Չէ, ինքը հիմա տուն չի մտնի, կնստի պատշգամբում՝ նոր ելնող արևի ոսկե շողերի ներքո և ականջ կդնի, թե ինչպես են ներքևում, ալիք-ալիք թափառող արտերում քաղցրահունչ կանչում մարգարտալորն ու կաքավը: Հետո կմիացնի պատեֆոնը, և ձայնասկավառակը կպտտվի դանդաղ… Տխու՜ր, ցածրաձայն կերգի պատեֆոնը, և Էլենը նորից կհիշի անցած օրերը, հեռու դաշտերի վրա նստած մղեղի մեջ կօրորվեն դեղնած արտերը, և ինքն ու Գևորգը՝ անհոգ ու երջանիկ, կգնան արտերի միջով ընկած ցողաթաթախ արահետով…
Էլենը, մտաբերելով նախորդ օրվա իր խոստումը՝ կիրակի օրը պարապել իր աշակերտուհիներից մեկի, հարևանուհու աղջկա՝ Նունեի հետ, դուրս եկավ բակ և անկանոն աճած սալորենիների արանքով քայլեց դեպի ցանկապատ: Նա դեռ չէր հասել ցանկապատին, երբ հանկարծ ինչ-որ մեկի ձեռքերը, ինչպես երեխա ժամանակ, ետևի կողմից փակեցին Էլենի աչքերը՝ գուշակիր, ո՞վ է:
Չգիտես ինչու, Էլենը բոլորովին չբարկացավ: Մատներով դիպչելով նրա ձեռքին, նա հասկացավ, որ կանացի ձեռքեր չեն, կոպտորեն ասաց.
_Դեհ… բաց թողեք:
Տղամարդու կոշտ, տաք ձեռքերը չէին հեռանում:
Էլենն ակնթարթորեն հիշեց իր բոլոր ծանոթներին և չկարողացավ հասկանալ, թե ո՞վ էր այդպիսի հիմար կատակ անում իր հետ:
_Դեհ,-նորից ասաց նա ցածրաձայն, որպեսզի ոչ ոք չլսի, ձգտելով ետ քաշել տղամարդու ձեռքերը:
Ձեռքերը դանդաղ ետ գնացին: Եվ Էլենը…ոչինչ չասաց իր առջև կանգնած բարձրահասակ, պճնագեղ կուրտկայով լայնաթիկունք տղամարդուն: Նա սոսկ քարացած նայում էր:
–Տեր աստված,-դողացող ձայնով ասաց նա:-Այդ դու՞ ես…դու՞ ես…
Եվ Գևորգի համար անսպասելի, Էլենը հանկարծ փլվեց նրա կրծքին, սեղմվեց նրան և ցածր ու դառը արտասվեց:
Նրանք կանգնած էին այգու թավախիտ ծառերի տակ, օտար աչքի համար անտեսանելի:
Գևորգը մխիթարական խոսքեր չէր ասում, չէր հանգստացնում նրան, կրծքին սեղմած լուռ շոյում էր մազերը, իսկ Էլենը երկար ու անզուսպ արտասվում էր: Նա արտասվում էր իր խորտակված սիրո համար, ուրիշի աչքի համար աննկատ իր առաջին կնճիռների համար, անիմաստ, դատարկ անցնող իր օրերի համար, այն բանի համար, որ ինքը չի լվացել, արդուկել Գևորգի տաբատն ու ճերմակ վերնաշապիկը:
– Դե լավ,-ինչպես երեխայի՝ ասաց Գևորգը:-Հերիք է:
Ոչինչ, ասես, չէր փոխվել, ժամանակն, ասես, ետ էր դարձել՝ նույն արևն էր սարի վրա, ինչպես այն ժամանակ, նույն Սառնատուն լեռը, որից այն կողմ, կիսաթեք սարալանջին փռված խմհատում մոշ էին քաղում ու թռչունների դայլայլի տակ համբուրվում զով սարում:
Ասես մի քանի ամսով բացակայել ու կրկին վերադարձել էր Գևորգը, և Էլենն իրենն էր, ինչպես այն ժամանակ, տարիներ առաջ:
–Ինչպե՞ս ես,-վերջապես խաղաղվելով, ցածրաձայն հարցրեց Էլենը:– Ինչպե՞ս ես ապրում:
Ոչինչ չթաքցրեց Գևորգը: Պատմեց բոլորը: Ամուսնացել է, իր ընկերներից մեկի քույրն է, աղջիկ ունեն արդեն, մի չնաշխարհիկ գեղեցկուհի, անունը Մարինա:
–Վաղու՞ց եք այստեղ, շրջանում,-կիսաձայն հարցրեց Էլենը:
–Ոչ այնքան: Նոր ենք վերադարձել, շրջկենտրոնից ոչ հեռու, Ներքին Հոռաթաղ գյուղում ենք տեղավորվել: Սովխոզի դիրեկտորի հետ բանակում միասին ենք ծառայել: Նրա հրավերով եմ փոխադրվել Լենինգրադից, ճիշտն ասած, դա իմ երազանքն էր նաև՝ ապրել հայրենի Ղարաբաղում: Լենինգրադը հրաշք քաղաք է, բայց Ղարաբաղ չէ՝ ցուրտ, անձրևներ, խոնավ, ապրելու տեղ չէ: Ապրելու տեղն այստեղ է, մեր հայրենիքում: Ես վարորդ եմ աշխատում սովխոզում, նա մանկապարտեզում դաստիարակչուհի է…
Կնոջ անունը չտվեց, նկատեց Էլենը, այլ ասաց նա, չի սիրում ուրեմն, սիրեր՝ այդպես չէր արտահայտվի:
–Մի խոսքով, որոշեցինք գալ ու եկանք,-ասաց Գևորգը, քիչ դադար տվեց, ավելացրեց հոգոցով:– Երևի պատճառն այն էր նաև, որ ուզում էի մոտիկ լինել քեզ:
Էլենը սրտի արագացող բաբախյունով նայեց նրան: Քիչ ներքևում, անտառապատ ձորակում գեղգեղաց մի թռչուն, նրան ձայնակցեցին այս ու այն կողմից:
Տիրեց լռություն: Արտերում անդադար երգում էր կաքավը, նրա քաղցրահունչ կաղկղան մեկ լսվում էր շատ մոտիկ, մեկ թեթև հովի հետ հեռանում էր:
–Եկա քեզ տեսնելու,-նորից խոսեց Գևորգը: – Շատ էի ուզում տեսնել, գոնե հեռվից հեռու նայել: Այսքան տարի երևի չի եղել մի օր, որ կարոտով չհիշեի քեզ:
_Ինչու՞ հեռվից հեռու,– հենց այնպես, տխրամած ասաց Էլենը, հետո ավելացրեց քնքշաձայն,– գնանք տուն:
Ծառերի արանքներով ընկած տոփանված արահետով հասան բակ, բարձրացան պատշգամբ:
Նստեցին պատշգամբում, դեմ-դիմաց: Եվ ասես չգիտեին ինչից խոսել: Շփոթվում էին: Իսկ խոսելու այնքա՜ն բան կար:
Էլենը մտավ տուն, միացրեց պատեֆոնը: Այդ երգը դուր էր գալիս Էլենին, և նա ուզում էր, որ Գևորգը լսեր այն: Երգն այն մասին էր, որ կյանքը երբեմն սև է, երբեմն՝ սպիտակ , և որ մենք ժպտում ենք արևին և պարզում մեր դեմքը նրա ջերմ շողերին, իսկ երբեմն դնում ենք արևային ակնոցներ՝ փորձելով թաքնվել բոլորից: