Էլենն ուղղվեց, նայեց սարերի կողմը, ուր արևը երկինքն ի վեր բարձրացել, շռայլորեն ցոլցլում էր բարձր սարերի վրա: Եվ երկինքը մաքու՜ր-մաքուր էր, ասես լեղակած, և ամպի ոչ մի ծվեն չկար հորիզոնից հորիզոն փռված լաջվարդ երկնքում:
Այն հեռու ամռանն այդ դրախտային սարերում, ծաղկունքի մեջ կորսված բացատում մոշ են քաղել Գևորգի հետ, սիրո հաճոյական խոսքեր է շշնջացել նա իրեն, և այժմ, մտաբերելով այդ հեռավոր երանելի պահերը՝ բուրումնավետ սարերում, Էլենն ակամաբար ինքն իրեն նախանձում էր, որ այն ժամանակ Գևորգը՝ հանդուգն, գեղեցիկ, իրեն, գյուղի բոլոր աղջիկների մեջ հատկապես իրեն ընտրեց և ոչ ուրիշի:
Էլենը, հայացքը հեռավոր սարերին, դառը ժպտաց՝ հիշելով Գևորգի խոսքն այն մասին, որ ինքն ու Էլենը անտեսանելի կարմիր թելերով շաղկապված են իրար և կյանքում ոչինչ՝ ո՛չ ժամանակը, ո՛չ միջավայրն ու ոչ էլ հանգամանքներն ի զորու չեն բաժանելու իրենց:Այդ թելերը կարող են ձգվել, ասաց նա, ձգվել կամ խճճվել, բայց չեն կտրվի երբեք: Դա ասվեց քնքշալից համբույրներից հետո, այնուհետև իրենք վերստին համբուրվեցին, Էլենը դա հիմա հիշում էր սրտի անդիմադիր թրթիռով ու բաղձալի երանությամբ:
Միայն ինքը՝ Էլենն է մեղավոր ամեն ինչում: Սեփական մեղավորությունն ուրիշի վրա բարդելու գեշ զգացողությունը նա հեռու էր վանում իրենից: Ուրիշ ոչ ոք՝ միայն ինքը, ինքն է մեղավոր…
Այդ օրերին վերին թաղից Վարդուհին, որի հետ մի ամիս առաջ էին ավարտել տասներորդը, եկավ իր մոտ ու ասաց, որ Երևանում սովորող իր եղբոր երկու ուսանող ընկերների հետ գնում են Չըռչըռ աղբյուր՝ քեֆի: Իրեն էլ հրավիրեց: Գնալ չէր ուզում: Մանավանդ, որ Գևորգն այդ օրը չկար, շրջկենտրոնում նրանց հեռու բարեկամն էր մահացել, մոր հետ գնացել էին թաղման: Վարդուհին համոզեց, և նա ի վերջո համաձայնվեց գնալ:
Գյուղից երկու ուրիշ տղա ևս կային, որոնցից մեկը՝ Արսենը, նույնպես վերին թաղից, վաղուց սիրահարված էր իրեն: Գյուղում գիտեին այդ մասին, Գևորգն էլ գիտեր ու սարսափելի խանդում էր: Աստված վկա, իմանար, որ նա էլ պիտի լինի այնտեղ՝ Էլենը չէր գնա: Ինչպես հետո իմացավ, հենց Արսենն էր Վարդուհուն ուղարկել իր մոտ:
Այնուամենայնիվ, սքանչելի օր էր: Եվ խնդուն երգերն ու արտասանությունները՝ խորովածի կրակի շուրջ, և հաճելի եռուզեռը, և տղաների զվարճալի պատմությունները՝ ուսանողական կյանքից, և տնական գինու դուրեկան ազդեցությունը՝ այդ ամենը ախորժելի մթնոլորտ էր ստեղծել զով անտառակում: Իսկ երբ արդեն մութն ընկած տուն էին վերադառնում, և, ասես խոսքները մեկ արած, բոլորն առաջ էին ընկել, Արսենը հանկարծակի բռնեց Էլենի թևը ու մի տեսակ փոխված ձայնով ասաց.
–Էլեն, ինչու՞ ես այպես անտարբեր իմ հանդեպ…
–Ե՞ս,-ակամա դանդաղեցնելով քայլն ու ձեռքը տանելով կրծքին, անմեղորեն հարցրեց Էլենը:-Ամենևին, նման բան չկա, ինչու՞ է քեզ այդպես թվում:
–Չգիտեմ, թվում է և վերջ: Ավելի ճիշտ՝ չի թվում, այդպես էլ կա: Իսկ դու գիտե՞ս, որ ես վեցերորդ դասարանից եմ սիրում քեզ:
Էլենը մանր ծիծաղեց, նայեց Արսենին.
–Ինչպե՞ս:
–Շատ պարզ: Միշտ էլ դուր ես եկել ինձ… Նույնիսկ երբ հեռվից նայում եմ ձեր տան կողմը, սիրտս թրթռում է,– մի տեսակ ոգևորված ավելացրեց Արսենը:– Ուրիշները չգիտեմ ինչպես, ես էդ դասարանից եմ տարված քեզանով: Որովհետև դու իմ աչքին ամենասիրունն ես մեր գյուղում: Քեզնից սիրունը չկա: Երբեմն մարդ փնտրում է ամբողջ կյանքում ու չի գտնում այն, ինչ որոնել է, երբեմն էլ գտնում է մի օրում, ոնց որ ես այսօր…-Արսենը մի պահ լուռ էր, լուռ քայլում էին, ու նա աչքի տակով հմայված նայում էր Էլենին ու չէր հավատում ասես, որ ահա ինքը նրա հետ, միասին քայլում են խորհրդավոր ձայներով լեցուն այս մթին անտառով: Երբեմն ծառերի ետևից լողալով դուրս էր սահում լուսինը, երբեմն անհետանում ծառերի ետևում…
–Ես առաջին անգամ եմ քեզ հետ այսպես մոտիկ քայլում,-դարձյալ խոսեց Արսենը:-Առաջին անգամ է, ու առաջին անգամ է, որ քեզ հետ խոսում եմ այդ մասին ու գիտե՞ս, Էլեն, ես անսահման երջանիկ եմ այսօր… Ես ամեն ինչ կանեմ, Էլեն, որ դու երջանիկ լինես, բոլորի մեջ՝ բոլորից երջանիկըԷլենը կողքանց ուշադիր նայեց նրան: Նա Գևորգի մասին էր մտածում այդ պահին: Աստված իմ, եթե Գևորգը իմանար, թե հիմա որտեղ է ինքը այս ուշ ժամին, խանդից կպայթեր սիրտը, չէ՞ որ Էլենը շատ լավ գիտեր, թե ինչ խանդոտն է նա: Սակայն, չգիտես ինչու, իր համար հաճելի էր Արսենի սիրո խոստովանությունն այս մթին անտառում:
–Ես հարկավորական մարդ եմ այս գյուղում,-քիչ անց շարունակեց Արսենը,-բանակից եկել եմ թե չէ, իսկույն գործի եմ անցել, շրջկենտրոնում տրակտորիստի ու կոմբայնավարի կուրսեր եմ պրծել ու սաղն էլ գիտեն, որ վատ չեմ վաստակում: Բայց տես, անձնական երջանկություն չունեմ, որովհետև սիրված չեմ: Ամենաերջանիկը նա է, ում սիրում են, մանավանդ, երբ քեզ սիրում է նա, ում դու ես սիրում: Առանց սիրո կյանք չկա:– Արսենը քիչ հապաղեց, ասաց.– Լսել եմ, որ ուզում ես սովորել, բարձրագույն կրթություն ստանալ: Ճիշտ որոշում է: Կարելի է և հեռակա: Գիտեմ, բարձր գնահատականներով ես ավարտել միջնակարգը, աններելի է, որ չսովորես, ինստիտուտ չավարտես… Իմացիր, Էլեն, լավ իմացիր, որ ես ամեն ինչ կանեմ, որ դու երջանիկ լինես, բոլորի մեջ՝ ամենից երջանիկը:-Արսենը հանկարծակի կանգ առավ, հուզված ասաց.– մտածելով ապագայի մասին, չպետք է մոռանալ, որ պետք է վայելել նաև ներկան:– Նա Էլենին ձգեց դեպի իրեն, գիրկն առավ միանգամից: