Выбрать главу

–Չէի կարողանում։ Եթե կարողանայի, կգնայի։ Չէի մնա։ Թվում էր՝ տարիներ շարունակ որոնել էի քեզ ու գտել. Վախենում էի մի քայլ անգամ անել ու կորցնել… Թեկուզ ներքուստ անհանգիստ էի, ինչ-որ բանից վախենում էի, թե հատկապես ինչից՝ չէի հասկանում։ Բայց չէի գնում։Հիմա եմ հասկանում, որ ինձանից էի վախենում… Այս օրից… Եթե այն ժամանակ բաժանվեինք, հեշտ կլիներ…

Տղան լուռ էր։ երկար քայլեցին՝ ջրերի ճողփյունը ականջներում։ Ալիքները շարունակ խշշում էին։

Կինը նայեց ժամացույցին։

–Ուշ է,– շշնջաց նա։ -Գնանք… Հիմա կինոյից տուն կգան, պետք է ընթրիք տալ նրան…

Տղան նայեց նրան։

–Մի վիրավորվիր… Նրան ո՞վ պիտի ընթրիք տա։

Նա մոլեգնորեն նորից գրկեց կնոջը, համբուրեց նրա տաք, անհնազանդ շուրթերը։

Քիչ առաջ տղան ավազի վրա գրել էր.

''Ես խենթորեն սիրում եմ քեզ''։ Մազերը կարգի բերելիս, կինը տեսավ , որ ալիքը եկել, տարել է տղայի գրածը։

–Ամեն ինչ այսպես է,– տխուր ասաց կինը,– Կա ու չկա։– Հետո նայեց դեպի ծովը։ Ծովը խաղաղ էր, հանդարտ։ Նայեց ժայռակերպ սալ քարերին, հայացքով չափեց ծովափը, նայեց ժայռերին։ Այստեղ ամեն ինչ հարազատ էր նրան, և հիմա ինքը բաժանվում էր այդ բոլորից։ Կինը նայում էր տխրամած, ասես այստեղ նրա ողջ կյանքն էր անցել, և հիմա ընդմիշտ բաժանվում էր դրանից։

Քարքարոտ նեղ արահետով սկսեցին բարձրանալ դեպի ավտոբուսի կանգառ։ Օդում սև չղջիկներ կային։ Չղջիկները պտտվում էին նրանց գլխավերևը, թափով իջնում էին, քիչ էր մնում թևերով դիպչեին նրանց։

Տղան նայում էր սև չղջիկներին և մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ երևի ինչ-որ շատ հեռու արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից անդին, և հանդարտ պտտվում էին կապտավուն ջրերի վրա։

–Դու հիմա քո ճայերի մասին ես մտածում,– ասաց կինը։

–…

– Դու ճայերի սիրահար ես։ Ես դա գիտեմ։ Դու բանաստեղծություններ շատ ունես ճայերի մասին։

Տղան ուշադիր նայեց կնոջը, մթության մեջ կնոջ մազերը սև էին, այտերը թուխ էին, ամբողջ դեմքը թուխ էր։

–Եթե ես ճայերի սիրահար եմ, ապա սիրահար եմ նաև քեզ։ Դու նման ես գեղեցիկ ճայի,-ժպտաց նա։– Դու իմ թուխ ճայն ես…

Տղան մտածում էր այն մասին, որ երբեմն հարկ է լինում բաժանվել նրանից, ում սրտանց սիրում ես, որրպեսզի առաջվա նման սիրես նրան:

.

Աջ ձեռքով գրկած կնոջը, նրանք բարձրացան բանուկ արահետով, իսկ երբ երևաց կանգառը, տղան ասաց…

–Ես այստեղ կկանգնեմ, դու գնա, ծանոթներ կլինեն հանկարծ։– Տղան մատները քսեց կնոջ շուրթերին։– Մնաս բարով։ Ես քեզ երբեք չեմ մոռանա։ Երբեք-երբեք։

–Ես նույնպես։ Ես նույնպես չեմ մոռանա: Ես չեմ կարող մոռանալ, եթե նույնիսկ ուզենամ: Եթե նույնիսկ շատ ուզենամ: Աստված իմ, ամեն ոք կարող է տեսնել ինչ տեսք ունես, բայց ամեն ոք չէ, որ կարող է իմանալ, թե ինչ է կատարվում քո հոգու խորքում: Հավատա, լինում են րոպեներ, որ ապրել չես ուզում, այլ ուզում ես թախծել, միայն թախծել ու լալ, Ինչո՞ւ ես սիրեցի քեզ, ասա, ինչո՞ւ եմ սիրում,– կնոջ ձայնը դողաց, աչքերը լցվեցին արցունքով։– Ասա ինձ, ո՞ւմ համար է անտանելի ծանր՝ նրա՞, ով հեռանում է, թե նրա՞, որից հեռանում են:

– Նրա, ով խենթորեն սիրում է:

– Ես հեռանում եմ: Ինձ համար անչափ ծանր է, որովհետև խենթորեն սիրում եմ քեզ… Ապրիր և հիշիր։– Նա սեղմվեց տղային: Կինը չէր ուզում նրանից պոկվել։– Ուրեմն վե՞րջ, էլ չե՞նք հանդիպելու…– Նա այլևս չէր կարողանում պահել արցունքները։ -Գիտե՞ս, ամենից սարսափելին ոչ թե անփոխադարձ սերն է, այլ երբ այն փոխադարձ է, բայց դուք միասին չեք:

Հեռվում երևաց ավտոբուսը։

–Մի անգամ էլ հանդիպենք և վերջ,– հանկարծ ասաց կինը։

Տղան լուռ էր։

– Միայն մի անգամ։

–Լավ,– ի վերջո ասաց տղան։ Ուզում էր ասել. ''Ոչ'', բայց, ինքն էլ չիմացավ ինչպես, ասաց՝ ''Լավ''։

Կինը նայեց նրան լուսաշող աչքերով, շրջվեց, գնաց դեպի կանգառ։ ճանապարհին շրջվեց՝ մի անգամ ևս տղային նայելու, և ձեռքով հրաժեշտ տվեց։ Նա երևի ժպտաց մթան մեջ։

Ավտոբուսը գնաց։ Թուխ ճայը չկար։ Սպիտակ ճայերը չկային։ Տղան մենակ էր։

Ներքևում, ժազռաբեկորներից այն կողմ, երևում էր ծովը։ Ծովը համատարած սև ցել էր, և լուսինը շողշողուն արահետ էր կապել սև ցելերի վրայով… Ընկնես այդ արահետն ու գնաս, գնաս, գնաս…

===========

ԱՊԱՇԽԱՐԱՆՔ

Էլենն անշտապ ջրում էր տնամերձ փոքրիկ այգու վարդերը, որ նոր էին բացվել և արևածագի ոսկեձույլ շողերից հուրհրում էին ցանկապատի ողջ երկարությամբ: Այդ վարդերի թովիչ բուրմունքն էր կախված օդում:

Դեռևս երեկվանից, չգիտես ինչու, ներհակ մտքեր էին համակել նրան, իսկ թե ինչու՞ էին այդ մտքերը միանգամից պաշարել իրեն և առհասարակ ինչի՞ց սկսվեց դա՝ Էլենը հասկանալ չէր կարողանում: Ինչ-որ լավ բանի, թե՞ տագնապի զգացում կար ներսը, որ նա զանազանել չէր կարողանում: Տարտամ մտքերով համակված՝ նա մտածում էր այն մասին, որ կյանքը շատ ավելի կարճատև է, քան թվում է առաջին հայացքից, կարճատև, բայց նաև սքանչելի է, այն անսպասելիորեն ջերմացնում է անակնկալ կերպով, բայց և դաժան է երբեմն, և, այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի, մտորում էր նա, ինչպիսին էլ որ լինի՝ դա քո կյանքն է, վատ թե լավ՝ քոնն է, և ոչ մեկ ուրիշինը. оրդ ծիծաղով է անցնում, թե գիշերները վերմակի տակ պինդ փաթաթվում ես՝ կուչ եկած քո ներսից եկող ցրտից՝ ոչ մեկին չի հետաքրքրում,որովհետև, այո, դա քո՛ կյանքն է, քո՛ ճակատագիրը, որին ընդդեմ գնալ անկարող ես, մնում է հոժարակամ ու հլու կրես այն, ինչ գրված է քո ճակատին, ինչ քո ճակատագիրն է ի ծնե, և դու պարտավոր ես մինչև վերջ լռին տանել քո ծանր խաչը: Բայց չէ՞ որ երբեմն պատահում է և այնպես, որ այդ կարճատև կյանքում ժամանակը չի հերիքում հասկանալու, որ անվերադարձ կորցրել ես շատ կարևոր մի բան, որը քո ամբողջ կյանքի իմաստն էր կազմում: