուզվում է։ Նրան հուզմունք է պատում նաև, երբ մոտենում է դպրոցից աղջկա տուն վերադառնալու ժամանակը։ Տղան ներքուստ զգում է այդ պահը, և սիրտը արագ-արագ սկսում է խփել։ Պայուսակը ճոճելով, անհոգ և քմահաճ՝ աղջիկը երևում է հեռվից, կարմիր ժապավենները հյուսքերին, գեղասրունք ու բարակիրան ինչպես մատղաշ բարդի, հրացայտ սև աչքերով ու կրակի շեղջի պես հուրհրատին տվող վարդագույն ուռուցիկ շուրթերով՝ նա ժպտալով անցնում է տղայի կողքով, առանց կանգ առնելու, և տղան ամբողջ օրը մտքից չէր կարողանում հանել նրան։
Եվ ահա վերջապես շենքի հետևից հայտնվում է հոր կանաչ ''Ժիգուլին''։ Անշտապ թեքվելով բակի կողմը, այն դանդաղ ընթացքով մոտենում է շքամուտքին, կանգ առնում։ Փափուկ չխկում է դռնակը, մեքենայից ելնում է հայրը։ Նա դեռևս ջահել է, բայց արդեն ճերմակած մազերով, և դեմքը նրա հոգնած է։ Բայց աչքերը նայում են հանգիստ ու հաստատուն։ Նա մոտենում է որդուն, ողջունում է նրան՝ ինչպես մեծի։ Հետո նայում է նրանց, ովքեր խաղում են մետաղյա ցանցից այն կողմ։
Դիմելով որդուն.
-Այսօր չե՞ս վարում խաղը։
Տղան հեռացնում է աչքերը և ասում.
-Նրանք չեն ուզում որ ես վարեմ։
-Ինչու՞։-Հայրը նրան նայում է խիստ ու պահանջկոտ, ասես կանխապես դատապարտելով իր հարցի պատասխանը։