Ծառերի ստվերները երկարել էին: Օրն անցնում է՝ մտածեց Էլենը և գնաց մոր տուն՝ Արայիկին բերելու: Եվ մոր տուն գնալիս, և այնտեղից վերադառնալիս Էլենին շարունակ թվում էր, թե բոլորը գիտեն Գևորգի այցելության մասին և ինչ-որ կասկածանքով են նայում իրեն: Նա ավելի շփոթվեց, երբ ճանապարհին մտավ խանութ՝ շաքարավազ գնելու, և գործակատար Հրանտիկը՝ ժպտալով ու աչքով անելով խանութում կանգնած կանանց, ասաց. <<Էլենին առանց հերթի եմ բաց թողնում, իսկ թե ինչու՝ որ սպանեք էլ, չեմ ասի, գաղտնիք է>>:
Մոռացավ շաքարավազ առնել, ակամա հարցրեց. <<Լուցկի ունե՞ք>>: <<Քեզ համար կճարվի>>,-արձագանքեց այդ շողոմքոր ու քսու Հրանտիկը: Եթե խանութը լիքը լիներ անգամ այդ ապրանքով, Հրանտիկի անփոփոխ արտահայտությունը կա ու կա՝ քեզ համար կճարվի:
Խանութից դուրս գալիս Էլենին թվաց, թե կանայք շրջված նայում են իր ետևից, և երեսն սկսեց այրվել:
…Օրը սովորական էր՝ լցված բազում հոգսերով: Կեսօրին հորդ անձրև տեղաց, հետո գեղեցկագույն ծիածանը երկինք ու երկիր շաղկապեց իրար: Եվ երկինքը մաքու՜ր-մաքուր էր, ամպի ծվեն չկար մինչև ուշ երեկո:
Արևը գնաց, կանգ առավ Կըղնախաչ սարի վրա, իր ոսկեձույլ տեսքով մնաց այդպես կանգնած, հետո հանկարծակի մայր մտավ, երկինքը աղոտացավ՝ ներկվելով բազմերանգ գույներով՝ մաքուր ոսկուց սկսած մինչ փիրուզ: Մոտիկ անտառում անդադար կանչում էր գիշերահավը, հետո սկսեց իջնել աղջամուղջը և այս ու այնտեղ , երկնքի հեռու խորքերում, առկայծեցին առաջին աստղերը:
Էլենը քնացրեց թմբլիկ, ծանր ու տաք Արայիկին, մի քանի էջ կարդաց Քամյուի <<Օտարականը>> վեպից: Քունը չէր տանում: Դուրս եկավ պատշգամբ, կանգնեց բաց պատուհանի առջև:
Խոնավության մեղմ շունչ կար օդում:
Էլի անձրև է գալու, նայելով սևակնած երկնքին, մտածեց Էլենը ու ամեն օրվա պես դարձյալ մտածեց Գևորգի մասին: Ինչու՞ եկար այն օրը, Գևո՛րգ,– մտովի շշնջաց նա, հին մորմոքներն ինչու՞ արթնացրիր նորից…
Քիչ հետո կայծակը փայլատակեց մութ երկնքում: Դղրդյունը գլորվելով գնաց անտառների վրայով: Եվս մի քանի րոպե, և անձրևը սկսեց թմբկահարել տանիքի թիթեղը: Ցնցվում, ալեկոծվում էր գիշերը, մեկ հանկարծ բացվում էր սպիտակավուն հրով, մեկ սեղմվում անթափանց խավարի մեջ: Խոնավ հողի զովասուն հոտի հետ թաց տերևների ու չորացած եղինջի բույր էր բերում սառը հովը:
…Գևորգը եկավ կեսգիշերին: Անձրևը վաղուց կտրվել էր, երկինքը՝ պարզվել, լուսինը անկաշկանդ սահում էր աստղերի միջով ընկած ճանապարհով: Գևորգը երկար, ցածր ծեծում էր դուռը:
Էլենը աչքերը բաց արեց խավարի մեջ, վախեցավ: Ո՞վ է,վախվորած մտածեց նա,ո՞վ կլինի այս կես գիշերին:
Դուռը նորից ծեծեցին:
Էլենը մոտեցավ լուսամուտին և տեսավ նրան՝ կանգնած դռան ետևում, լուսնալույսի տակ: Եվ չհավատաց աչքերին:
–Գևո՞րգ,-արագ դուրս գալով պատշգամբ, ասաց նա, հազիվ զսպելով արցունքները:– Արի: Բարձրացիր: Բա՞ն է պատահել:
Գևորգը դանդաղ բարձրացավ աստիճաններով։ Լրիվ թրջված էր։
–Անձրևի տակ եմ ընկել-մի բան ասած լինելու համար, ասաց նա։-Վարար անձրև էր։
Ամուսնու շորերից կար, Էլենը իսկույն բերեց։
–Մտիր սենյակ, փոխիր, կմրսես,-քնքշանքով ասաց նա։-Ես ուտելու բան կպատրաստեմ հիմա։
–Պետք չէ, Էլեն։-Գևորգը հանեց կուրտկան։-Չի թափանցում, նայիր, շորերս չոր են։– Նա նստեց բազմոցին։-Ուտելու համար նույնպես մի անհանգստա։
Գևորգը նստեց։ Նորից ելավ։
–Որևէ բա՞ն է պատահել,-մի տեսակ վախվորած տարակուսանքով հարցրեց Էլենը:
–Էլեն, հասկանու՞մ ես,-ցածրաձայն սկսեց նա ու լռեց, ասես հարմար բառեր չգտնելով շարունակելու միտքը:
Էլենը ուշադիր նայեց նրան:
–Ես ընդմիշտ եկել եմ քեզ մոտ,– միանգամից ասաց Գևորգը՝ խոր շունչ քաշելով:– Որովհետև չեմ կարող այլևս,-աչքերը հատակից չբարձրացնելով՝ շարունակեց նա կամացուկ:– Որովհետև առանց սիրո դծվար է ապրել: Որտեղ սեր չկա՝ երջանկություն չկա այնտեղ:
Էլենը լուռ էր:
–Նրան ասե՞լ ես,-վերջապես հարցրեց Էլենը:
Գևորգը գլուխը օրորեց:
–Ոչ,– ասաց նա:-Նամակով կհայտնեմ: Ասել եմ գործով Ստեփանակերտ եմ գնում… Եվ ահա թե որտեղ եմ…
Էլենը ոչինչ չէր կարողանում ասել:
–Գնամ թեյ դնեմ,– ասաց նա և դուրս եկավ բակ՝ օջախը վառելու: Աստված իմ, շշնջում էր Էլենը,մի՞թե սա չէ երջանկությունը… Նա եկել է, նա սիրում է դեռ… Իրավ, սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա՝ երջանիկ լինելու համար: Նա վառեց կրակը, թեյնիկը ջրով լցրեց, դրեց եռոտանու վրա: