Выбрать главу

–Աշոտ։

–Չգաս՝ կնեղանամ։ Գնանք, ես էլ եմ գործուղումից վերադառնում։ Սուրգութից։ Անտանելի ցուրտ ու սառնիամանիք երկիր է էդ Սուրգութը։ Նավթի նոր պաշարներ ենք հայտնաբերել այնտեղ։ Ռուսաստանը հարուստ երկիր է, Միքայել։ Ուր փորում ես, նավթ ու գազ է։

Նրանք բարձրացան ավտոբուս։

–Տանը շատ կուրախանան… Գիտե՞ս քանի տարի է արդեն ինչ գյուղում չենք եղել… Ճիշտ է, նախանցյալ տարի մի երկու օրով գնացի, բայց դե, երկու օրով կարոտ չես առնի, չնայած հասկանալի է, որ ոչ մանկության վայրերն են այժմ այն, և ոչ էլ ես եմ նախկին անհոգ պատանին։

–Ես էլ վաղուց չեմ եղել,– թախծեց Միքեյելը։– Արդեն շատ վաղուց։

Ճանապարհին նրանք անընդհատ գյուղից էին խոսում, մանկության վայրերից, աղբյուրներից, հանդ ու սարերում անցկացրած օրերից, մանկության ընկերներից, որոնք չգիտես որտեղ են հիմա…Եվ Միքայելի հեռու– հեռավոր հիշողության մեջ վերստին հառնում ու զնգում էր մանկության առուն, մեղմիվ խոխոջում…Դու մեր մանկության սիրելի առու, մտովի շշնջում էր Միքայելը, որ զրնգալով, խնդուն խայտալով, վազում էիր ցած՝ քեզ հատ տանելով երազները մեր ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ, հեռու– հեռավոր հուշերի խորքից ետ եկ, մեր առու, ետ բեր օրերը մեր՝ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր սիրասուն մեր ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով ու մենք վերստին դառնանք մանուկներ՝ անհոգ երջանիկ, մեր հեռու, հեռու, հեռու լեռներում…

Միքայելը շարունակ մտածում էր մի հարց տալ, ուզում էր հարցնել մեկի մասին, և այդ մեկը Աշոտի մայրն էր՝ ընկեր Արփինեն՝ բոլոր աշակերտների սիրելին։ Հիմա էլ Միքայելի ականջում էր դեռ նրա թավշյա ձայնը՝ այնպես դուրեկան, հարազատ ու սիրելի։ Ուզում էր հարցնել նրա մասին ու անհարմար էր զգում։ Իսկ գուցե չկա արդեն, մտածում էր Միքայելը ու չէր կարողանում վճռել՝ հարցնե՞լ, թե՞ ոչ։ Հիշում է, տասերորդ՝ ավարտական դասարանի վերջին ամիսներին նա երբեմն տխրությամբ ասում էր. «Կգնաք, կյանք կմտնեք ու կմոռանաք ընկեր Արփինեին»։ Իսկ իրենք՝ «Ինչե՜ր եք ասում, ընկեր Արփինե, մենք ձեզ երբեք չենք մոռանա»։ Նա շրջվում, լուսամուտից երկար նայում էր դուրս ու տխրությամբ արտաբերում. «Միայն դուք լավ լինեք,– կամացուկ, ասես ինքն իրեն ասում էր նա,– լավ լինեք, կյանքում գտնեք ձեր արժանի տեղը, երջանիկ լինեք»։ Ու հիմա, ամենայն հավանականությամբ, իր սաներից ոչ մեկը չգիտի էլ՝ կա՞ նա, թե ոչ։ Միքայելը վախենում էր անգամ հարցնել այդ մասին։

–Մայրս շատ կուրախանա,– հանկարծ ասաց Աշոտը, և Միքայելը զարմանքով նայեց նրան, ակամաբար մտածելով այն մասին, որ Աշոտը կարծես թե կռահեց, թե ինչի մասին է մտորում ինքը։– Գոնե հիշո՞ւմ ես դպրոցը, – հարցրեց նա։

–Իհարկե,– մեքենաբար արտասանեց Միքայելը։

–Մայրս գիտե՞ս ինչպես է հպարտանում քեզանով, իմ ամենասիրելի աշակերտներից էր, ասում է, հիմա հայտնի բանաստեղծ է։

Միքայելը թեթևացած շունչ քաշեց, ուրախ, որ ողջ առողջ է իր սիրելի ուսուցչուհին, բայցև անասալի ցավ զգաց, որ այսքան տարի ոչինչ չգիտեր նրա մասին։։

–Ուրեմն ընկեր Արփինե՞ն էլ մոտդ է,– հարցրեց նա ոգեշունչ զվարթ տոնով։

–Իհարկե։ Ասացի, չէ՞, վաղուց է, ինչ գյուղում չենք եղել։ Քանի դպրոցում էր, չէր ուզում քաղաք գալ։ Անցավ թոշակի, բերեցի մեզ մոտ, գյուղում մենակ ի՞նչ պիտի աներ։

–Եվ քանի՞ տարի է, որ քեզ մոտ է։

–Չգիտեմ։ Երևի մի տաս տարի։ Գուցեև տասնհինգ։ Միքայել, տարիներն այնպիսի արագությամբ են անցնում, որ չես հասցնում նկատել։ Իսկ մեր տունն այլևս այն չէ,– վշտագին ավելացրեց Աշոտը։– Նամարդ հարևաններն անխղճորեն տանիքի թիթեղը պոկել, տարել են՝ տունը թողնելով ձյան ու անձրևի տակ։ Քեզ ասեմ՝ լավ հարևանից լավը չկա, բայց վատից վատը՝ նույնպես չկա։ Ասացի չէ, նախանցյալ տարի գնացի գյուղ ու, պատկերացնում ես, երկար մնալ չկարողացա։ Տանը նայելիս սիրտս մղկտում էր վշտից։ Քամին բակում թեթև օրորում էր ծառերը, թութը անխնա թափվում էր գետնին։ Անտերություն՝ մարդ չկար։ Չէ, չկարողացա մնալ։ Չդիմացա։

–Բոլորս աններելիորեն փախչում ենք գյուղից։ Թուրքերի ուզածն էլ հենց դա է, որպեսզի գնալով դատարկվի Ղարաբաղը… Ո՞ւմ ենք թողնում, չենք մտածում։

Բազմահարկ շենքի աստիճաններով բարձրանալիս Միքայելի սիրտը անհանգիստ խփում էր։ «Փոխվել է երևի, մտածում էր նա Արփինե Հունանյանի մասին, տեսնես կճանաչի՞»։ Հուզումը նրան ավելի պատեց, երբ Աշոտը սեղմեց դռան զանգը։

Չէր փոխվել։ Նույն բարի դեմքն ու աչքերի նույն բարի ու հարազատ նայվածքը։ Միայն չգիտես ինչու, Միքայելին նա անչափ փոքր թվաց։ Ոչ այնպիսին, ինչպես կար այն ժամանակ՝ տարիներ առաջ, երբ իրենց դասվարն էր։

Նա իսկույն ճանաչեց Միքայելին:

–Սա հո Միքայելն է,– ուրախադեմ բացականչեց նա, ձեռափերն իրար խփելով, անկարող զսպելու արցունքները։ Նա կարոտակեյզ փաթաթվեց Միքայելին։ -Թե իմանայիր ինչպես էի կարոտել քեզ, Միքայել։ Քեզ, բոլորիդ…

Սեղանի շուրջ Արփինե Հունանյանը շարունակ խոսում էր դպրոցից, իր աշակերտներից։ Բոլորին հիշում էր, հիշում էր նույնիսկ, թե տասերորդում ով ում հետ էր նստում նույն նտարանին։ Եվ այնպիսի խանդաղատանքով էր խոսում, որ Միքայելը մի պահ խղճաց նրան. «Ինքը բոլորիս մեկ-մեկ հիշում է, իսկ մենք… Ինչպիսի ամոթ…Չէ, այլևս այդպես չի լինի։ Աստված իմ, ինչքան քիչ բան է պետք, որ մարդ երջանիկ զգա իրեն։ Մի ջերմ նամակ, շնորահավորական մի բացիկ՝ ծննդյան օրը կամ տոն օրերին հերիք է, որ մարդ իրեն զգա երջանիկ։ Այսուհետև ես այդպես էլ կանեմ, մտածում էր նա, նամակներ կգրեմ, տոներին շնորհավորական բացիկներ կուղարկեմ, նոր լույս տեսած իմ գրքի առաջին օրինակը կուղարկեմ իրեն… Թող իմանա, որ չենք մոռացել իրեն, հիշում ենք, որովհետև նա մեզ համար ընդօրինակման իսկական տիպար է եղել, սովորեցրել է կյանքում ճիշտ ու ճշմարիտ ապրելու դժվարին արվեստը, մոր պես թանկ ու հարազատ է եղել մեզ համար։ Տղաներին կգրեմ, կխնդրեմ, որ իրենք էլ նամակագրական կապ պահպանեն»։