Выбрать главу

–Գյուղում լավ էր, ամառները քաղաքներից գալիս էին իմ սաները,– անսպասելի ասաց Արփինե Հունանյանը։ -Այցելում էին ինձ։ Պատահում էր, ինքս էի գնում նրանց մոտ, երբ լսում էի, որ եկել են, սիրտս չէր դիմանում… Ինչ անեմ, ես սրտից թույլ եմ,– ասաց նա, հետո ավելացրեց ներողամիտ ժպիտով։-Երբ դու զգում ես ցավը, ուրեմն կաս, ողջ ես, եթե ուրիշի ցավն ես զգում, ուրեմն մարդ ես։ Ես այդպես եմ մտածել միշտ։

–Մենք էլ ձեզ ենք հիշում,– ասաց Միքայելը։– Մի՞թե հնարավոր է մոռանալ։

–Շնորհակալ եմ…– գլխով արեց Արփինե Հունանյանը։ Բայց միտքը ուրիշ տեղ էր։– Մարդ չգիտի, թե տարիներն ինչպես են անցնում,– քիչ անց խոսեց նա։– Ահա քանի տարի է արդեն քաղաքում ենք։ Եվ ամեն անգամ, գիտես, սեպտեմբերի մեկին դուրս եմ գալիս փողոց, մայթին կանգնում։ Աշակերտները, ծաղկեփնջերը ձեռքներին իմ կողքով դպրոց են շտապում ու չեն էլ նկատում ինձ, իսկ իմ սիրտը մղկտում է հեռավոր հուշից։ Նրանք որտեղից իմանան, որ շուրջ երեսուն տարի, այդպես շտապելով, այդպես ուրախ ճռվողելով ինձ համար ծաղիկներ են բերել իմ սաները։

Գուցե Միքայելն ուրիշ անգամ անհարմար զգար, բայց հիմա, մի թեթև գինովցած, առանց քաշվելու, ափերի մեջ առավ իր ծերացած ուսուցչուհու չորուկ մատները, համբուրեց։

–Մենք բոլորս ձեզ պարտական ենք, ընկեր Արփինե,– խռպոտ ասաց նա։– Դուք մեզ շատ բան եք սովորեցրել, դուք, հիշում եմ, ասում էիք սովորեք ընդունել սեփական սխալները: Անհասկանալի իրավիճակներում, ասում էիք, ուղղակի պառկեք քնելու և միշտ հիշեք, որ դա էլ կանցնի: Նույնիսկ լուրջ վեճի ժամանակ, ասում էիք, մի վիրավորեք մարդկանց, ամենայն հավանականությամբ դուք կհաշտվեք, իսկ վիրավորանքը միշտ կհիշվի: Եվ որ կյանքում մարդիկ կարող են լինել հիմար ու կամակոր, չափից դուրս ինքնասեր ու նախանձկոտ, և որ, այնուամենայնիվ, ասում էիք, հարկավոր է կարողանալ ներել նրանց։ Սովորեցրել եք, որ եթե մարդ բարի է, նույնիսկ չափազանց բարի է ու անթերի ամեն ինչում, միևնույնն է, կգտնվեն մարդիկ, ովքեր կչարախոսեն ու կզրպարտեն նրան, կխեղաթյուրեն նրա մտքերը, սեփական շահն ու ագահությունը սքողելու նպատակով՝ վերագրելով նրան մեղքեր, որոնց մասին նա պատկերացում անգամ չունի։ Կյանքում հանդիպելով նման դիպվածների, հաճախակի, շատ հաճախակի եմ մտաբերել ձեր խոսքերը։ Եվ, չնայած այդ ամենին, ասում էիք, որ պետք է ձգտել մնալ բարի ու լուսմավոր։

–Այո, պետք է ձգտել դրան, – ավելացրեց Արփինե Հունանյանը։– Այդպես է, ամեն ինչ կախված է մեր գիտակցության զարգացման աստիճանից։ Մաքուր ու լուսավոր մարդը իր շուրջը տեսնում է միայն մաքուրն ու լուսավորը։ Ասել եմ, այո, նման բան ասել եմ, որովհետև այդ կարծիքին եմ եղել միշտ ու հիմա էլ այդ նույն կարծիքին եմ, որ ինչ էլ որ լինի, անհրաժեշտ է մնալ մաքուր ու ազնիվ։ Մաքրությունն ու ազնվությունը, Միքայել ջան, աստվածային շնորհ է ու այն չարժե սպասել էժանագին մարդկանցից։ Թող շուրջ բոլորը նախանձեն քեզ այն բանի համար, որ դու ոչ հարուստ ես, և ճոխ առանձնատուն ունես և ոչ էլ թանկարժեք մեքենա, բայց երջանիկ ես քո բարությամբ ու ազնվությամբ, քո անշահախնդիր վերաբերմունքով՝ հանդեպ բոլորի, ու պիտի միշտ ձգտես մնալ երջանիկ, և այդ ազնվությունը, բարությունն ու անշահախնդիր վերաբերմունքը, որ կան քո մեջ այսօր, շատ հավանական է, որ վաղը մոռանան մարդիկ, միևնույնն է, արա այդ լավությունը, տուր նրանց սրտիդ ջերմոթյունը, և այն մի օր կգա քո առաջ։

– Այլ կերպ ասած ,– ավելացրեց Միքայելը, – կյանքը հայելի է և ամեն ոք նրանում տեսնում է սեփական արտացոլումը։

– Այո ,– դարձյալ գլխով արեց ուսուցչուհին։– Մարդու արտաքին տեսքը ժամանակավոր է, այն աչք է գրավում սոսկ, այնինչ սիրտը գրավել կարող է միայն հոգին։ Դեմքի գեղեցկության համար կարող են սիրել կարճ ժամանակ, սակայն հոգու գեղեցկության համար՝ ընդմիշտ։ Այդպես է, հոգին է մշտական, – շարունակեց նա, – այն, ինչ մենք անում ենք մեր առօրյա կյանքում՝ լավ թե վատ, առաջին հերթին ոչ թե ուրիշներին, այլ հենց մեզ է պետք, ասված խոսք է՝ ինչ որ սերմանես, այն էլ կստանաս անխուսափելիորեն։ Ես կարծում եմ, որ երջանկության գրավականը դա է։ Չէ որ այդ երջանկություն ասածն այն բանի մեջ չէ, որ ինչ միշտ ուզում՝ այն էլ անում ես։ Երջանկությունը երբեք կախված չէ նրանից, թե ով ես դու կամ ինչ ես ներկայացնում քեզանից ու ինչ ունես։ Այն կախված է միմիայն այն բանից, թե ինչ ես մտածում, որովհետև ոչ մի մարդ երջանիկ չէ, քանի դեռ նա ինքն իրեն երջանիկ չի համարում։