Выбрать главу

– Ինչո՞ւ չեն ուզում,-կրկնում է նա իր հարցը։ Նա երբեք որդուն փաղաքշական խոսքերով չի դիմում։

-Ես այնպես չեմ վարում ինչպես պետք է,-խորը շնչելով՝ արտաբերում է տղան։

-Իմ կարծիքով, նրանք ճիշտ են։ Խաղն անհրաժեշտ է արդարացի վարել։ Թե դու համաձա՞յն չես։

Տղան սկզբում լուռ է, այնուհետև երկչոտաբար նայում է հորը և ասում.

-Համաձայն եմ։

Եվ ժպտում է։ Հոր ներկայությամբ նրա համար հեշտ է ժպտալը։ Ոչ մի բռնազբոսիկություն։

-Ուրեմն շատ գեղեցիկ։ Իսկ այժմ կարդա այս նամակը։

Հայրը ծոցագրպանից բացված մի նամակ է հանում, մեկնում որդուն։ Հեռավոր Կուրգան քաղաքից է նամակը։ Տղան սկսում է կարդալ և նրա դեմքը հետզհետե ողողվում է լուսապայծառ ժպիտով։ Տղան հավատում է Նրա ամենակարող մեծազորությանը, ով գրել է այդ նամակը։

-Ե՞րբ ենք գնում,– հարցնում է տղան՝ անթաքույց անհամբերությամբ։

-Շուտով,– պատասխանում է հայրը, նույնպես ժպտալով։ – Չե՞ս ուզում գնանք քաղաքից դուրս,-իբր, իմիջիայլոց , հարցնում է նա։

-Ուզում եմ։ – Տղան նայում է նրանց կողմը, ովքեր խաղահրապարակում են։ -Միայն արի շատ մնանք այնտեղ, մինչև բոլորը կգնան իրենց տները։

-Կմնանք այնքան, ինչքան կհերիքի ժամանակս,-ասում է հայրը։-Բայց հեռու կգնանք։ Այնտեղ, քաղաքից հեռու, վերջերս մի լավ աղբյուր եմ գտել։ Կնստենք այդ աղբյուրի մոտ և պանիր հաց կուտենք: Գնացի՞նք։

-Գնացինք,-դարձյալ ժպտում է տղան։ Հայրը վերցնում է նստարանի տակ դրված զույգ հենակները, տալիս է որդուն և օգնում նրան՝ տեղից ելնելու։ Հետո գնում, նստում է ղեկի մոտ։ Նա գիտի, որդին ինքը կհասնի մեքենային. մինչև մեքենա չորս քայլ է։ Սումգայիթ անիծյալ քաղաքում ադրբեջանցի գազանացած խուժանը նրան մոր հետ հինգերորդ հարկի իրենց տան պատշգամբից նետել էր ցած: Տղան ողջ է մնացել: Հինգ վիրահատությունից հետո նա սովորել է կատարել այդ չորս քայլը։ Ու նաև մտածել։ Մտածել ու հուսալ …

===================

ԸՆԴՀԱՏՎԱԾ ԹՌԻՉՔ

Օդանավը թռչում էր բարձրաբերձ ամպերից էլ վեր, որոնք, երբ թեթևակի ճեղք էին տալիս, ներքևում՝ խոր անդունդում, երևում էր համատարած կապտասև, անեզր ծովը։ Միքայելը, դեմքը լուսանցույցին սեղմած, նայում էր ներքև։ Նրան դուր էր գալիս այն, որ ամպերը համընթաց սահում էին օդանավի հետ ու դանդաղասահ ետ էին մնում, որ ներքևում, ձյունաճերմակ ամպերի տակ, երբեմն երևում էր կապտասևավուն ծովը, իսկ իրենք թռչում էին ամպերից էլ վեր, լուսաշղարշ արևի միջով և օդանավում հաճելիորեն տաք էր։

Այդպես տարված, աչքն ու միտքը դրսում, Միքայելը չլսեց, երբ հայտարարեցին, որ Երևանում եղանակն ամպամած է, օդանավ չի ընդունում և որ ստիպված վայրէջք կկատարեն Բաքվի «Բինա» օդանավակայանում։

–Չի լինում էլի, մարդու ուզածը երբեք չի լինում, – ականջի տակ դժգոհեց հարևանը։-Թոռանս ծնունդն է, ասացի ժամանակին տուն կհասնեմ, բա էսպիսի բան կլինի…

– Իսկ ի՞նչ է պատահել, – շրջվելով, տարակուսանքով հարցրեց Միքայելը։

– Բա չլեցի՞ք։ Երևանը չի ընդունում։ Բաքվի օդանավակայանում ենք իջնում։

«Լավ չեղավ,– մտքում սրտնեղած ասաց Միքայելը։– Հանկարծ ուշանամ գործից»։

Օդանավակայանում թերթերի կրպակն արդեն փակ էր։ Միքայելը ձանձրանում էր։ Շրջում էր սպասասրահում, երկրորդ հարկի հաստ ապակիների ետևում կանգնած՝ նայում էր բարձրացող ու վայրէջքի գնացող օդանավերին ու էլի ձանձրանում էր։ Հետո գնաց ու տեղեկացավ, որ Երևանը օդանավը կընդունի միայն հաջորդ օրվա առավոտյան։

«Մինչև առավոտ ազատ եմ», մտածեց նա և, ձանձրույթից չտառապելու համար, որոշեց մեկնել քաղաք, տեսնել Բաքվի տեսարժան վայրերը։ «Այնուհետև կգամ, վճռեց նա, կմնամ օդանավակայանի հյուրանոցում, իսկ վաղը առավոտյան կթռչեմ Երևան»։ Փոքրիկ ճամպրուկը հանձնելով իրերի պահպանման սենյակ, նա դուրս եկավ փողոց։ Ուզում էր մոտենալ քաղաք մեկնող երթուղային ավտոբուսին, երբ ետևից մեկն անսպասելիորեն բռնեց թևը։

– Բարև, Միքայել ։

Նա շրջվեց և, տեսնելով մակության ընկերոջը՝ Աշոտ Հունանյանին, որին չէր տեսել երկար տարիներ, ուրախացավ անսահման։ Միասին էին դպրոցն ավարտել, միասին անցկացրել մանկության անմոռաց տարիները և, իրավ, քանի տարի էր արդեն իրար չէին տեսել։ Ողջագուրվեցին։

–Հարկավոր է նշել այս հանդիպումը, Աշոտ։ Անանպայման նշել,– սրտաբուխ բերկրանքով ասաց Միքայելը,– Ռեստորանը կարծեմ երկրորդ հարկում է։ Գնացինք։ Այ քեզ հանդիպում, մտքովս անգամ չէր անցնի, որ քեզ կարող եմ հանդիպել այստեղ։ Աստված իմ, ինչ լավ է, որ տեսա քեզ, Աշոտ։ Ազնիվ խոսք, ոչ միայն այն բանի համար, որ ձանձրույթից մեռնում էի արդեն, այլ որ, իրոք, հանդիպեցի քեզ այս օտար քաղաքում։ Այսինքն ինձ համար օտար։ Անսահման ուրախ եմ։ Գործուղումից եմ վերադառնում, Տաշքենդում գյուղագիր գրողների խորհրդակցություն էր։ Երևանը չի ընդունում, ստիպված վայրէջք կատարեցինք այստեղ։

– Ես էլ եմ շատ ուրախ, Միքայել։ Շատ եմ ուրախ։ Ուրեմն հետաձգել են թռիչքը։

–Այո, հետաձգել են մինչև առավոտ։ Նոր իմացա։ Ասացին, որ առավոտյան ժամը իննից շուտ չի լինի։ Ուզում էի գնալ քաղաքը տեսնել , չեմ եղել։

– Պայմանավորվում ենք՝ ոչ մի ռեստորան։ Գնում ենք մեր տուն,– առարկություն չընդունող տոնով ասաց Աշոտը։– Հենց տանն էլ կնշենք մեր այս անակնկալ հանդիպումը։ ։