Выбрать главу

–Պետք չէ,-դողդոջուն խնդրեց Էլենը,-Բաց թող, պետք չէ,_ նորից խնդրեց նա …

–Բա ասում ես անտարբեր չես, անտարբեր ես, Էլեն, անտարբեր ես,-թեթև վիրավորված արտաբերեց Արսենն առանց նրան բաց թողնելու գրկից:– Ես այսքան տարի սիրում եմ քեզ,-ավելացրեց նա խզված ձայնով, և Էլենին ավելի սեղմելով իր կրծքին, սիրատենչ շուրթերով գտավ աղջկա կիսաբաց շուրթերը… Նա ավելի մոլեգնորեն սկսեց համբուրել, զգալով, որ Էլենը ոչ միայն չի դիմադրում, այլև ակամաբար մղվում է դեպի իրեն:

Ինչու՞, ինչու՞ այդպես հիմար ու թեթևամիտ գտնվեց: Էլենը հիմա, տարիներ անց, խորը ափսոսանքով, դառնությամբ էր հիշում այդ ամենը… Նա հիշեց, թե ինչ եղավ հաջորդ օրը երեկոյան: Գևորգը եկավ գունատ, ասես բարձր ջերմության մեջ՝ դողում էր կատաղությունից: Նրա հարցը կտրուկ էր՝ իրո՞ք եղել է Չըռչըռ աղբյուրում և ճի՞շտ է, որ Արսենի հետ համբուրվել է անտառում:

Էլենի սարսափահար լռությունը նրան ավելի կատաղեցրեց:

–Ուրեմն ճիշտ է, ինչ պատմում են,– ասաց նա ատելությունից փայլկտող աչքերով,-դու մի օր անգամ չսպասեցիր ինձ, Էլեն, ուրեմն գնա քո Արսենի մոտ ու այլևս չերևաս աչքիս:

Ինքը, միայն ինքը, Էլենն է մեղավոր, ուրիշ ոչ ոք, իրավամբ, հիմա, տարիներ հետո, այդ օրերի մասին Էլենը մտածում էր մեղավորության խորը կսկիծով: Ինքը, այո, ինքն էր ամեն ինչում մեղավոր, իր պատճառով էր նաև, որ Գևորգը դիմեց զինկոմիսարիատ ու մի տարի շուտ մեկնեց բանակ՝ ծառայության: Նա նույնիսկ հրաժեշտ չտվեց իրեն:

Էլենն աչքով աչք չուներ Արսենին տեսնելու: Ընկերուհիներին արգելել էր նրա անունն անգամ տալ իր մոտ: Մինչ այդ ընդունվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժին, աշխատանքի ընդունվեց դպրոցի գրադարանում, մինչև կավարտեր ինստիտուտը: Դիրեկտորը խոստացել էր երրորդ կուրսից դասաժամեր տալ իրեն: Աշնանը, բերքահավաքից հետո նրան ուզելու եկան գյուղի կինոմեխանիկի համար: Կինոմեխանիկը, անունը նույնպես Արսեն, տեղացի չէր, շրջկենտրոնից էր եկել, բարեկամի մոտ, ներքին թաղամասում էր ապրում: Մոտիկից չգիտեր, չնայած մի երկու անգամ տեսել էր: Գովեցին՝ չի ծխում, չի խմում, հանգիստ, բարեսիրտ, լավ տղա է: Էլենի համար Գևորգից հետո  կարծես թե մեկ էր, թե ինչպիսին է նա՝ լավ, թե վատ, միևնույն էր իր համար: Առանց հարսանիքի, մի փոքրիկ կերուխումով ամուսնացան: Կոլտնտեսության օգնությամբ գյուղում երկու սենյակից բաղկացած՝ փոքրիկ պատշգամբով մի տուն կառուցեցին՝ անտառին կպած, և Էլենն ամուսնու հետ սկսեցին ապրել այնտեղ: Այնուհետև հեռակա կարգով ավարտեց մանկավարժական ինստիտուտը, դասավանդում էր ցածր դասարաններում: Դժգոհ չէր՝ լավ-վատ ապրում էին, շուտով տղա ունեցան: Միայն երբեմն Էլենը հանկարծակի հիշում էր Գևորգին, և սիրտր խորքից ծակում էր: Որտե՞ղ էր նա՝ ոչ ոք չգիտեր: Բանակից գյուղ չեկավ: Ոչ ոք չուներ գյուղում, պառավ մորաքույրն էր, նա էլ քոչեց Աբովյան՝ աղջկա մոտ, և տունը, որտեղ ապրում էին Գևորգն ու մորաքույրը, կոլտնտեսությունը կարտոֆիլի պահեստ դարձրեց: Իսկ Գևորգից՝ ոչ մի լուր: Միայն մի անգամ, մարտի 8-ի կապակցությամբ, Էլենը մի բացիկ ստացավ՝ առանց ստորագրության ու հետադարձ հասցեի, փոստի փոքրիկ, կլոր կնիքի վրա քաղաքի անունը՝ Լենինգրադ… Գևորգի ձեռագիրն էր, Էլենը ճանաչեց, ամբողջ օրը քայլում էր այլայլված, գրպանից չէր հանում բացիկը և չգիտեր, չէր կարողանում հասկանալ՝ այսքան տարիներ հետո Գևորգն ինչու՞ էր ուղարկել այդ բացիկը, ինչու՞ է տանջում իրեն: Իբր դա քիչ էր՝ գարնան սկզբներին ամուսինն ասաց՝ գնում եմ Ղազախստան՝ փող աշխատելու, հոկտեմբերին կգամ: Ու էն գնալն էր, չեկավ այլևս: Ասում էին, որ իբր այնտեղ գետում խորտակվելիս՝ ռուս մի կին փրկել, դուրս էր բերել գետից: Գյուղում կատակում էին, թե իբր այդ ռուս կինն ասել էր՝ ինձ համար եմ դուրս բերել: Ոնց որ ոսկե ձկնիկ, անունն էլ փոխել էր՝ Վասյա:

Առաջին երկու տարիներին երբեմն փող էր ուղարկում Կարագանդայի մարզից, հետո դա էլ կտրվեց: Հարևան-բարեկամ ասում էին՝ դատարան տուր, ալիմենտ որոշիր: Բայց Էլենը չէր ուզում: Պետք չէ ինձ նրա փողը,ասում էր նա, եթե ինքը չի ուղարկում, ուրեմն պետք չէ:

Էլենը ջրեց բոլոր թփերը: Արևի հուրհրացող շողերի հետ ասես միանգամից բացվեցին փակ կոկոնները, և վարդի բուրմունքը տարածվեց շուրջ բոլոր:

Կյանքս ինչու՞ այսպես անցավ,հառաչեց Էլենը,այսպես անիմաստ, փուչ: Հիմա ինքը կմտնի տուն, ճռռոցով կբացի տան դուռը, և նրան կդիմավորի կիսամութ սենյակների քար լռությունը: Եթե դու, իրոք, անտեսանելի կարմիր թելերով շաղկապված ես մեկին, ինչպես Գևորգն էր ասում այն ժամանակ , ով քեզ ստիպում է, որպեսզի դու քեզ զգաս երջանիկ, ուրեմն եղիր նրա հետ: Նրա հետ, ով ստիպում է ժպտալ և առանց որի մի օր անգամ դժվար է ապրել, ուրեմն պիտի աչքի լույսի պես պահպանել նրան, որպեսզի միշտ ժպտաս, լիաթոք ծիծաղես, քանի շնչում ես, քանի ապրում ես: Ինքը բաց է թողել երջանիկ ապրելու իր հնարավորությունը և դրանում ոչ ոք մեղավոր չէ իրենից բացի: