Выбрать главу

  -Ես միշտ հիշել եմ քեզ,-կրկին ասաց Գևորգը:– Դու հիմա էլ հմայիչ ես, ինչպես այն ժամանակ: Ժամանակն անուժ է եղել դժգունելու քո գեղեցիկ դեմքն իմ մտապատկերում: Դու բոլորովին չես փոխվել, Էլեն:

_Դա միայն թվում է,-ցածր արտաբերեց Էլենը՝ կրկին անգամ կշտամբելով ինքն իրեն, որ այս ամենում ինքն է մեղավոր միայն ու մտովի երախտապարտ էր Գևորգին, որ չէր անդրադառնում դրան:– Դու քաղցած ես, երևի,– ավելացրեց նա: -Ես հիմա մի բան կպատրաստեմ: Ամենահեշտը ձվածեղն է, ձվածեղ կպատրաստեմ: Ես շատ համով եմ պատրաստում, քեզ դուր կգա,-ժպտաց նա:

Լիներ, այնպես լիներ՝ միասին լինեին, Էլենը դպրոցից գար, Գևորգը ժպիտով դիմավորեր նրան, միասին նստեին ընթրիքի, խոսեին, ծիծաղեին, կիրակի օրերը միասին գնային անտառ, քայլեին ծանոթ արահետներով, որ հիմա երևի կորել են խոտերի մեջ:

Ծուռ էր դրված մեր սիրո տան հիմնաքարը, ինքն իրեն տխրությամբ մտածում էր Էլենը, դրա համար էլ երկար չկանգնեց, փուլ եկավ:

_Իսկ ես քո մասին ամեն ինչ գիտեմ,– երկար լռությունից հետո շրջվելով Էլենի կողմը՝ անսպասելի ասաց Գևորգը:– Հետաքրքրվել եմ:

– Ճի՞շտ,– սիրո անդիմադրելի մղումով ասաց Էլենը:-Ինչպե՞ս:

–Ձեր հեռու մի բարեկամ մեր սովխոզում է աշխատում: Միշտ հարցնում եմ քո մասին: Նա ասաց, որ փոքրիկ տղա ունես:

–Այո, մերոնց մոտ է: Կիրակի օրերին մորս մոտ է մնում: Արդեն մեծ տղա է,– թախծալից ժպտաց Էլենը:

–Ձերոնք ո՞նց են:

–Ոչինչ: Ծերացել են: Իրենք ասում են՝ արի մեզ հետ ապրիր, մենակ ենք, ես ասում եմ դուք եկեք: Ոչ իրենք են գալիս, ոչ ես եմ գնում: Այդպես ապրում ենք:

Քիչ հետո սեղանը պատրաստ էր:Էլենը գինի դրեց սեղանին, բաժակներ բերեց:

Տնամերձ այգում անընդմեջ ճկճկում էր դեղնաթև անաջը: Տրակտորի հռնդյուն լսվեց, հետո մարեց:

Պատշգամբի բաց լուսամուտներից թափանցող արեգակի կենարար շողերի ներքո նստել էին նրանք՝ Էլենն ու Գևորգը, զրուցում էին անցած օրերի մասին:

Նրանք կարող էին այդպես նստել ժամերով, օրերով, նրանք այնպե՜ս էին կարոտել իրար, և խոսելու այնքա՜ն բան կար:

<<Հիշու՞մ ես>>,– ասում էր Էլենը:<< Իսկ դու հիշու՞մ ես>>,– ասում էր Գևորգը:

Ինչքա՜ն է փոխվել, աստված իմ,մտածում էր Էլենը,-քունքերը լրիվ ճերմակել են: Չէ, չի սիրում կնոջը: Եթե սիրեր, այդպես շուտ չէր ծերանա:

–Դե, ես գնամ,– Գևորգը ձեռքը դրեց Էլենի ձեռքին, մի պահ կարոտանքով նայեց նրան, ելավ տեղից:– Ընկերոջ հետ եմ եկել,– ասաց նա, -բեռ էր բերել այստեղ, ու որոշեցի նրա հետ գալ, տեսնել քեզ: Եվ շատ եմ ուրախ, անասելի ուրախ եմ, որ եկա ու տեսա ու կրկին անգամ հմայվեցի քո անանցողիկ գեղեցկությամբ ու հմայքով… Թե իմանաս ինչքան երջանիկ եմ, որ եկա ու տեսա քեզ, Էլեն,– շարունակեց նա նույն հուզումնալից տոնով:– Ամեն ինչ վերհիշեցի, ամեն-ամեն ինչ, ես քեզ առավել սիրեցի, Էլեն, որովհետև, ասացի քիչ առաջ, ես քեզ երբեք չեմ մոռացել: Չգիտեմ նույնիսկ, թե այսուհետև ինչպես պիտի ապրեմ առանց քեզ… Լավ է չտեսնեի: Ամեն ինչ տակնուվրա եղավ իմ մեջ:

Էլենը ոչինչ չէր գտնում ասելու: Մեղավորության զգացումը չէր թողնում նրան որևէ բան ասելու: Միայն լսում էր լուռ՝ ձգտելով չարտասվել:

Նրանք իջան աստիճաններով՝ Գևորգը առջևից, Էլենը ետևից: Կողք-կողքի, լռելյայն գնացին մինչև բակի ծայրը: Նրանց ստվերները իրենցից առաջ անցան ցանկապատի վրայով:

– Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ,– կրկին խոսեց Գևորգը:– Ես դեռ սիրում եմ քեզ,– խզված ձայնով ասաց նա՝ ձեռքը սահեցնելով Էլենի շեկ, ասես ոսկե ջրի մեջ լվացած մազերի վրայով:– Գուցե ավելի, քան առաջ:

–Գնա,-հանկարծ ետ քաշվելով, ցածր ասաց Էլենը՝ աչքերը չբարձրացնելով գետնից:

Գևորգը արագ շրջվեց ու, առանց ետ նայելու, գնաց դեպի ներքևի թաղամաս, ուր նրան սպասում էին:

Էլենը երկար նայում էր նրա ետևից: Ինչ-որ ամայություն, դատարկություն էր իջել նրա հոգուն, և Էլենը հազիվ էր զսպում իրեն, որ լաց չլինի: Սպասեց, միչև ճանապարհն ակումբի մոտ թեքվելով՝ կորավ տների ետևում: Գևորգն այլևս չէր երևում:

Հետո գնաց տուն, երկար ժամանակ չգիտեր ինչ էր անում: Մի իրը վերցնում, մի ուրիշ տեղ էր դնում և չգիտեր, թե ինչու: Հետո հանկարծ ընկավ մահճակալին և զսպված հեկեկանքով լաց եղավ: Ամեն մարդ ուզում է երջանիկ լինել,մտածում էր Էլենը, ծնվել է երջանիկ լինելու համար, աստված մարդուն հենց դրա համար է ստեղծել, իսկ ինքն անմիտ ու թույլ գտնվեց, և Արսենը, օգտվելով դրանից, դիտմամբ պատմեց բոլորին իր այդ հիմար համբույրի մասին, քաջ գիտենալով, որ Գևորգը չի ներելու Էլենին:

Ամեն ինչ կազմակերպված էր, ինքը դա հետո իմացավ, բայց ուշ էր արդեն: Պարզվում է՝ սխալ գործելու համար մի ակնթարթն անգամ հերիք է,այն ուղղելու համար մի ամբողջ կյանքն էլ քիչ է: Չիմացավ ու չուզեց հասկանալ, որ ինքը երջանիկ կարող էր լինել միայն Գևորգի հետ, չուզեց, դրա համար էլ, ինչպես բոլոր մեծ երջանկությունները, կարճ տևեց և իր երջանկությունը:

Գևորգն իրենն էր, Էլենինը, իր համար էր աշխարհ եկել, իրեն հասկանալու, սիրելու համար և ինչպես էր հիմա Էլենն ատում Գևորգի կնոջը, այդ անծանոթ, ուրիշ կնոջը, ով իրենից խլեց Գևորգին, տիրացավ: Որովհետև, եթե նրան չպատկաներ, Գևորգը ետ կգար գյուղ, մի՞թե մի հիմար համբույրի համար նա կխորտակեր իրենց անբիծ սերը: Չէ՞ որ ինքը՝ Գևորգն էր ասում, որ ինքն ու Էլենը անտեսանելի կարմիր թելերով շաղկապված են իրար,և կյանքում ոչինչ՝ ոչ ժամանակը, ոչ միջավայրն ու ոչ էլ հանգամանքները ի զորու չեն բաժանելու իրենց: Այո, նա է մեղավոր, ինքն իրեն համոզում էր Էլենը՝ մտովի նախատելով Գևորգի կնոջը, որը նույնիսկ չգիտի, որ այս անիմաստ աշխարհի երեսին կա մեկը՝ բոլորի կողմից լքված ու մենակ, և որին այն հեռու տարիներին սիրել է Գևորգը: Ինչու՞ պատահեց, աստված իմ, ինչու՞, Գևորգն ինչու՞ պատահեց այդ կնոջը: